«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2012-01-25 | #13, 2012-01-26 | #14, 2012-01-27


ՍՈՒՐԲ ՆՇԱՆ, ԹԵ՞ «ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ»

Եկեղեցում հրդեհով ուշացած «մտահոգությամբ» վրաց պատրիարքարանը կրկին հիշել է Լոռվա «վրացականը»

Հայկական եկեղեցիները վրացականներից տարբերելու համար առավել հաճախ առաջին իսկ հայացքը բավարար է, թեեւ կան բացառություններ, երբ ակնհայտ են նմանությունները: Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու պարագայում նույն վրացական իշխանությունների թողտվությամբ տեղադրված ցուցանակն այն չի անվանում Սուրբ Նիկողայոս, ինչպես հավակնում է ներկայացնել վրաց եկեղեցին: Սակայն արի ու տես, որ հավակնությունները մշտապես կարող են հենվել դատարկ փաստարկների վրա, իսկ ակնհայտ փաստերը` անտեսվել:

Ակնհայտ փաստերն անտեսելու ճանապարհով է փորձում գնալ վրաց պատրիարքարանը, որի զգալի կարողության ու դերակատարության մասին Վրաստանում խոսելն ավելորդ է: Վրաց եկեղեցին շատ հարցերում առավել ազդեցիկ է, քան ռացիոնալության վրա հիմնված որեւէ փաստարկ բերող քաղաքական գործիչ կամ բարձրաստիճան պաշտոնյա: Եվ երբ հայկական եկեղեցիների հանդեպ հավակնություններ է արտահայտում վրաց եկեղեցին, ամենայն հավանականությամբ, հետեւորդների զգալի բանակ կարող է այդ հարցում ապահովել:

Այսքանը թերեւս պարզ է, բայց հասկանալի չէ, թե պետության հաշվեկշռում գտնվող եկեղեցիների հարցում ինչու է վրաց պետությունից առաջ ընկնում վրացական եկեղեցին, երբ պահանջներ է ներկայացնում հայկական կողմին, ընդ որում, ոչ միայն թիֆլիսյան եկեղեցիների, այլեւ հայաստանյան որոշ հոգեւոր կառույցների նկատմամբ:

Ավելին, անհասկանալի է, երբ հարցին գրեթե անտեղյակ մարդիկ ու գործիչներ ներկայացողներն էլ մեկնաբանություններ են անում, թե թող հայ եւ վրաց եկեղեցիներն իրենք որոշեն խնդիրը: Երեւի նման դատողությունների տեր մարդկանց համար ուրիշի գույքը տնօրինելու փորձերը շատ նորմալ են, մինչդեռ նախ վրաց պետությունը պետք է որոշի իր վերահսկողության տակ գտնվող ու ավերման շեմին կանգնած եկեղեցիների սեփականության հարցը, որն, ի դեպ, ինչպես նշել էր «Ազգը», ակնհայտ է` այդ կառույցների վիճակի հարցում մտահոգ ու անհանգիստ միայն մեկ` հայկական կողմի առկայությամբ:

Հերթական անգամ վրաց եկեղեցու հավակնությունների մասին պատրիարքարանը հիշեցրել էր դեռեւս նախորդ շաբաթավերջին, Սուրբ Նշանում տեղի ունեցած հրդեհից մոտ երկու շաբաթ անց, մի հայտարարություն տարածելով, թե «այդ փաստը մեզ մտահոգում է»:

Շատ հետաքրքրական է, երբ դեպքից տասն ու ավելի օր հետո պատրիարքարանը նոր է «ցավում» պատահածի համար, բայց հայտարարությունը մատուցում է «մտահոգության» իրական պատճառներն ու թե ինչու է լույս ընկել հայտարարությունը: «Եկեղեցում նախ անհրաժեշտ է անցկացնել ամրացման աշխատանքներ, ապա ձեւավորել համատեղ հանձնաժողով, որը հնէաբանական ուսումնասիրություններ ու համապատասխան եզրակացություն կանի: Դրան պետք է մասնակցեն ինչպես վրաց պատրիարքարանի, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչները, որպեսզի անկողմնակալ որոշեն տաճարի ծագումն ու հետեւաբար նաեւ պատկանելության հարցը», ասվում է հայտարարության մեջ:

«Վիճահարույց», բայց հայկական մյուս եկեղեցիների ուսումնասիրությունից հետո միայն, ըստ հայտարարության, «պետք է վրաց եկեղեցուն հանձնվեն Հայաստանի Լոռի-Տաշիրի թեմի եկեղեցիները, իսկ հայկական կողմին` Վրաստանում գտնվողները»: Ինչպես ասում են, եթե ուզել` ապա ամբողջը...

Ամեն դեպքում, հստակ է, որ հայկական կողմն առավել մտահոգ է նախ հենց եկեղեցիների վիճակի առնչությամբ, այլ ոչ թե ամեն առիթով բարձրացնում է դրանց պատկանելության հարցը, իսկ վրաց եկեղեցու համար այդ եկեղեցիները նախ վրացականացնելու ենթակա կառույցներ են, իսկ եթե ոչ այդպես, ապա դրանք կթողնվեն ժամանակի ու պատահական-դիտավորյալ հրդեհների եւ այլ միջադեպերի ավերածությանը, ինչպես արդեն իսկ արվել է Սուրբ Կարմիր Ավետարանի հետ, ինչպես անգամ պղծելով շիրիմները, ընդ որում նաեւ վրացիների` փորձ է արվում իրագործել Սուրբ Նորաշենի դեպքում: Իսկ Մուղնեցոց Սուրբ Գեւորգի փլուզումից հետո, եթե հայերը չհիշեն կրկին այդ մասին, մոռացության գիրկը կանցնի ե՛ւ եկեղեցու գոյության, ե՛ւ դրա հայկական լինելու փաստը:

Քանի դեռ այս հարցը չի բարձրացվել շատ ավելի բարձր ատյաններում, քանի դեռ այս եկեղեցիները մնում են «վիճահարույց», առավել հավանական ճակատագիրը ավերումն ու մոռացությունն են, հատկապես որ արդեն որերորդ անգամ վրաց պատրիարքարանը ոչ միայն իր անունից է պահանջատեր ներկայանում հայաստանյան եկեղեցիների հանդեպ, այլեւ, ինչպես դեռեւս 2011-ի հուլիսին վրաց եկեղեցու սինոդն էր որոշել` կոչ է անում պետությանը ակտիվացնել «քայլերը»` վրաց եկեղեցուն այդ հարցում օգնելու համար: Իսկ որ վրաց պատրիարքարանը դանդաղորեն, բայց համառությամբ առաջ է տանում իր մոտեցումները` կասկածի տեղիք չի կարող տալ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4