Բաց նամակ Ռուստամ Իբրահիմբեկովին
Turan գործակալությունը տարածել է ձեր «դիմումը»: Դուք ասում եք, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքը քրեական հետապնդում է սահմանում «այսպես կոչված «հայոց ցեղասպանությունը» ժխտելու համար այն դեպքում, երբ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 1915թ. տեղի ունեցած ողբերգական դեպքերը համաշխարհային գիտական ընկերակցության կողմից մեկնաբանվում են տարբեր կերպ եւ միջազգային մակարդակի դատական համապատասխան որոշում չունեն»: Չգիտեմ, գուցե գործակալությունն է աղավաղել ձեր միտքը, մեջբերում եմ ըստ Contact..az-ի տարածած ռուսերեն տեքստի եւ, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե հիշյալ «ողբերգական դեպքերն» ի՞նչ «միջազգային մակարդակի որոշում» կարող էին ունենալ, որ չունեն: Գուցե նկատի եք ունեցել, որ դրանք միջազգային դատարանի կողմից չե՞ն դատապարտվել:
Սխալվում եք, դատապարտվել են: Այն էլ` թուրքական դատարանի կողմից: Դուք չե՞ք ընդունում այդ դատարանի օրինականությունը, գտնում եք, որ այն վճիռ է կայացրել Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությա՞ն պայմաններում: Բայց մի՞թե Նյուրնբերգը կայացել է Երկրոդ համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի նախաձեռնությամբ: Ամենեւին, մարդկության դեմ ֆաշիզմի գործած հանցանքների համար Երրորդ ռայխի պարագլուխներին դատել են նույնպես հաղթած երկրները:
1919 թ. Կոստանդնուպոլսում, այո, թուրքական դատարան է ստեղծվել Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների պահանջով: Բայց դա քմահաճույք չէր: Քանի որ դեռեւս 1915 թ. մայիսին Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ միջազգային հանրությանն իրազեկել, որ պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո այդ երկրի իշխանությունները պատասխան են տալու հայ ժողովրդի դեմ գործած հանցանքի համար:
Ինչ վերաբերում է «համաշխարհային գիտական հանրության կողմից դեպքերի տարբեր մեկնաբանություններին», ապա ձեր մակարդակի մտավորականը, որ իրեն նվիրել է նաեւ այդ հարցի «ուսումնասիրությունը», պետք է վաղուց համոզված լիներ, որ ոչ թուրք որեւէ պատմաբան կասկածի տակ չի առնում օսմանյան կառավարության կողմից Թուրքիայի հայազգի քաղաքացիների հանդեպ գործադրած բռնությունների, ջարդերի եւ զանգվածային տեղահանության փաստերը:
Կարծիքները բաժանվում են միայն աղետի չափերի հարցում: Ոմանք զոհերի թիվը հաշվում են 700-800 հազար, դեպքերի ականատես գերմանացի Լեփսիուսը` շուրջ մեկ միլիոն: Թվում է, պետք է հասկանալի լինի, որ այլ բան է փաստի, բոլորովին ուրիշ` աղետի չափերի շուրջը «տարբեր մեկնաբանությունները»: Ընդ որում, դրանից ոչինչ չի փոխվում: Իրականությունն այն է, որ մինչեւ 1915թ. Թուրքիայում ապրել է երկուսուկես միլիոն հայ: Ներկայիս Թուրքիայի հանրապետությունում հայկական համայնքը հաշվվում է 50-60 հազար մարդ, այն եւս` գերազանցապես Կոստանդնուպոլսում:
Չեք կարող «հեծանիվ հնարել»: Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն օսմանյան կառավարության գործողությունների նպատակ համարել է «էթնիկական բնաջնջումը»: 1915թ. «ցեղասպանություն» տերմինը դեռ հայտնի չէր: Ֆաշիզմը ծնվել է պանթուրքիզմից մի փոքր ուշ: Բայց Հիտլերը, Գեբելսը եւ մյուսները Թալեաթի, Էնվերի, Ջեմալի կաթնեղբայրներն են:
Ես այսօր` 2012թ. հունվարի 25-ին սարսափով կարդացի ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Գուլիեւի մտավարժանքներն այն մասին, թե խոսքի ազատությունը եւ պլյուրալիզմը պետք է տարածել նաեւ Հոլոքոսթի ժխտման` ինդիվիդումի իրավունքի վրա: Նույնն եք ասում նաեւ դուք: Բայց միայն` Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Դուք գրում եք, որ ֆրանսիական օրենքը վիրավորում է բոլոր թուրքերի արժանապատվությունը: Ամեն ինչ ասված է: Անկեղծության համար` շնորհակալություն: Իսկ դեմագոգիայի համար, որ բոլոր թուրքախոս ժողովուրդներին «մկրտում եք» պանթուրքիզմի ավազանում, կարծում եմ, ձեզ պատասխանատվության կհրավիրեն թուրքախոս այն հանրությունները, որ խելամտորեն չեն մտնում օսմանյան կառավարության գործած հանցանքի ծանրության տակ:
Ռուստամ Իբրահիմբեկովը չէր պանծացնում Ֆրանսիան: Այդ երկիրը մեծությունների կարիք չունի, բայց ֆրանսիական շքանշանը, որից հրաժարվել եք, զարդարում էր ե՛ւ ձեզ, ե՛ւ աշխարհի բոլոր ադրբեջանցիներին: Դուք կատարել եք ճիշտ ընտրություն. քանի որ Ֆրանսիան իրեն թույլ չէր տա ձեզ զրկել շքանշանից, ինքներդ եք մերկացրել «արվեստագետի» ձեր բուն էությունը եւ նույնացել երիտթուրք դահիճների հետ: Այդ առթիվ ձեզ միայն շնորհավորել կարելի է, ինչը եւ անում եմ հաճույքով:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ