«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԱՆՔ Է ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանըՙ դատավոր Եվա Դարբինյանի գլխավորությամբ սկսեց 20.12.2011 թ. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշման դեմ ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանից ներկայացված վերաքննիչ բողոքը: Սփյուռքահայ Էդմոնդ Խուդյանը Երեւանում հիմնում է «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ, եւ իրեն է պատկանում ընկերության 61,1 տոկոս բաժնեմասը: Ընկերության տնօրեն է հանդիսացել Էդուարդ Եսայանը: Որպես ֆիզիկական անձ, Էդ. Խուդյանը Մաշտոցի պողոտայի վրա կառուցել է բազմաբնակարան շենք եւ փոքր շինություն ինչպես իր, այնպես էլ իր ազգականների գումարներով (թվով 12 սփյուռքահայ): Նրանց հետ կնքելով նախնական պայմանագրերՙ շենքը լրիվ կառուցելուց հետո այդ տարածքները (ըստ պայմանագրի) կփոխանցվեն այդ անձանց: Սակայն պարզվում է, որ տնօրենը, մասնավոր համաձայնության գալով մի շարք անձանց հետ, առանց շինարարական աշխատանքներ կատարելու, մի քանի միլիոն գումար է փոխանցել այդ շինարարական կազմակերպությանը: Երբ գումարները չեն բավարարում շենքը կառուցելուն, սկսում են վաճառել տարածքները մեկ այլ գնով, իսկ պայմանագրում նշում մեկ այլ գին: Բազմաթիվ խախտումներ Էդ. Խուդյանի ներկայացուցիչ փաստաբանները հիմնավոր փաստերով ներկայացրին ու դատարան ներկայացված բողոքով պահանջում են շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարի չափով պատճառված վնասի համար իրեն տուժող ճանաչել, որից հետո նրանք արդեն կկարողանան ներկայացնել իրենց մոտ եղած շատ ապացույցներ:

Դատավոր Եվա Դարբինյանը դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանից եւ նախաքննության մարմնի քննիչ Տիգրան Հարությունյանից պահանջեց երեք կարեւոր փաստաթուղթՙ ով է դիմել սնանկ ճանաչել ընկերությանը, ընկերության կանոնադրությունը, որով հիմնավորված կլինի բաժնետերերի պարտականությունները, նրանց հետ կնքված պայմանագրերը: Քանի որ այդ փաստաթղթերը ներկայացված չէր քննչի կողմից, դատավորը դատը հետաձգեց մինչեւ փետրվարի 6-ը:

Նիստից հետո ինտերնետի ուղիղ կապի միջոցով հնարավոր եղավ Էդմոնդ Խուդյանի հետ զրուցել ու նաեւ ստանալ որոշ հարցերի պատասխանները: Ողջ դատական նիստի ընթացքին պրն Խուդյանը հետեւում էր ԱՄՆ-ում, եւ «Ազգի» այն հարցերին, թե գո՞հ է դատական ընթացքից, որտե՞ղ է թաքնված իսկությունը, արմատները ո՞ւր են տանում, ասաց. «Իմ նկատմամբ ճիշտ որոշում չի կայացվել, եւ այսպես շարունակելով ի վերջո իրենք չեն կարողանա տալ ինձ որպես տուժող ճանաչելու վճիռը: Խնդիրն, իմ կարծիքով, այն է, որ շենքում բազմաթիվ պաշտոնատար անձինք ձեռք են բերել բնակարաններ, եւ նրանց քողի տակ հնարավորություն չի տրվում, որ արդարությունը բացահայտվի կամ քրեական միտումը բացահայտվի: Դեռեւս այդ պատնեշը կա, դրանք նպաստում են, որպեսզի չբացահայտվի այս ամենը»:

«Ազգի» այն հարցին, թե կարո՞ղ է թվել իրեն հայտնի պաշտոնատար անձանց անունները, պրն Խուդյանն ասաց. «Հայտնի են Լեւոն Սարգսյանը, ոստիկանապետի օգնականներից մեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անմիջական կապ են ունեցել Վլադ Մանգասարյանի հետ, եւ ինձ թվում է, որ նրանք աջակցում են Վլադ Մանգասարյանին, Ղեւոնդ Ղալումյանին, Էդուարդ Եսայանին, որպեսզի այդ գործում բացահայտումներ չլինեն: Իսկ ձեր այն հարցինՙ այսօրվա նիստից գո՞հ եմ, ասեմ, որ ես դեռ որոշումը չգիտեմ: Իհարկե, իմ ներկայացուցիչ փաստաբաններից շատ գոհ եմ, որոնք հրաշալի ներկայացրին իմ պահանջը: Սպասենք ու տեսնենք, թե ինչ եզրահանգման կգա դատավորը»:

«Ազգը» խնդրեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանինՙ պարզաբանել, թե ի վերջո ում բողոքի հիման վրա է հարուցվել քր. գործը, քանզի հնչեցին իրարամերժ կարծիքներ դատախազի, քննիչի եւ փաստաբանների կողմից: «Դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը այն փաստերը, որ ներկայացրեց, գործում առկա չեն, որ իրականում Էդմոնդ Խուդյանն է դիմել, որպեսզի իր հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցվի: Ճիշտ է, քր. գործը հարուցվել է «Կանխամտածված սնանկության» հիմքով, բայց մենք ունենք փաստեր, որ սնանկությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ շուրջ 7 միլիոն դոլլար գումար յուրացրել են ընկերությունից, եւ ընկերությունը չունենալով արդեն գումարներՙ երրորդ անձանց առջեւ պարտավորություններ կատարելու, գնացել է սնանկության: Այսինքն սնանկությունը հետեւանք է կատարված հանցագործության: Մենք ունենք զորեղ փաստաթղթեր, որոնք կեղծվել են: Դա շուրջ 2 միլիոն դոլարի վերաբերյալ փոխառության պայմանագիր է, իբր Էդմոնդ Խուդյանը 2 միլիոն դոլար ստացել է այդ ընկերությունից, եւ այսօր այդ ընկերությանը դիմել է դատարան այդ գումարը հետ ստանալու պահանջով: Փաստաթղթերը, պայմանագրերը ակնհայտ կեղծ են, գումար ստանալու փաստաթղթերի ստորագրությունները կեղծ են: Մենք դա փաստում ենք նաեւ այլ ապացույցներով, եւ համոզված ենք, որ պետք է շուտափույթ (Խուդյանին) ճանաչեն տուժող իրական փաստերի հիման վրա, որոնք փոխել հնարավոր չէ, ու դրանք ներկայացված են դատարանին»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4