«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2012-01-25 | #13, 2012-01-26 | #14, 2012-01-27


ԿՈՉ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատումՙ Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացման լույսի ներքո «Ամերիկայի հայկական խորհուրդը» Ամերիկայի կոնգրեսականներին կոչ է անում հավատարիմ մնալ ամերիկահայերին տված իրենց խոստումներին եւ վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ պաշտպանել «H.R. 304» բանաձեւի ընդունումը:

«Մինչ մենք հանդիսավոր կերպով նշում ենք այս կարեւոր, շրջադարձային իրադարձությունը որպես մարդու իրավունքների պաշտպանության կողմնակիցներ, մենք կոչ ենք անում Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներինՙ վերահաստատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց խոստումները», ասել է «Ամերիկայի հայկական խորհրդի» նախագահ Սեւակ Խաչատրյանը , հավելելով, որ «այս անգամ Թուրքիայի տնտեսական եւ այլ բնույթի սպառնալիքները չկարողացան որեւէ դեր խաղալ այդ բանաձեւի ընդունման հարցում: Ժամանակն է, որ ազատություն եւ ազատամտություն քարոզող մեր երկրի առաջնորդը եւ Կոնգրեսի անդամները նույնպես կարողանան հանուն արդարության նման բարի կամք դրսեւորել»:

«Ամերիկայի հայկական խորհուրդը» համագործակցում է բոլոր կուսակցական ղեկավարների հետ, ներկայացնելով նրանց Հայաստանին եւ հայկական հարցերին նվիրված նյութեր, մեկնաբանություններ եւ նպատակ ունենալով ամրապնդել Մ. Նահանգներ-Հայաստան եւ Մ. Նահանգներ-Լեռնային Ղարաբաղ կապերը: Այս մասին տեղեկացրել է խմբագրությանը հասցեագրված վերոնշյալ կազմակերպության հաղորդագրությունը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4