«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2012-01-25 | #13, 2012-01-26 | #14, 2012-01-27


«ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ» ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՐԹՈՒՆ «ԽԱՅԹՈՑՆԵՐԸ»

Ռուսաստան, Սերբիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բելառուս, Ուկրաինա...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր նորակազմ բյուրոյի անդրանիկ նիստով, ապա նաեւ Եվրոպայում ժողովրդագրական շարժումների քննարկմամբ կավարտի ձմեռային նստաշրջանը, որ մեկնարկեց Մեւլութ Չավուշօղլուին տրված հրաժեշտով եւ վեհաժողովի նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի ընտրությամբ, մարդու իրավունքների նոր հանձնակատար Նիլս Մուիժնիակսի թեկնածության հաստատմամբ, որ իր լիազորությունների կատարմանը կանցնի արդեն ապրիլին, մինչ այդ լսելով նաեւ ներկայիս հանձնակատար Թոմաս Համմարբերգի վերջին տարեկան զեկույցը:

Եվրոպայի խորհուրդը, որքան էլ նորընտիր նախագահ Մինյոնը փորձում էր հակառակը ներկայացնել պաշտոնավարման հենց առաջին օրվանից, իրապես եւ շատերի համար նմանվել է «Հռենոսի ափին քնած գեղեցկուհու», թեեւ այս նստաշրջանում հյուրերի շարքում այնպիսի կարեւորության ու ազդեցության դեմք էր, ինչպիսին Միացյալ Թագավորության վարչապետն է: ՄԹ վարչապետ Դեւիդ Քամերոնն էլ, ի դեպ, վեհաժողովի առաջ ելույթ էր ունենում հենց փոփոխություններ ու բարեփոխումներ ակնկալողի ու առաջարկողի դիրքերից:

Ամեն դեպքում, Եվրոմիության անդամ, Եվրոպայի խորհրդի էլ անդամ Հունգարիայում կատարվող հակաժողովրդավարական նախաձեռնությունների ու իրավիճակի քննարկման փոխարեն վեհաժողովականները «ներկա վիճակի» քննարկման թեմայի տակ տեղավորեցին Ռուսաստանին` «երկու ընտրությունների արանքում»` սեփական ավելի մոտ «խոհանոցի» ցցուն խնդիրը թողնելով հետո քննարկելու տարբերակին: Այս քննարկումը, որ որեւէ ընդհանրական ձեւակերպում չստացավ, այդպես էլ մնաց որպես տարբեր պատվիրակների համար Ռուսաստանի մեղքերն ի ցույց դնելու կամ ի պաշտպանություն մի քանի խոսք ասելու հնարավորություն, որից լիովին եւ գրեթե ողջ պատվիրակությամբ, հասկանալի ուղղվածությամբ, օգտվեցին վրացի պատվիրակները:

Եթե Ռուսաստանին «բաց թողեցին» առանց ինչ-որ փաստաթղթային ձեւակերպման, ապա օրակարգային մի քանի հարցերում ընդունված բանաձեւերը «լավ բաներ» են պահանջում, բայց... Մասնավորապես, Բոսնիա եւ Հերցեգովինայից վեհաժողովը պահանջում է վերջապես ձեւավորվել չարչրկված ու արդեն ամիսներ ոչ ամբողջական մնացող կառավարությունը, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխություններով փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական կյանքին:

Բոսնիա եւ Հերցեգովինան մնաց մոնիտորինգի տակ ճիշտ այնպես, ինչպես այդ վերահսկողությունից չազատվեց նաեւ Սերբիան, որի հարցով, ի դեպ, համազեկուցող էր հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Սերբիայի հարցում էլ վեհաժողովը հանձնարարեց շարունակել երկխոսությունը Պրիշտինայի հետ, կատարել արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները, փոքրամասնությունների իրավունքների դատական պաշտպանություն ապահովել: Հարությունյանի` «Ազգին» տված մանրամասնմամբՙ Սերբիայում մնացել են մի շարք լուրջ չլուծված խնդիրներ, սկսած կոռուպցիայի մակարդակից, դատական իշխանության հետ կապված խնդիրներ, լուրջ խնդիրներ ԶԼՄ-ների ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ:

Քննադատվելու ու հանձնարարականներ ստանալու իր բաժինն ունեցավ նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող Բելառուսը, դրա համար էլ այս երկրի կապակցությամբ բանաձեւն ու հանձնարարականն ուղղված են ԵԽ մյուս անդամներին` «օգտագործելու տարբեր լծակներ տարհամոզելու Բելառուսին», որ, ասենք, համապատասխանեցնի իր օրենսդրությունը միջազգայինին: Ինչպես ասում են, Բելառուսի բաժինը «ամբողջական էր». որ մարդու իրավուքնների իրավիճակը Բելառուսում բարելավելու համար բելառուսներին անցագիր քիչ տրվի, տեղեկատվություն քիչ փոխանակվի եւ այլն:

Վեհաժողովի հսկողության տակ գտնվող Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների գործառնման մասով էլ, Յուլյա Տիմոշենկոյի հարցով պահանջներ ներկայացնելուց զատ, ասացին ու խոսեցին ընտրական օրենսդրության փոփոխությունների մասին, որոնք բնավ էլ նպաստավոր չեն դիտվում, իսկ սպասվող խորհրդարանական ընտրությունները, ճիշտ եւ ճիշտ հայաստանյանի նման, ներկայացվում են որպես «լակմուսի թուղթ»` թե որքանով է Ուկրաինան հավատարիմ ժողովրդավարական սկզբունքներին:

Հիշեցնենք, որ այսօր կայանալիք նոր կազմով վեհաժողովի բյուրոյի նիստում հնարավոր է, որ անդրադառնան այդպես էլ մի քայլ առաջ չգնացած ղարաբաղյան հարցով հատուկ հանձնաժողովի «հետագա քայլերին», թեեւ հայաստանյան պատվիրակությունն արդեն իսկ հաստատել է, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես եւ վարվել է մինչ այս:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4