«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ՍՏԻ ԴԵՄՙ ԱՍՏԾՈ ՀՈՒՅՍՈՎ

Անկախ ու ազատ Հայաստանում, որով հպարտանում է յուրաքանչյուր հայ, գործում է օլիգարխների սատանայական, շղթայական մերձեցման, իշխանության ամրապնդման ուժի մեխանիզմՙ օրենքի անվան տակ: Եվ այդ օրենքն է, որով աղքատին, արդարին, ստիպում են լռել, հակառակ դեպքումՙ լռեցնել, իսկ իշխանավորին դարձնում ամենակարող, ամենաստեղծ: Խոսքը 1994-ից Արցախյան ազատամարտին մասնակցած այրուս կողմից մշակված 100-120 քմ հողակտորի մասին է, որը ախորժաբեր հաբ է որոշ մեծահարուստների համար, եւ 2006-ից սկսած իմ դիմումները մերժում են, պատճառաբանելով, որ 18 տարվա մշակված հողամասը համարվում է ընդհանուր բաժնային սեփականություն: Սակայն ինչով եւ ինչպես բացատրել, որ այդ նույն յոթերորդ գոտի համարվող հողատարածքի շարունակությունը սեփականաշնորհվել է, վաճառվել, եւ 2011-ի մարտ ամսին էլ շինարարություն է սկսվել նույն հողակտորի վրա, մինչդեռ թաղապետարանի, քաղաքապետարանի որոշ գրություններ միշտ էլ ցանկացել են կոծկել ճշմարտությունը: Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ պարոն Ա. Ամյանի 2011 թ.-ի «07»-06 N 20/1-2101 գրությամբ պարզ դարձավ, որ իմ մշակած հողակտորի շարունակությունը օտարվել է հարեւանիս աճուրդային եղանակով դեռ 2008-ին, չնայած 2008-ի ՊԼ-60-30 քարտեզագրությամբ քաղաքաշինության աշխատակցի կողմից կատարվել է իմ հողամասի քարտեզագրումը, այսինքնՙ իմ ճշմարտացի պահանջը ե՛ւ այդ թվականին, ե՛ւ հետագա տարիներին լռեցվել է, մատնանշելով, որ բավարարելու հիմքեր չկան: Սակայն սկսված շինարարությունը եկավ ապացուցելու, որ անօրինությունը օրինական է, երբ թիկունքիդ կանգնած են չինովնիկ եղբայրները, իսկ արդարության հաղթանակի հույսը բորբոքվեց արդարիս հոգում, պայքարի ուժը հանգեցրեց նրան, որ 2011-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը, քաղաքապետի խորհրդական Գ. Սարիբեկյանի ներկայությամբ խոստացավ օրենքի սահմաններում աճուրդային եղանակով օտարել ինձ իմ կողմից մշակված հողամասը, որն էլ հաստատվեց 2011 թ-ի 14-07 N 18-06/1-Ա 3192 գրությամբ: Սակայն ողջ ամառ, գրեթե ամեն շաբաթ ներկայանալով քաղաքապետարան, աճուրդների ցուցակում այդպես էլ չերեւաց իմ հողակտորի հասցեն, որն էլ անհանգստացրեց ինձ, եւ 2011-ի դեկտեմբեր ամսին դիմեցի քաղաքապետ Տ. Մարգարյանինՙ հանդիպելու ակնկալիքով, սակայն զուր. ամեն ինչից տեղյակ քաղաքապետը խուսափում էր հանդիպել ինձ: Հացադուլ հայտարարեցի, որը տեւեց մեկ օր, հաջորդ օրը քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, իբր քաղաքապետի հանձնարարությամբ, ինձ ասաց, որ ժամը 3 անց 30-ին լինեմ թաղապետարանում եւ այդ հարցը համարեմ գրեթե դրական լուծված: Սակայն հետո հասկացա, որ եթե այդ ցրտին շարունակվեր հացադուլը, գուցե վատ հետեւանքներ ունենար եւ ազդեր նրանց հեղինակության վրա, ինչպես նաեւՙ քավոր-սանիկ հարաբերությունների:

Պայքարի այդ ծանր օրերին աճպարարի ճարպկությամբ նրանց հաջողվեց խուսափել ճշմարիտ լուծումից, եւ ի հայտ եկավ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Ա. Քոթանջյանի 2011 թ. սեպտեմբերի 23-ի հ. 31/01-ել 2498 գրությունը, ուր մատնանշվում էր, որ իմ պատուհանների տակ գտնվող հողամասը նախատեսվում է հանգստի գոտու համար, այսինքնՙ պարզ ու տեսանելի էր, որ նոր շինությանը անհրաժեշտ էր ազատ տարածք, որն էլ իմ հողակտորն էր: Եվ քանզի այսօր հողի, ջրի, օդի եւ ընդհանրապես օրենքի եւ իրավունքի տերը իրենք են, պարոնայք մեծամեծները առիթը բաց չեն թողնում անմեղներին մեղավոր դարձնելու, ճիշտը սխալ հանելու, մի զանգով, մի կեղծ փաստաթղթով ու ստորագրությամբ մարդ արարածին վարկաբեկելու, վախեցնելու, հոգեւոր սպանդի ենթարկելու:

Իմ իրավացի պահանջի պայքարում սուտը հաղթել է, մինչդեռ ես փնտրում եմ արդարության ուղիներ Աստծո ողորմածությամբ:

ԼԵՅԼԱ ԱՍԱՏՐՅԱՆ, 24.01.2012 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4