Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոմիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Ինչպես տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ տարածաշրջանային խնդիրներին:
Ներկայացնելով ԵՄ-ի դիրքորոշումըՙ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, եւ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել:
Լեֆորն այցելելու է նաեւ Ադրբեջան եւ թերեւս հենց այնտեղ կարիք կունենա կրկին ներկայացնելու ԵՄ տեսակետները ԼՂ հարցում:
Ա. Հ.