Հունվարի 20-ին Թեհրանի «Շիրին» մշակութային կենտրոնի ժամանակակից արվեստի ցուցասրահում տեղի է ունեցել անվանի երաժիշտ մաեստրո Լորիս Ճգնավորյանի նկարչական ստեղծագործությունների անդրանիկ ցուցահանդեսը:
Մաեստրոն, որ համարվում է ժամանակակից Իրանի լավագույն երգահաններից եւ դիրիժորներից մեկը, այս անգամ հանդես էր եկել նոր դերակատարությամբ: Մինչ այդ Ճգնավորյանը երբեք չէր նկարել, ոչ էլ ունի համապատասխան կրթություն: «Ես հավատում եմ, որ նրա նկարները վիզուալ երաժշտություն է, որոնք արձագանքում են հույզերը կտավների վրա: Ճգնավորյանի նկարները ներշնչված են սիմֆոնիաներից, օպերաներից եւ այլ ստեղծագործություններից»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է մշակույթի կենտրոնի տնօրեն Շիրին Փարթավին :
Ցուցահանդեսի բացման ժամանակ մաեստրոյին շնորհավորել եւ ելույթներ են ունեցել ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախկին նախարար Ահմադ Մասջեդ Ջամեին, Թեհրանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուն, արվեստաբաններ, հայտնի նկարիչներ եւ երաժիշտներ:
Երաժշտական երկարատեւ գործունեությանը զուգահեռ մաեստրո Լորիս Ճգնավորյանի զգացումներն ու ներաշխարհը այս անգամ ներկայացված էին մի քանի տասնյակ նկարչական ստեղծագործությունների միջոցով, որոնք մեկնաբանում եւ դրսեւորում են մաեստրոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գործիքավորումների երանգներն ու գույները: Նրա վրձնի շարժումները նման են երաժշտական գործիքների ձայների կամ դիրիժորի փայտիկի շարժումների: Ստեղծագործությունների մեծ մասը ներկայացված են երաժշտական գործիքների ու նոտաների տեսքով, ինչով արտացոլված է մաեստրոյի հոգեկան աշխարհը:
Մաեստրո Ճգնավորյանը, ցուցահանդեսին ներկա ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցչին տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի ցեղասպանության թանգարանին է նվիրելու իր` ցեղասպանության թեմաներով նկարած 7 աշխատանքները: