Ժամանակակից հայ կերպարվեստի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ու դեր ունի 1960-ականների արվեստը: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ երիտասարդ ստեղծագործողները փորձում էին դուրս գալ հայ կերպարվեստում ձեւավորված եւ կարծրացող ավանդական մտածողությունից, նոր խոսք ասել արվեստում: Հենց այդ ընթացքում ասպարեզ եկան Ռոբերտ Էլիբեկյանը, Արա Շիրազը, Էդվարդ Խարազյանը, Յուրի Պետրոսյանը, Ռուբեն Ադալյանը, Մարտին Պետրոսյանը, ովքեր, պահպանելով ազգային արվեստի լավագույն ավանդույթները, կարողացան թարմություն հաղորդել կերպարվեստին, նոր գեղանկարչության սկիզբը դրեցին: Այդ սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է Սամվել Պետրոսյանը:
Ծնվել է 1941 թվականին, Երեւանում, սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում` աշակերտելով ճանաչված մանկավարժ-գեղանկարիչ Մկրտիչ Քամալյանին: Ուսման տարիները այս հաստատությունում որոշակի նշանակություն են ունեցել երիտասարդ նկարչի աշխարհայացքի ձեւավորման մեջ: Հետագայում ավարտեց Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչական բաժինը: Ինստիտուտի տարիների մասին խոսելիս, նկարիչը երախտագիտությամբ է հիշում իր սիրելի դասախոսին` Էդվարդ Իսաբեկյանին, ում հետ մտերմությունը շարունակվեց նաեւ հետագա տարիներին:
Ս. Պետրոսյանը առաջին անհատական ցուցահանդեսը բացեց, երբ դեռ ուսանող էր, 1965 թվականին: Նրա առաջին աշխատանքները` «Հորս դիմանկարը», «Ղրիմի հայկական եկեղեցին», «Ուսանողուհու դիմանկար», «Սպենդիարյանի հիշատակին», «Բնորդուհի», «Գայանե վանքը», «Տեսարան մատենադարանից» (1957-67 թթ) եւ այլն, կատարված են թղթի վրա, խառը տեխնիկայով: Դրանցից լավագույնը կարելի է համարել «Հորս դիմանկարը» (1962): Հեղինակը ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է պատկերվողի դիմագծերին, որոնց վրա անջնջելի հետք է թողել անցյալում ապրած դժվար կյանքը: Լակոնիզմը, կատարման տեխնիկայի զուսպ ձեւերը հրաշալիորեն են ներդաշնակվում գործի բովանդակությանը:
Իր ստեղծագործական կյանքի ամբողջ ընթացքում գեղանկարիչը փնտրել է արտահայտչական նոր ձեւեր, եղանակներ, կատարելագործել է իր արվեստը, աշխատել ամենատարբեր նյութերով` յուղաներկ, ակրիլ, խառը տեխնիկա եւ այլն: Ինքնատիպ մտածողությամբ հատկանշվող նրա արվեստը ուշագրավ է նաեւ թեմաներով:
Թռչունի թեմային Ս. Պետրոսյանը առաջին անգամ դիմեց 1972 թվականին, Մոսկվայում: Սերը դեպի հայրենիքը արտահայտվեց կարոտ խորհրդանշող թռչունի կերպարով: Ինքը` արվեստագետը խոստովանում է, որ այդ թեման իրեն զբաղեցրել է հատկապես այն ժամանակ, երբ գտնվել է հայրենիքից հեռու, օտար երկրում: Նկարչի կտավներում բացառիկ սիրով ու գուրգուրանքով են ներկայացված թախիծ, կարոտ, հույս, ընտանեկան սրբություններ խորհրդանշող թռչունները` արագիլները, կռունկները: Այդ աշխատնքները դիտողին հուզում են իրենց մաքուր զգացումների խորհուրդներով, բանաստեղծական շնչով, երաժշտականությամբ: «Դեպի երկիր» կտավում վեհաշուք Արարատի համապատկերին, հայկական դաշտերի վրայով թեւատարած ճախրում են թռչունները` շտապում օտար ափերից տուն վերադառնալ: Հայրենի երկրի բնությունն ու գույները դարձել են Պետրոսյանի նկարների նյութն ու բովանդակությունը` բարձր լեռներ, կապույտ երկինք, գյուղական տեսարաններ, հրաշալի բնապատկերներ:
Ուշագրավ են հատկապես «Գարուն», «Նորավանքի կարմիր ժայռերը», «Ապարան», «Խոսրովի սարը Գառնիից», «Ախթալայի ժայռերը», «Շորժա» եւ այլ գործերը: Դրանցում ակնհայտ են գեղանկարչի արտահայտչալեզվի ինքնատիպությունը, գունային համարձակ լուծումները: Ս. Պետրոսյանի գործերին հատուկ է կառուցվածքի պարզությունը: Ազատ վրձնահարվածի խաղը կտավի հարթության վրա ստեղծում է հավասարակշռություն, ներքին շարժում: Գեղանկարչի սիրած թեմաներից է Սեւանա լճի պատկերումները: «Կարմիր ձիեր Սեւանի ափին», «Սեւանա կղզին Ծովագյուղից», «Շորժայի ափերը», «Ձիերը լճի ափին», «Սեւանը Շորժայից» եւ այլ կտավներում զարմանալի դիտողականությամբ է որսացել Սեւանին բնորոշ տեսարանները եւ տվել դրանք նուրբ գունագծերով: Նրան հուզում են նաեւ լճի էկոլոգիական խնդիրները, որոնց անդրադարձել է «Ափ նետված ձկներ» խորագիրը կրող շարքով:
Իր քնարականությամբ, պարզ ու նուրբ գծանկարով հիացնում է նկարչի կնոջ` Անիի դիմանկարը: Դիտողի առջեւ կյանքի ծաղկուն տարիքում գտնվող գեղեցկադեմ մի կին է: Տաք գույների նուրբ անցումներով կատարված աշխատանքը լի է ջերմությամբ, սիրով: Այս ստեղծագործության մեջ տրամադրություն, հանգստություն, գույների հրաշալի ներդաշնակություն կան:
«Թադեւոսի եւ Բարդուղիմեոսի մուտքը Հայաստան», «Սահակ Պարթեւ», «Գրիգոր Տաթեւացի», «Գրիգոր Նարեկացի», «Ներսես Շնորհալի», «Սուրբ Հռիփսիմե», «Խաչելություն», «Մկրտություն», «Սուրբ Սարգիս», «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Տիրամայրը մանկան հետ», «Սուրբ Վարդանանք», «Մկրտություն», «Հարություն»ՙ ազգային-հոգեւոր թեմատիկայով այս գործերը առնչվում են հայոց եկեղեցուն եւ նրա պատմությանը:
Հրաշալի է «Տիրամայրը մանկան հետ» գործը: Կտավում հայկական դիմագծերով ժպտադեմ մի կին է` երեխան գրկին: Նուրբ ճաշակով են համադրված Տիրամոր հագուստի գույները` կարմիրը, կապույտը, սպիտակը:
Ձեռքերը կրծքին խաչած, լուսավոր, ամպերի միջից դուրս է լողում սուրբ Հռիփսիմեն, ում գլխի վրա սավառնում է աղավնակերպ սուրբ հոգին: Նրա կերպարը հստակորեն ուրվագծվում է սպիտակ ամպի փրփուրներով պատված կապույտ երկնքի ֆոնինՙ մերկ ոտքերով, թեթեւ, վճռական քայլերով վստահորեն առաջ է շարժվում ամպերի վրայով: Ուշագրավ են նրա հանդիսավոր կեցվածքը, զգեստի ծալքերն ու գույների համադրությունը: Շուրջը հայկական եկեղեցիներն են` Էջմիածնի մայր տաճարը, Սբ Հռիփսիմեն, Գայանեն: Երիտասարդ կնոջ դեմքը ներքին մեծ ուժ ու հավատ է արտահայտում («Սբ Հռիփսիմե»):
Վարպետորեն են ներկայացված մեր մշակութի մեծերը` Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւը, Գրիգոր Տաթեւացին, Ներսես Շնորհալին եւ այլն: Նրանցից յուրաքանչյուրը պատկերված է իրեն բնորոշ միջավայրում, իրեն հատուկ դիրքով ու հագուստով: Գրիգոր Տաթեւացին ներկայացված է Տաթեւի վանքի ֆոնին: Ուշագրավ է գույների ընտրությունը. կապտա-սպիտակավունի համապատկերին միանգամից առանձնանում է մուգ կապույտ սքեմով Տաթեւացին. մի ձեռքում գավազան, մյուսում` «Գիրք հարցմանց»-ը, որտեղ նկարիչը պահպանել է հայկական մանրանկարչության գունեղ կոլորիտը: Մեծ փիլիսոփան պատկերված է ամբողջ հասակով, դեմքը` կենտրոնացած ու խիստ:
Այս աշխատանքները ստեղծելիս Ս. Պետրոսյանը մերժել է տրորված ճանապարհը, գտել է ազգային սրբանկարչության նոր միջոցներ:
Արվեստագետը մշտապես մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում եւ արտասահմանումՙ 1984-ին Նյու Յորքում, 1992-ին Բեյրութում, իսկ 1995-ին Լոս Անջելեսում բացվել է նրա անհատական պատկերահանդեսը: Ս. Պետրոսյանը մեծադիր աշխատանքներ է ստեղծել ԱՄՆ-ի Դեյտրոյթի հայկական Սբ Սարգիս (1997) եւ ԱՄԷ-ի Շարժա քաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների համար (1999):
Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ գեղանկարիչը երկար տարիներ զբաղվել է նաեւ մանկավարժությամբ, ղեկավարել Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Պետրոսյանը իր ծննդյան 70-ամյակը դիմավորում է ավյունով եւ հետաքրքրական շատ մտահղացումներ ունի:
Տա Աստված, որ այդ մտահղացումները իրականանան:
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆ
Նկար 1. «Դեպի երկիր»