Դեռեւս նախորդ շաբաթավերջին ֆրանսիացի թուրքամետ պատգամավոր Նատալի Գյուլենի` հունվարի 23-ին ֆրանսիական Սենատում ընդունված ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքը սահմանադրական դատարան բողոքարկելու նախաձեռնությունը հավաքել էր զգալի պակաս, քան պահանջվող 60 ստորագրությունն է:
Ակնհայտորեն այդ ստորագրություններն ապահովելու հարցում թուրքական կողմն ամեն տեսակ «աջակցություն» է տրամադրել Գյուլենին, ընդ որում, հետաքրքրական կլիներ իմանալ, թե ընդհանուր առմամբ ի՞նչ է արժեցել ոչ թե 60, այլ 72 ստորագրության ձեռքբերումը, ինչ հիմքով էլ Սենատի ընդունած օրենքը, միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ, արդեն բողոքարկվել է Սահմանադրական դատարան:
Ստորագրությունների հեղինակները հիմնականում ձախ ծայրահեղական ընկալվող Եվրոպական ժողովրդավարական եւ սոցիալական միավորման անդամներն են, ֆրանսիական աղբյուրների ներկայացմամբՙ նախաձեռնությունն էլ միավորման նախագահ ժակ Մեզարինն է, թեեւ ստորագրություն են տվել նաեւ իշխող կուսակցության ու ընդդիմադիր սոցիալիստներին ներկայացնող սենատորներ եւս:
Ըստ դիմումատուների, օրենքը իբր հակասում է Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին եւ խոսքի ազատության իրավունքին: Մինչդեռ հիշեցնենք, որ անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գնահատմամբ, այս պարագայում հարցը ոչ թե խոսքի ազատությանն է վերաբերում, այլ ատելության տարածմանը: Այդուհանդերձ, հունվարի 30-ին դիմումն ընդունվել է Սահմանադրական դատարանի կողմից,
Ինչեւէ, չի ուշացել Թուրքիայի վարչապետի եւ արտգործնախարարի շնորհակալությունը դիմումը ստորագրած սենատորներին: Ամեն դեպքում, ինչպես ստորագրողները, այնպես էլ այդ նախաձեռնությանը չմիացած սենատորները առավելագույնը կսպասեն մեկ ամիս, որի ընթացքում Սահմանադրական դատարանը պետք է վճիռ կայացնի:
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն ընդհնարապես որոշումներ կայացնում է այնպիսի օրինագծերի նկատմամբ, որոնք արդեն քվեարկվել են խորհրդարանում, սակայն դեռեւս չեն վավերացվել նախագահի կողմից: Այսինքն` կարելի է ենթադրել, որ եթե մինչ դիմումի ներկայացումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վավերացրած լիներ օրենքը, այն այլեւս չէր կարող ներկայացվել Սահմանադրական դատարան, քանի որ գործող օրենքների առնչությամբ Ֆրանսիայի այս ատյանը որոշումներ չի կայացնում, օրենքների կիրառումը չի կասեցնում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ