«Ազգն» իր ընթերցողներին հանգամանալից ներկայացրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանիՙ Թբիլիսիում գտնվող տան շուրջը ծավալված իրարամերժ լուրերը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Թբիլիսիից: Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, քննարկվել է Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտգործփոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը: Վերջինս տեղեկացրել է, որ Թումանյանի թոռնուհին առաջարկել է ամբողջ տարածքը վաճառել հայ գործարարներից մեկին: Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, որը գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքինՙ հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով: ՀՀ վարչապետի հանձնարարականով արտգործնախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի դա համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ