«ԱԶԳ» թերթի մեծարգոյ խմբագրութիւն
Ձեր օրաթերթի 2012 թ. յունուարի 19-ի համարում տպագրուած` «Հայոց պատմութեան կեղծ սրբագրիչը»լուտանքին ի պատասխան առաջարկում եմ տպագրել իմ այն գրութիւնը, որը կարդալուց յետոյ հանդէս է եկել նշուած յօդուածի հեղինակը` առանց անդրադառնալու այն հիմքերին, որ բերել եմ գրութեանս մէջ:
Վերջերս լրատու միջոցները եւ հեռուստաընկերութիւնները հրապարակեցին Մովսես Գորգիսեանի մասին հեռուստահաղորդում եւ ընդարձակ տեղեկատուութիւններ, որոնցում փորձառու մարտիկների յորդորները անտեսելու պատճառով 1990 թ. յունուարին ազերի դիպուկահարի գնդակից սպանուած անձը յայտարարուեց նահատակ: Յիշեցնեմ, որ նահատակը նա է, որ գիտակցուած գնում է զոհաբերուելու` հաւատացած, որ միայն իր կեանքի գնով է հնարաւոր ապահովել իւրայինների կեանքն ու յաղթանակը:
Ազգ, հայրենիք, հայրենասիրութիւն, ազգային հերոս եւ մեր ոգեկիր այլ զօրաւորող եւ ուժաստեղծ-դաստիարակիչ հասկացութիւնները արժեզրկելուց յետոյ հերթը հասաւ նաեւ «նահատակին», որն այլեւս անհանդուրժելի է:
Նշածս հաղորդումներից եւ յօդուածներից ոչ մէկի մէջ չի նշւում, թէ Գորգիսեանին իր ո՞ր անելիքի համար են շնորհել Ազգային հերոսի կոչում, երբ տասնեակ ճակատումների մասնակից եւ հարիւրաւոր թշնամիներ զգետնած մեր հերոսները (օրինակ` Լեոնիդ Ազգալդեան) Ազգային հերոսի կոչում չստացան... Դրա փոխարէն բերում են նրան վերագրւող մի քանի գործեր, որոնք նա եթէ նոյնիսկ արած էլ լինէր, նման ծառայութիւններից եւ ոչ մէկը այդ տիտղոսին արժանանալու հիմք չէր:
Առաջին. որ նա իբր Օպերայի հրապարակում 1988 թ. մայիսի 28-ին անցկացուած ՀՀ անկախութեան 70-ամեակի տօնակատարութեանը առաջինն է բարձրացրել եռագոյնը:
Երկրորդ. որ անկախութեան համար պայքարում եղել է առաջնորդ եւ առաջամարտիկ:
Եւ երրորդ` որ իբր թէ հերոսի մահով զոհուել է Երասխաւանի կռիւներին:
Հայաստանի Հանրապետութեան 70-ամեակի նշումը նախապատրաստել, կազմակերպել եւ ղեկավարել եմ ինքս, որ հայրենիքից Պ. Հայրիկեանի վտարումից յետոյ այդ օրերին ղեկավարում էի ԱԻՄ կազմակերպութիւնը: Հանրահաւաքը իմ յանձնարարութեամբ բացեց ու վարեց օգնականս` Մեխակ Գաբրիելեանը1, իսկ այդ օրը պարզուած եօթ եռագոյններից առաջինը իմ խնդրանքով հարթակ բարձրացրեց ու ծածանեց պրոֆ. Վարագ Առաքելեանը: Գորգիսեանի մասնակցութիւնը այդ պատմական հանրահաւաքին եղել է հետեւեալը. նա հանրահաւաքին կարդաց Հայաստանի անկախութեան 70-ամեակի առթիւ գրածս երկու Յորդորակները, իսկ հանրահաւաքի վերջում, իմ յանձնարարութեամբ, մի խումբ երիտասարդների հետ եռագոյնները պարզած` քայլեց Օպերայի հրապարակին հարող փողոցներով, որից յետոյ նոյն օրը Մեխակ Գաբրիելեանի եւ Գէորգ Միրզոյեանի հետ ձերբակալուեց:
Նա ոչ թէ ՀՀ անկախութեան առաջամարտիկ էր, այլ Հայաստանի անկախութեան պայքարի առաջնորդ Պարոյր Հայրիկեանի զինուորներից մէկը, ինչի շնորհիւ ճանաչում գտաւ: Յիշատակածս հաղորդումներից եւ ոչ մէկի մէջ այս անհերքելի իրողութիւնը չնշուեց, որը մեր նորագոյն պատմութան խեղաթիւրում, մերժում եւ անգոսնելի անտեսում է: Իսկ անկախութիւն գաղափարի հանրաւորողը եւ տարածողը այդ օրերին եղել է «ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ» թերթը, որի գլխաւոր խմբագիրը եւ գաղափարատուն 1987 թ. հոկտեմբերից մինչեւ 1989 թ. մայիս ամիսը, ինքս էի2: Իսկ 1988 թ. սեպտեմբերի 9-ի հանրահաւաքին օպերայի հրապարակում ունեցածս ելոյթի վերջում մօտ հարիւր հազար ներկաների վանկարկել տուեցի «Անկախութիւն»3, որը այդ ժամանակ անհաւատալի բան էր, քանի որ ինքզինքը շարժման առաջնորդ համարող Ղարաբաղ կոմիտէ խմբակը եւ ընդհանրապէս անկախականներից բացի բոլորը կարծում էին, թէ անկախութեան պահանջը Արցախի միացումը կը խափանի...
Երասխաւանում նա որեւէ ճակատամարտի չի մասնակցել եւ ոչ մի թշնամու չի սպանել: Իր անփորձութեան պատճառով խփուել է ազերի դիպուկահարի գնդակից:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ, 4 դեկտեմբերի 2011 թ.
1.«Անկախութիւն» շաբաթաթերթ,1988 թ. մայիսի 28, թիւ 22(32), էջ 1-10; «Անկախութիւն», 1988 թ. յունիսի 6, թիւ 23(33), էջ 1-15; Տես նաեւ 1988 թ.մայիսի 29-ի պաշտօնաթերթերում տպագրուած Արմէնպրէսի հետեւեալ լրատուութիւնը. «Հաղորդում: Մայիսի 28-ին Երեւանում, թատերական հրապարակում առանձին անձինք, քողարկվելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լոզունգներով, փորձեցին վահանի վրա բարձրացնել իր հակապետական հայտարարություններով հայտնի Պ. Հայրիկյանի գործը: Նրանք փորձեցին մարդկանց հրահրել հակաօրինական գործողութիւնների: Այդ փորձերը դատապարտվեցին հավաքվածների կողմից: Արմենպրես»:
2. Սրբագրումներ, ԱԶԳ օրաթերթ, Երեւան, 2011 թ. նոյեմբերի 12, էջ Ը:
3..«Անկախութիւն» շաբաթաթերթ,1988 թ. սեպտեմբերի 12,թիւ 37, 15 2;
Խմբ. կողմից.- Պատասխան նամակը հրապարակում ենք որոշակի կրճատումներով: