Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայ բանտարկյալների հետ միաժամանակյա խաղի սեանս կանցկացնի: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նշելով, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ երկու առաջատար գրոսմայստերների, այդ թվումՙ Լեւոն Արոնյանի հետ:
«Երբ շախմատիստը գտնվի Հայաստանում, նա քրեակատարողական հիմնարկներում միաժամանակյա խաղի սեանսներ կտա: Այսպիսով, մենք հույս ունենք զբաղեցնել բանտարկյալների ազատ ժամանակը: Այդ նպատակով մտադիր ենք նաեւ ֆուտբոլային մրցաշարեր կազմակերպել: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես են իրենց ժամանակն անցկացնում բանտարկյալները, եթե զբաղմունք չունեն: Դրա համար էլ մենք օգտագործում ենք արտասահմանյան փորձը: Օրինակ, Ավստրիայում եւ Գերմանիայում բանտարկյալներն ազատ ժամանակի 80 տոկոսը զբաղված են: Դրա շնորհիվ մարդը մասնագիտություն է ձեռք բերում, ինչպես նաեւ հնարավորություն է ստանում գումար վաստակել իր ընտանիքի համար», նշել է նախարարը:
Մինչ Հայաստան վերադառնալը, Լեւոն Արոնյանը գերազանց ելույթներ է ունենում Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարումՙ 10 տուրից հետո 7,5 միավորով միանձնյա գլխավորելով աղյուսակը: Այդ ելույթների շնորհիվ Արոնյանն իր ընթացիկ վարկանիշը բարձրացրել է 21,5-ով եւ այժմ ունի 2826,5 ռեկորդային գործակից: Իսկ ահա ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենի գործակիցը ներկա պահին 2833,8 է, որը 1,2-ով նվազել է:
Արոնյանից հետո մեծ առաջընթաց է ունեցել իտալացի Ֆաբիանո Կարուանանՙ վարկանիշն ավելացնելով 17-ով: Այս պահին նրա վարկանիշը 2753 է: