«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2012-01-26 | #14, 2012-01-27 | #15, 2012-01-28


«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

ԵԽԽՎ-ն կոչ է անում «քննել սեփական անցյալը եւ իրազեկել բնակչությանը», այն, ինչ պակասում է Թուրքիային

Կովկասյան տարածաշրջանում վերջին շրջանի կամ դեռեւս ընթացող հակամարտությունները հանգեցրել են բնակչության տեղափոխությունների: ԵԽԽՎ ստրասբուրգյան երեկվա նստաշրջանում քննարկվող առաջին հարցին առնչվող զեկույցն այսպիսի նախադասություն է պարունակում, ընդ որում, բացատրությամբ, թե հակամարտություններ, ինչպիսին էր պատերազմը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, կամ հակամարտությունը «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»` ըստ ԵԽԽՎ 2007թ. Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածաշրջաններում հակամարտությունների ժամանակ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորած մարդկանց մասին բանաձեւի:

«Բնակչության բռնի տեղահանումը որպես մարդու իրավունքների խախտում» զեկույցը ներկայացնում էր Իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը` ի դեմս զեկուցող Եգիդիժուս Վարեաիկիսի :

Զեկույցը խստորեն դատապարտում է մարդկանց բռնի տեղահանումը` Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է անում դատապարտել նման գործողությունները, «պատշաճորեն քննել սեփական անցյալը բռնի տեղահանությունների առնչությամբ, խրախուսել միջազգային իրավական առումով պարտավորեցնող գործիք, որ կընդհանրացնի միջազգային իրավունքի տարբեր ստանդարտներն ու կսահմանի բռնի տեղահանության բոլոր ձեւերը»:

Զեկույցի առնչությամբ իր ելույթում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ զեկուցողի բանավոր խոսքի որոշ գնահատականներ պետք է նշվեին նաեւ գրավոր տեքստում, օրինակՙ այն առնչությամբ, որ երբեմն տեղահանությունները վերածվում են առավել ծանր, ողբերգական հետեւանքների` մարդկանց ոչնչացման ու ցեղասպանության: «Քննարկվող զեկույցով վեհաժողովը դատապարտում է հարկադիր տեղահանման բոլոր ձեւերն ու առաջարկում ԵԽ անդամ երկրներին դատապարտել այն, առաջարկում է ուսումնասիրել սեփական պատմությունն ու աջակցել գիտելիքների տարածմանը», նշեց Նաղդալյանը:

Նրա խոսքով, նշվածը լավ է, բայց պետք է ոչ միայն նպաստել բնակչության շրջանում գիտելիքների տարածմանը, այլեւ տալ իրավական ու քաղաքական գնահատականներ, թույլ չտալ ժխտումը: «Այդ դեպքում երաշխիք կլինի, որ մարդկության տառապանքների ուղին չի կրկնվի», հավելեց Նաղդալյանը, նաեւ շեշտելով, որ պետք է բացառել կրկնակի ստանդարտների կիրառումը` սեփական կամ ուրիշի պատմությունն ուսումնասիրելիս, օրինակ, այնպիսի մի պարագայում, երբ 20-րդ դարասկզբի հայերի ողբերգության առնչությամբ հենց թուրքական դատարանն է պատժել հանցագործներին:

«Անթույլատրելի է, որ կշեռքի մի նժարին մարդկանց տառապանքներն ու արյունն է, մյուս կողմին լինեն մանր, առեւտրային փաստարկներ կամ քաղաքական նպատակահարմարություն: Չի կարելի ընդունել Հոլոքոսթը կամ հայերի ոչնչացումը, դրա հիմքում դնելով ինչ-որ մեկի քաղաքական շահը», նշեց Հայաստանի պատվիրակը, ավելացնելով, որ նույն կերպ անթույլատրելի է, որ որեւէ ազգի ներկայացուցիչ երբեւէ հայտարարի, թե «իրենց նավթն ավելի թանկ դուրս եկավ, քան այլոց արյունը»:

Զեկույցի առնչությամբ ելույթ ունեցող ադրբեջանցի Գարինա Փաշաեւան անգիր արած «փախստականներ Ղարաբաղից եւ Հայաստանից» էր ներկայացնում, հույն կիպրացիները խոսում էին հույն եւ թուրք բնակչության խնդիրներից, թուրքերը` շեշտում թուրք կիպրացիների արհամարհված լինելու իրենց թեզը:

Զեկույցում կետ 3-ով ներկայացվող 19-24 դրույթները ներկայացնում են տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած բռնի տեղահանությունների մասին` նշելով 20-րդ դարում հայերի, ասորիների եւ հույների տեղահանությունների ու կոտորածների մասին Օսմանյան կայսրությունում մինչեւ 1945-48թթ. Գերմանացիների արտաքսումը Սիլեստայից եւ այլ տարածաշրջաններից: 1990-ականներից օրինակ են բերվում նախկին Հարավսլավիայի իրավիճակի, Սուդանն ու Դարֆուրի խնդիրները, իսկ կովկասյան տարածաշրջանի մասին ձեւակերպմանն արդեն անդրադարձել ենք:

Զեկույցի հենց այս հատվածը տեղիք էր տվել, որ որոշ պատվիրակությունների, մասնավորապես թուրքական եւ ադրբեջանական, ներկայացուցիչներ հանդես գային շատ նեղմիտ փոփոխությունների առաջարկներով: Դրանց մի մասին դեմ արտահայտվեց նաեւ հայաստանյան մեկ այլ պատվիրակ` Արմեն Ռուստամյանը :

«Ազգին» ներկայացրած պարզաբանմամբ, փոփոխության առաջարկներից մեկը վերաբերում էր տեղահանությունների օրինակներում Լեռնային Ղարաբաղն առանձին նշելուն, թեեւ այլ առաջարկով էլ տարբերակ էր դիտվում հանել ընդհանրապես թվարկումը, քանի որ այն ամբողջական չէ: «Եթե ամբողջական չէ ու ամբողջացնելու համար փորձում են միայն Ղարաբաղն ավելացնել, դա որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում», ասաց Ռուստամյանն, ավելացնելով, որ զեկույցում առկա է կովկասյան տարածաշրջան եւ ԼՂՀ առանձնացնելը տրամաբանական չէ:

Առաջարկվող մեկ այլ փոփոխություն էլ, կարելի է ասել, ներկայացնում էր զուտ թուրքական տեսակետ Հայոց ցեղասպանության առնչությամբ` առաջարկելով բանաձեւը չկիրառել, երբ բռնի տեղահանությունների ենթարկված անձինք «վտանգել են տվյալ երկրի անվտանգությունը, կամ եղել են դավաճանության դրսեւորումներ» եւ այլն, այսինքն փորձ` բանաձեւ խցկելու Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական «փաստարկները»: «Սրանք բոլորը ցեղասպանության արդարացումներ են, եւ ես ասացի, որ սա չի կարելի ընդունել, քանի որ կնշանակի թույլ տալ արդարացնել բռնի տեղահանման փաստերը», պարզաբանեց Ռուստամյանը:

Մեկ այլ անհեթեթ առաջարկով էլ փորձ էր արվում փաստաթղթում ընդգրկել դրույթ, թե բերված եզրակացությունները կունենան ուժ, եթե հաստատվեն պատմաբանների կողմից: Ռուստամյանը քննարկմանը նշեց, որ այսպիսի կետի ընդունումն ուղղակի անիմաստ կդարձնի զեկույցը:

Արդյունքում բանաձեւի նախագծի 8 կետերին ավելացավ եւս մեկը, որ տարբեր մեկնաբանությունների տեղիք կարող է տալ. «Բռնի տեղահանությունների կամ դրանց հետեւանքների առնչությամբ երկու երկրների միջեւ հակամարտության դեպքում երկու կողմերն էլ պետք է բացեն իրենց արխիվները եւ ձեւավորեն երկու երկրների գիտնականներից ու պատմության մասնագետներից բաղկացած հանձնաժողով», ընդ որում, մասնագետներին հնարավորություն կտրվի օգտվել երրորդ կողմ երկրների արխիվներից, եթե նման անհրաժեշտություն լինի: «Այս հարցը կքննարկվի գիտականորեն, հնարավոր օբյեկտիվ ճանապարհով պետք է կոնսենսուս լինի պատմաբանների կողմից, այլ ոչ քաղաքական գործիչների», նշվում է բանաձեւում եզրափակմամբ. «Պատմության քաղաքական շահարկումը որեւէ պարագայում անընդունելի է»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4