Այս տարի լրանում է հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը: Սայաթ-Նովայի երգերով են դարեր շարունակ կրթվել ու դաստիարակվել սերունդներ, սիրո խոստովանություններ արել ու գրավել շատերի սրտերը: Իսկ նրա հայտնի տաղերը շատերն են մեջբերում առօրյայում. «Ամեն մարդ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրեն է... Ամեն մարդ չի կանա կարդա, իմ գիրը ուրիշ գրեն է...»: Եվ ահա «Սայաթ-Նովա» մշակութային միությունը նախաձեռնել է հոբելյանական միջոցառումների մի մեծ ծրագիր, որն իրանակացվելու է ողջ տարվա ընթացքում:
«Ազգը» զրուցեց Հանրային ռադիոընկերության «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ եւ տեղեկացավ, թե ինչ միջոցառումներ են ընդգրկված հոբելյանական ծրագրի ցանկում: Երեւանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ անցկացվելու է միջազգային փառատոն, քանի որ Սայաթ-Նովայի 300-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է տարվա հոբելյանների ցանկում եւ այն կնշվի շատ երկրներում: Երեւանի Սայաթ-Նովայի հուշարձանի մոտից մայիսի 27-ին սկիզբ կառնի համաժողովրդական ուխտագնացություն դեպի Սայաթ-Նովայի շիրիմ (Թբիլիսի): Կլինի հատուկ գիտական նստաշրջանՙ նվիրված անմահ երգահանին, վարդատոն Երեւանում եւ Թբիլիսիում, Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում: Կանցկացվի նաեւ հանրապետական ասմունքի փառատոն, կտպագրվեն գրքեր, կլինեն բազմաթիվ հանդիպումներ: Ծրագիրը իրականացնելու է մշակույթի, սփյուռքի նախարարությունների, մշակութային կազմակերպությունների, սփյուռքյան համայնքների հետ, տեղեկացրեց Թ. Պողոսյանը: Վերջինս առաջարկել է մշակույթի նախարարությանը, որ Երեւանի Սայաթ-Նովա փողոցը լինի տոնական հարդարանքի մեջ: Թովմաս Պողոսյանը խոստացել է այդ փողոցում գործող բոլոր հասարակական վայրերին, գրասենյակներին տրամադրել Սայաթ-Նովայի երգերի ձայնագրությունները, հնարավորության սահմաններում հնչեցնելու համար: Իսկ հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունվարի 31-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Սայաթ-Նովայի ուսուցիչՙ Նաղաշ Հովնաթանի ծննդյան 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությամբ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ