«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը նոր հաղթանակ տարավ ու ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը: Նրա մրցակիցը հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին էր: Սեւերով խաղացող Արոնյանը հզոր գրոհ ձեռնարկեց մրցակցի արքայի վրա ու վերջինս մատի սպառնալիքի տակ ստիպված էր 43-րդ քայլին ընդունել իր պարտությունը: Արոնյանը մրցաշարում 6-րդ հաղթանակը տոնեց ու 7,5 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը: Գլխավոր մրցանակին արժանանալու Արոնյանի հնարավորությունները տուրից տուր ավելի են աճում:

Ի դեպ, նախորդ տուրում Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ տոնած հաղթանակը ճանաչվել էր լավագույնը եւ Արոնյանին կրկին հանձնվեց 500 եվրո պարգեւավճար: Հայ շախմատիստն արդեն 3-րդ անգամ է դրամական պարգեւի արժանանում: Նա մրցանակ էր ստացել 4-րդ տուրում Գատա Կամսկուն եւ 6-րդ տուրում Վուղար Հաշիմովին հաղթելու համար:

Արոնյանից մեկ միավորով հետ է մնում Վասիլի Իվանչուկը, որը հաղթեց Դավիթ Նավարային: 6-ական միավորով նրան հաջորդում են Մագնուս Կառլսենն ու Թեյմուր Ռաջաբովը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Հիկարու Նակամուրայի եւ Լյուկ վան Վելիի հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Գելֆանդ-Հաշիմով պարտիան: Կարուանան հաղթեց Թոփալովին, Կամսկին պարտության մատնեց Կարյակինին:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 11-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Նավարայի հետ, որը 2,5 միավորով եզրափակում է աղյուսակը:

C խմբի մրցաշարում Էլինա Դանիելյանը պարտվեց Դան Բրանդենբուրգին: 10 տուրից հետո Էլինան 3 միավոր է վաստակել: 8 միավորով միանձնյա առաջատար դարձավ Մաքսիմ Տուրովը, որը հաշտություն կնքեց Էլիզաբեթ Պյոտչի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4