«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2012-01-25 | #13, 2012-01-26 | #14, 2012-01-27


ԿՄՆԱՆՔ 4-ՐԴ ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ

Առաջիկայում 3-րդ ժամային գոտի տեղափոխվելու հեռանկարով

Ինչպես նշել էինք մեր նախորդ համարում, կառավարությունը երեկ հավանություն տվեց ժամային գոտիներին առչնվող փոփոխությանը, համաձայն որիՙ այս տարվա գարնանը այլեւս անցում չենք կատարի ամառային ժամանակի, մնալով Գրինվիչից հաշվարկած 4-րդ ժամային գոտում: Այդ կապակցությամբ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրացուցիչ պարզաբանումներ տվեց լրագրողներին:

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ անցյալ դարի 30-ական թվականներին ամբողջ Խորհրդային Միությունում ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ տարվեց եւ Հայաստանը հայտնվեց 4-րդ ժամային գոտում: Դրանից հետո, երբ մտցվեց անցումն ամառային եւ ձմեռային ժամանակի, Հայաստանը, ամառային ժամանակին անցնելով, 7 ամիս գտնվում էր 5-րդ ժամային գոտում: Այսինքն, իր իրական ժամանակային գոտուց 2 ժամվա տարբերության գոտում էր գտնվում: Այս իրավիճակը փոփոխելու համար, ըստ Տիգրան Դավթյանի, կառավարությունը այս պահին որոշել է դադարեցնել անցումը ամառային ժամանակի, մնալով 4-րդ ժամային գոտում տարվա բոլոր ամիսներին: Սակայն ապագայում, նախարարի կարծիքով, 1-3 տարի հետո, եւս 1 ժամի տեղափոխություն կկատարենք եւ կտեղափոխվենք մեր բնական` 3-րդ ժամային գոտին: «Բայց դա կլինի հետո, ասեմ միայն, որ 1 ժամ ավելի ուշ ենք զարթնելու, որից ոչ ոք չի դժգոհի», ավելացրեց նա:

«Ազգի» հարցերից առաջինն այն էր, որ երկար ժամանակ բնակչությունը, մասնագետները, լրատվամիջոցները քննադատում էին տարին 2 անգամ ժամացույցի սլաքի փոփոխությունները, ներկայացնում դրա բացասական հետեւանքները, ինչո՞ւ կառավարությունն այդքան ուշացումով կատարեց այդ քայլն ու արդյո՞ք դա կապված էր Ռուսաստանի կողմից նույն քայլն անելու հետ: Տիգրան Դավթյանն ասաց, որ հարցեր կան, որ պետք է որոշել եւ լուծել: Սա դրանցից մեկն էր: Բացի դրանից, ըստ նախարարի, այս խնդիրն առնչվում էր շատ այլ խնդիրների` ինքնաթիռների թռիչքներ, չափագիտական, տնտեսական գնահատականներ: Այս ամենը վերլուծելուց եւ պարզելուց հետո կայացվեց վերջնական որոշումը: Հայաստանը գտնվելու է իր առեւտրատնտեսական հիմնական գործընկերների` Ռուսաստանի, Վրաստանի հետ նույն ժամային գոտում, Եվրոպայից 1 ժամվա տարբերությամբ, ինչը շահավետ է առողջապահական, տնտեսական, զբոսաշրջության եւ առումներով:

Մեր մյուս հարցն այն էր, թե նախկինում ժամային փոփոխությունը կատարում էին այն հիմնավորմամբ, թե դա էներգետիկ մեծ ռեսուրսներ է խնայում, հիմա էներգետիկ մեծ ծախսեր չե՞ն լինի: Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ էական էներգախնայողություն չէր լինում, նման կորուստներ չեն լինի, Հայաստանն էլ էլեկտրաէներգիայի պակասորդ չունի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4