Էներգակիրների կայուն աղբյուրների կարեւորությունը
Չինաստանը խստիվ քննադատել է իրանական նավթի ներմուծումն արգելելու Եվրոմիության որոշումը: Կողմերին բանակցության կոչ անելովՙ Պեկինը ընդգծել է, որ պատժամիջոցների խստացումը կունենա անչափ բացասական հետեւանքներ:
«Կուրորեն ճնշում գործադրելը եւ նորանոր պատժամիջոցներ ձեռնարկելը չի նշանակում կառուցողական ելք փնտրել», ասվում է ՉԺՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Իրանի հարցում Պեկինը եւ Մոսկվան ավանդաբար հանդես են գալիս զսպվածության դիրքերից:
ՉԺՀ-ն իրանական գազի խոշորագույն ներմուծողն է: Իրանից արեւմտյան կապիտալի դուրսբերման պայմաններում դրան փոխարինում են չինական ընկերությունները: Էներգակիրների մատակարարման ասպարեզում Պեկինի եւ Թեհրանի կնքած պայմանագրերի ընդհանուր գումարը 40 մլրդ դոլար է:
Չինաստանը նաեւ Իրանի գլխավոր առեւտրական գործընկերն է: ՉԺՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սաֆարիի խոսքերովՙ 2011-ին երկկողմ առեւտրաշրջանառությունն ավելացել է 55 տոկոսով, հասնելով 45 մլրդ դոլարի: Ֆրանսպրեսը մեջբերում է բազմաթիվ վերլուծաբանների այն կարծիքը, թե ԵՄ նոր պատժամիջոցները կհանգնեցնեն ՉԺՀ-Իրան կապերի հետագա ամրապնդմանը: «Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթը նշում է, որ սրընթացորեն զարգացող ՉԺՀ տնտեսության համար էներգակիրների կայուն աղբյուրներն ավելի կարեւոր են, քան Իրանի հարցում ԱՄՆ-ի հետ փոխգործողությունը:
Ենթադրվում է, որ հենց չինական շուկայում կհայտնվի օրական 450 հազար բարել այն նավթը, որից հրաժարվեց Եվրոպան: Նավթի առեւտրի եկամուտները կհարստացնեն Իրանի գանձարանը, իսկ չինական ընկերությունները կամրապնդեն իրենց դիրքերը համաշխարհային շուկաներում: