«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


«Orange-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԻ ՆՈՒՅՆ ԴԵՄՔՆ ՈՒ ՁԵՌԱԳԻՐԸ, ԻՆՉ ՄՅՈՒՍ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ»

Ասաց Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի փոխնախագահ Բենուա Շինը

Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը , որն առաջին անգամ է Հայաստանում եւ ժամանել է ծանոթանալու Orange Արմենիայի աշխատակիցների հետ եւ ընկերության 2011 թվականի արդյունքներին, ինչպես նաեւ քննարկելու 2012 թվականի նպատակներն ու պլանները, հանդիպում ունեցավ հայ լրագրողների հետ:

«Երջանիկ եմ լինել Հայաստանում, որը Ֆրանս Տելեկոմի ներկայության ամենաարեւելյան երկիրն է եւ ունի փոքր, սակայն շատ դինամիկ շուկա: Ուրախ եմ տեսնել, որ Orange-ը Հայաստանում ունի նույն դեմքն ու ձեռագիրը, ինչ մյուս եվրոպական երկրներում, եւ աշխատանքում հիմնվում է եվրոպական արժեքների վրա, Orange-ի արժեքների վրա: Հայաստանը շատ կարեւոր երկիր է Orange-ի աշխարհագրությունում, եւ ընդամենը երեք տարում միայն որպես կապիտալ ներդրում կատարված 186 միլիոն եվրոն ասվածի ամենաառաջին վկայությունն է: Orange Արմենիան նաեւ մեծապես ներգրավված է երկրի հասարակական եւ մշակութային կյանքում, ինչն արտացոլում է մեր նվիրվածությունն այն երկրին, որտեղ բիզնես գործունեություն ենք ծավալում», ասաց Բենուա Շինը:

Խոսելով նոր տարվա պլանների մասին` նա նշեց, որ ընկերությունը շարունակելու է աշխատանքը հատկապես սպասարկման եւ բաժանորդների նկատմամբ հոգատարության ուղղությամբ, ինչպես նաեւ ներդնելու է նոր ծառայություններ` խրախուսելով մուլտիմեդիայի եւ շարժական ինտերնետի օգտագործումը: Բենուա Շինը նաեւ նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում մինչեւ 42 Մբ/վ արագությամբ առաջարկի մեկնարկի հաջորդ օրը, ինչը տեխնոլոգիական մեծ քայլ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ Orange-ի ողջ աշխարհագրությունում:

Օրվա երկրորդ կեսին Բենուա Շինը հանդիպեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4