Այսօր, հունվարի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգի մասին երեկ խոսեցին գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը :
«Ունենք փայլուն եւ միեւնույն ժամանակ դժվար ծրագիր: Կատարելու ենք Էռնեստ Շոսոնի սիմֆոնիան, որը Հայաստանում դեռեւս չի հնչել, ինչպես նաեւ Կարեն Անանյանի «Լեգենդ լարային նվագախմբի համար» ստեղծագործությունը` նվիրված Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: Հնչելու է նաեւ Էրիկ Վոլֆգանգ Կորնգոլդի ջութակի կոնցերտը, որի մենակատարը Ռոման Սիմովիչն է», ասաց Սերգեյ Սմբատյանը:
Համերգի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդրանիկ «Music is the answer» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է «SONI-DADC» ձայնագրման ստուդիայի կողմից: Ձայնասկավառակում ընդգրկված է Բեռլինում տեղի ունեցած համերգի ձայնագրությունը, ինչպես նաեւ Դմիտրի Շոստակովիչի, Չայկովսկու եւ Հայրապետյանի ստեղծագործությունների կատարումները:
«Հունվարի 25-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դարձավ 6 տարեկան: Հասկանալով մեր անցած ճանապարհը, գիտակցում ենք, որ այս ձայնասկավառակը նվագախմբի կարեւորագույն ձեռքբերումներից է: Թողարկեցինք մի արժեքավոր բան, որը կմնա մեր պատմության մեջ: Ձայնասկավառակը դուրս է գալու նաեւ միջազգային շուկա, հաշվի առնելով այդ փաստը եւ արժեքավորելով հայ կոմպոզիտորներին, փորձում ենք տարածել նրանց աշխատանքը: Կարծում եմ, որ մենք պետք է տարածենք նաեւ այն արվեստը, որը մերն է»:
«Առաջին անգամ եմ Հայաստանում, եւ շատ շնորհակալ եմ հրավերքի համար: Կներկայացնենք ավստրիացի հրաշալի երաժիշտ Էրիկ Վոլֆգանգ Կորնգոլդի ջութակի կոնցերտը, ով ապրել է Լոնդոնում ու երաժշտություն գրել նաեւ հոլիվուդյան ֆիլմերի համար` երկու անգամ արժանանալով Օսկարի: Կարծում եմ, որ վերջին անգամ չեմ Հայաստանում եւ մեր համագործակցությունը դեռ կշարունակվի», ասաց Ռոման Սիմովիչը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ