«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2012-01-26 | #14, 2012-01-27 | #15, 2012-01-28


ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ` ՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այսօր լրանում է Հայաստանի երրորդ Հանրապետության ազգային բանակի ձեւավորման 20 տարին: Բանակը ձեւավորվեց իմ սերնդի հայացքի ներքո: Մենք տեսանք ե՛ւ մորուքավոր, մեկ հրացանով ինքնապաշտպանական մարտիկի, ե՛ւ աստիճանաբար տեսքի ու կարգի բերվող զինված ուժերի, ու ապա բոլորիս հպարտությունը դարձած ազգային բանակ` երիտասարդ մարդիկ արդեն ա՛յս բանակի սերնդակիցն ու ականատեսն են եւ չեն պատկերացնում անցած դարի իննսունականների մեր ոգորումներն ազգային բանակը ստեղծելիս: Նախ ստեղծվել էին ինքնապաշտպանական ջոկատները, եւ այն բանից հետո, երբ Խորհրդային Միության փլուզման առաջին շրջանում անհանգիստ էր հայ-ադրբեջանական սահմանը, Սումգայիթ էր եղել, հնչել էին կրակոցներ Երասխավանում, Արցախն էլ ոտքի էր կանգնել` պայքարելով իր ազատագրման համար: Այնուհետեւ Հայաստանի անկախության եւ պետական ենթակառուցվածքների ձեւավորմանը զուգահեռ` կառավարությունը որոշեց այդ ջոկատները համախմբել մեկ ղեկավարության տակ, ստեղծվեց ՄՀՕՋ-ը, հետոՙ պաշտպանության կոմիտեն, հետագայում արդեն պաշտպանության նախարարությունը եւ կազմակերպված բանակը: Սկզբում մեր ինքնապաշտպանական ջոկատները թրծվեցին արցախյան եւ սահմանամերձ կռիվներումՙ արյան գնով ազատագրելով Արցախը, իսկ հայոց սահմանամերձ բնակավայրերում հարեւան աղմկողին ցույց տալով իր տեղը: Բայց նաեւ նահանջների (Շահումյան, Գետաշեն) դառնություն էլ զգացինք, եւ այն աստիճան, որ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն անգամ մահապարտների գումարտակ ստեղծեց: Այն օրերի մասին պաշտպանության նախարար եղած Վազգեն Մանուկյանը «Անկախ» պարբերականում ասել է. «Բանակում հազարավոր տղաներ կային, որոնք համոզված էին, որ մենք կարող ենք հաղթել: Մարդիկ իրար նկատմամբ վստահ էին: Կարեւոր է, որ չմտածեն, թե բանակի ղեկավարությունը պատերազմը վարում է գումար աշխատելու կամ ընկերներին առաջ բրթելու համար: Երբ հավասարության մթնոլորտ ես ստեղծում` բանակի կարողությունները կրկնապատկվում են: Յուրաքանչյուր երկրում, անկախ հասարակարգից, մի կառույց կա, որ սոցիալիստական է, դա բանակն է: Մի կողմից հիերարխիա է, մյուս կողմից պատերազմի ժամանակ մարդիկ պետք է վստահ լինեն, որ չեն զոհվում հանուն ինչ-որ մեկի, այլ` հանուն հայրենիքի: Կարծում եմ` այս մթնոլորտը ստեղծվեց», արցախյան պատերազմի եւ բանակի կազմավորման առաջին տարիների մասին ասել է Վ. Մանուկյանը` նշելով, որ խաղաղ պայմաններում կարգապահությունը բարձր չէր բանակում, տարիների ընթացքում կարգապահությունն ավելացավ:

Նա զարմանում է անցած տարի բանակի դեմ հասարակական պոռթկումից, քանի որ նրա կարծիքով բանակում առկա ոչ կանոնադրային միջադեպերի վատ վիճակագրությունը նվազում է տարեցտարի. «Արձագանքը երբեմն չափազանցված է, քանի որ Հայաստանում կան ուժեր, որոնք առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով», մտորում է նա: Իհարկե, հայոց բանակն աշխարհի այլ բանակների նման թերություններ ունի` մեր դեպքում հասարակության մեջ առկա թերությունների ողջ փունջն է արտացոլվում նաեւ բանակում, ու մենք կողմնակից ենք այդ թերությունների մասին խոսելուն եւ ոչ թե կոծկելուն: Ու չենք հասկանում նրանց, որ թերությունների մասին մտահոգ խոսողին կարող են հավասարեցնել «հավայի բերան թրջողի» հետ: Եվ լավ է , որ այդ ըմբռնումը տեղ է գտնում նաեւ բանակի հարցերով զբաղվող պաշտոնատարների (չնայած` ոչ բոլորի) մեջ. «Չպետք է կոծկել տեղի ունեցող դեպքերը, որպեսզի սպաները եւ զինվորները զգոն լինեն, ծնողներին պետք է արդար եզրակացություն ներկայացնել», սա գոնե Ազգային ժողովի պաշտպանության ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն է ասում: Եվ բանակի ղեկավարությունն էլ աստիճանաբար հասկանում է` այլ ճանապարհ չկա, քան արդար պատիժը «հաբռգածներին»: Հուսով ենք` այդպես է, համենայն դեպս` պաշտպանության նախարարի վերջին շրջանի պահվածքը դրա վկայությունն է: Եվ երեւի կգա մի օր, որ Արտակ Նազարյանի նման կիրթ սպան ոչ թե կարկատան կլինի ու բանակում առկա վատ բարքերին խանգարող, այլ հակառակը, վատ բարքերի կրողները մեր բանակում ճչացող կարկատան կլինեն ու չեն հանդուրժվի` կհեռացվեն: Իսկ այսօր այն օրն է, որ մենք հպարտ պիտի լինենք ազգային բանակ ունենալու հանգամանքով, շնորհավորենք միմյանց, հայ զինվորի բազկին ուժ եւ ամրություն, մտքին` գաղափար ու նվիրում մաղթենք, ուրախանանք մեր հասարակ զինվորով, խրախուսենք բանակում զինվոր ունեցող մորը: Ու վարակվենք այն անկեղծ հրճվանքով, որով վարակվում է իմ երեքամյա թոռնիկ Նարեկը, երբ հանկարծ ականջին է ընկնում «Մեր անունն է հայկական բանակ» երգի ակորդը: Ցանկանանք, որ մեր զինվորական պատասխանատուները տարբեր առիթներով ասելու բան ունենան, ինչպես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` երբ նախորդ օրը մեր ռազմական գործի ձեռքբերումների մեջ զորքերի ավտոմատ կառավարման համակարգի, 1992-ից գրեթե զրոյից սկսված ու այսօր կայացած ռազմաարդյունաբերական համալիրի, մեր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի` սեփական ձեռնարկություններում նորոգվելու, Հայաստանում առաջին անգամ սինթեզված հրթիռային վառելանյութի եւ այլ ռազմական հպարտանալիքների մասին էր խոսում: Բայց եւ զգոնանանք` գուցե վերլուծելու բան կա ու նախարարի տառապանքը փորձ ուներ` այսպիսի ձեւակերպումների համար. «Չի կարելի բանակի մասին դատել ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նեղ շահերի, միջկուսակցական բախումների, եւ ի վերջո, տարբեր հանգամանքների զուգորդման արդյունքում տվյալ պահին ձեւավորված հասարակական տրամադրությունների լույսի ներքո: Դրանք անընդհատ փոխվում են, հարմարվում այսրոպեական իրողություններին, իսկ բանակը շարունակում է կատարել նույն գործառույթները...»:

Բանակն, այո՛, որչափ հզոր, այնքան նուրբ ու զգայուն մարմին է (նախարարի խոսքից օգտվեցինք), բանակում տեղի ունեցող մահերը հոգեբանական խորը եւ բացասական ազդեցություն են թողնում հասարակության վրա, ու ո՛չ արդարացումները, ո՛չ զանազան խոստումները չեն կարող փոխել այդ ազդեցության թողած մտայնությունը, փոխելու ուղին մեկն է` բանակը պետք է ազատվի անհոգի, անկիրթ, զինվորին իր որդու նման չնայող սպաներից, մինչեւ այժմ պատահած մահերն ու միջադեպերը պետք է արդարացի գնահատական ստանան, պատժվեն բոլոր դերակատարները, ու ոչ թե մի երկու խեղճ, ուրիշի մեղքն իր վրա վերցնող զինվոր: Սա անընդհատ գործընթաց է` կամքի մշտական դրսեւորմամբ, բանակի հանդեպ վստահության ու հավատի բարձրացման շարունակական գործընթացով:

Իսկ այսօր հայոց բանակի տոնն է, ու տոնին հարիր էլ ցանկություններ ու մաղթանքներ ունենանք:

ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-ամյակի առիթով նախագահ Սարգսյանի հրամանագրերով զինված ուժերի մի բավական մեծ խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել կոչումներ: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգեւների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն Է արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգեւատրվում եք ձեր հաջողությունների եւ ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպա՛րտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով»,- ասել է Սերժ Սարգսյանը պարգեւատրման ժամանակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4