«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2012-01-26 | #14, 2012-01-27 | #15, 2012-01-28


ԱՆՁՆԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ ՀԱՅ ԳԵՂԱՍԱՀՈՐԴԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԸ

Շեֆիլդում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանն ավարտեց ելույթները: Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում 15-ամյա հայ գեղասահորդը վաստակեց 45,75 միավոր, ինչն անձնական ռեկորդ էր նրա համար: Նախկինում նրա լավագույն արդյունքը 45,32 միավորն էր: Սակայն չնայած անձնական ռեկորդին, Սլավիկը չկարողացավ տեղ զբաղեցնել 24 ուժեղագույնների շարքում, ինչը հնարավորություն կընձեռեր շարունակելու պայքարը: Սլավիկը 29 մասնակիցների մեջ գրավեց նախավերջին տեղըՙ առաջ անցնելով միայն թուրք գեղասահորդից:

Կրկին հիշեցնենք, որ Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնության ամենակրտսեր մասնակիցն էր: Ըստ գեղասահքի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի, պատանի հայ գեղասահորդի արդյունքն աննախադեպ է հայկական գեղասահքի համարՙ հաշվի առնելով նաեւ խորհրդային տարիներին մեր մարզիկների ելույթները: Սլավիկն առաջինն է հայ գեղասահորդներից, որ բարձր արդյունքով հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Ֆեդերացիայի նախագահի կարծիքով, եթե Սլավիկը մասնակցեր Ինսբրուկում կայացած պատանեկան ձմեռային օլիմպիական 1-ին խաղերին, ապա տեղ կզբաղեցներ լավագույն հնգյակում:

Առաջիկայում պատանի գեղասահորդին նոր փորձություն է սպասում: Նա կմասնակցի փետրվարի 27-ից մարտի 4-ը Մինսկում կայանալիք գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4