«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը , երեկ լրագրողների հետ հանդիպելով, մի քանի արժանահիշատակ արտահայտություններ է արել: Նրան մտահոգել է հատկապես այն հանգամանքը, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ Հայաստանի քաղաքական դասին եւ ընտրական գործընթացներին հատուկ արատներն ավելի են խորանում, եւ խոստումները (այդ թվում` նախագահ Սարգսյանի), թե այս ընտրություններն ավելի արդար են լինելու, առայժմ գործի չեն վերածվում: Նա մի պատկերավոր համեմատոթյուն է արել` քաղաքական դաշտը միթեւանի դեւի նմանեցնելով, այդ մեկթեւանուն էլ իշխանության հետ նույնացնելով: Բնականաբար` նա իշխանություն է համարել ողջ կոալիցիային, քանի որ չի հավատում նրա երկու մեծ կուսակցությունների իբր հակադրություններին: Հակադրվելով Ռաֆիկ Պետրոսյանի այն մտքին, թե գործարարը պետք է լինի խորհրդարանում, որ իր շահերը պաշտպանի, Կ. Հակոբյանը պրոյեկտում է տրամաբանությունը` ուրեմն կոշկակար էլ պիտի լինի, որ կոշկակարների շահերը պաշտպանի եւ այլն: Ազգային ժողովը վերմակ չէ, որ ամեն մեկը քաշի իր շահերի կողմը: Բայց Կ. Հակոբյանը հույսը չի կորցնում եւ հույս է դնում հասարակության մասնակցությամբ փոփոխությունների վրա: «Ժառանգության» ցուցակը եւ այլ միավորների հետ դաշինք կազմելու հանգամանքը, ըստ կուսակցության վարչության քարտուղարի, մոտ մեկ ամիս հետո կպարզվի:
Մ. Խ.