«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-01-24 | #12, 2012-01-25 | #13, 2012-01-26


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ

Ջիբրալթարում մեկնարկել է շախմատի ավանդականՙ 10-րդ մրցաշարը: Հոբելյանական մրցաշարի մրցանակային հիմնադրամը 155 հազար ֆունտ ստեռլինգ է, ինչը ռեկորդային է: Շվեյցարական մրցակարգով, 10 տուրով անցկացվող մրցաշարի հաղթողը կպարգեւատրվի 20 հազար ֆունտ ստեռլինգով: 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 12 եւ 10 հազարական ֆունտ ստեռլինգ: Առանձին մրցանակներ են սահմանված նաեւ մրցաշարում լավագույն արդյունքի հասած 3 շախմատիստուհիների համարՙ 10, 7 եւ 5 հազար ֆունտ ստեռլինգ: Հավասար միավորների դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում:

Մրցաշարը բավականին ուժեղ կազմ ունի: 256 մասնակիցներից 11-ը 2700 եւ ավելի բարձր վարկանիշ ունեն: Նրանց թվում է Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը (2700), որն իր վարկանիշով եզրափակում է լավագույն տասնյակը: Մասնակիցների ցանկը գլխավորում է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը (2749), որին հաջորդում են ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2747), անգլիացի Մայքլ Ադամսը (2724), հունգարացի Զոլթան Ալմաշին (2717) եւ վիետնամցի Լիեմ Լե Քուանգը (2714): Հայաստանի 2-րդ պատվիրակ Գաբրիել Սարգսյանն իր վարկանիշով (2683) 13-րդն է: Իսկ ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը (2617) 24-րդ վարկանիշն ունի:

Հայ շախմատիստների համար մեկնարկը հաղթական էր: Սերգեյ Մովսիսյանը սեւերով պարտության մատնեց միջազգային վարպետ Սիլաս Լունդին: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով առավելության հասավ միջազգային վարպետ Ազիզ Նեզադ Հուսեյնի նկատմամբ, իսկ Վարուժան Հակոբյանը հաղթեց միջազգային վարպետ Մարչել Պեկին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4