Ինչպես տեղեկացրել ենք, փետրվարի 28-ին եւ 29-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում ստուգողական հանդիպումներ է անցկացնելու Սերբիայի եւ Կանադայի ընտրանիների հետ: Այդ հանդիպումներով մեր ընտրանին կսկսի նախապատրաստվել սեպտեմբերին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության ընտրական մրցաշարին:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ մամուլի քարտուղարությանը տեղեկացրել է, որ Կիպրոսում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքի եւ անցկացվելիք ընկերական հանդիպումների հիմնական նպատակը հնարավորինս շատ թվով ֆուտբոլիստների փորձարկելն է: Ուստի ազգային հավաքականը Կիպրոս կմեկնի ընդլայնված կազմով, կհրավիրվի 26-28 ֆուտբոլիստ, որոնց հնարավորություն կընձեռվի մասնակցելու խաղերին: Բնականաբար, կհրավիրվեն հավաքականի հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները, կլինեն նաեւ նորեկներ: Ըստ Վարդան Մինասյանի, ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ:
Ինչպես հայտնի է, Ռոման Բերեզովսկին իռլանդացիների հետ խաղում դաշտից հեռացվելու պատճառով մեկ խաղով որակազրկված է, ուստի չի մասնակցելու Մալթայի հավաքականի հետ ընտրական մրցաշարի մեկնարկային խաղին: Այնպես որ բացառված չէ, որ Կիպրոսում հավաքականի դարպասն մեկ այլ դարպասապահ պաշտպանի, թեեւ Բերեզովսկին էլ է հրավիրվել հավաքի: Շատ հավանական է, որ ուսումնամարզական հավաքի հրավիրվի «Փյունիկի» նախկին դարպասապահ, ներկայումս Իրանում հանդես եկող Գրիգոր Մելիքսեթյանը, որի խաղը լավ տպավորություն էր թողել Վարդան Մինասյանի վրա: Ամեն դեպքում, ընկերական 2 հանդիպումները թույլ կտան հավաքականի մարզիչներին կարծիք կազմելու ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի եւ խաղային ունակությունների վերաբերյալ, ինչը կօգնի հետագայում հավաքականի կազմն ընտրելու հարցում:
Ինչ վերաբերում է հավաքականի առաջիկա մրցակիցներին, ապա նախկինում մեր ընտրանին մրցել է միայն սերբերի հետ: Սերբիայի հավաքականը ներկայումս ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 27-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Սերբերի հետ հայ ֆուտբոլիստները մրցել են 2008-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին խաղը կայացել է 2006-ի հոկտեմբերի 11-ին Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» մարզադաշտում: Խաղն անհաջող դասավորվեց Իան Պորտերֆիլդի սաների համար, որոնք մրցակցին զիջեցին 0-3 հաշվով: Մրցակիցների 2-րդ հանդիպումը կայացավ Պորտերֆիլդի մահից հետո: 2007-ի հոկտեմբերի 13-ին «Հանրապետականում» կայացած խաղում մեր հավաքականը գլխավորում էին Պորտերֆիլդի օգնականներըՙ Թոմ Ջոնսն ու Վարդան Մինասյանը: Այդ խաղում դարպասները մնացին անառիկ:
ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 74-րդ հորիզոնականը զբաղեցնող Կանադայի հավաքականի հետ մեր ընտրանին առաջին անգամ է մրցելու: Կանադան կլինի 52-րդ երկիրը, որի հետ կմրցեն հայ ֆուտբոլիստները: Նշենք, որ մինչ օրս ՀՀ ազգային հավաքականը մրցել է ամերիկյան մայրցամաքի 7 երկրների հավաքականների հետ: Մեր ֆուտբոլիստներին հաջողվել է հաղթել միայն Պարագվայի ընտրանուն (2-1), որի հետ 2-րդ խաղում պարտվել են (0-2): Միեւնույն 1-1 հաշվով են ավարտվել հանդիպումները Գվատեմալայի եւ Պանամայի հավաքականների հետ, իսկ մյուս 4 խաղերում մեր ընտրանին զիջել է ԱՄՆ-ի (0-1), Էկվադորի (0-3), Պերուի (0-4) եւ Չիլիի (0-7) հավաքականներին: Բոլոր 8 հանդիպումներն էլ ընկերական բնույթ են կրել: