ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վալենտին Սոբոլեւի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նախորդ տարեվերջին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրված համագործակցության 2012-2013 թթ. ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները ըստ սահմանված ժամանակացույցի արդյունավետորեն իրականացվում են, եւ այս համատեքստում կարեւորել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի` Հայաստան կատարելիք առաջիկա այցը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, այդ թվումՙ սահմանային անցակետերի արդիականացման եւ վերազինման, ինչպես նաեւ սահմանապահների վերապատրաստման համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի, ինչպես նաեւ քննարկվել է ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնների ստեղծման նախաձեռնությունը:
Վալենտին Սոբոլեւն ընդգծել է երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ վստահություն հայտնել, որ բոլոր միջոցառումները լիարժեք կյանքի կկոչվեն համագործակցության ծրագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն: