Մեկօրյա հանգստից հետո Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջն` անցկացնելով 11-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում էր աղյուսակը եզրափակող չեխ գրոսմայստեր Դավիթ Նավարայի հետ: Թվում էր, թե Արոնյանը հեշտությամբ կհաղթի մրցակցին ու գլխավոր մրցանակին արժանանալու լուրջ հայտ կներկայացնի: Սակայն հայ շախմատիստն իր երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց: Նավարան շատերի համար անսպասելի պարտիայի միջնամասում մեկ նավակի առավելություն ստացավ: Ճիշտ է, հետագայում Արոնյանին հաջողվեց գրեթե հավասարեցնել խաղը ու մրցակցի ձիու դիմաց 2 զինվոր ուներ: Բայց Նավարային հաջողվեց պարտիան հաղթական ավարտի հասցնել: 60-րդ քայլին Արոնյանը հանձնվեց` կրելով մրցաշարում անդրանիկ պարտությունը: Իսկ Նավարան առաջին անգամ վայելեց հաղթանակի բերկրանքը:
Չնայած անհաջողությանը, Արոնյանը 7,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: 2-րդ տեղում ընթացող Վասիլի Իվանչուկն էլ այս տուրում անհաջողության մատնվեց Բորիս Գելֆանդի հետ պարտիայում` նույնպես կրելով անդրանիկ պարտությունը: Նա 6,5 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական: Նրան շրջանցեցին 7-ական միավոր վաստակած Մագնուս Կառլսենն ու Թեյմուր Ռաջաբովը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Վեսելին Թոփալովին ու Վուղար Հաշիմովին: Իտալացի Ֆաբիանո Կարուանան հաղթելով Անիշ Գիրիին, վաստակեց 6,5 միավոր: 5,5-ական միավորով հաջորդ տեղերում են Սերգեյ Կարյակինն ու Գատա Կամսկին: Կարյակինը պարտության մատնեց Լյուկ վան Վելիին, իսկ Կամսկին հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ:
Ավարտական 2 տուրերում Արոնյանը մրցելու է Գելֆանդի եւ Ռաջաբովի հետ:
C խմբի մրցաշարում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Բասկարան Ադհիբանի հետ ու վաստակեց 3,5 միավոր: 8,5-ական միավորով առաջատարներն են Մաքսիմ Տուրովն ու Հանս Տիկանենը: