«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ԻՐԱՆԻ ԴԵՄ ԵՄ-Ի ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՆՊԱՏԱԿԻՆ ԾԱՌԱՅԵՆ

Քանի որ սահմանողների խնդիրը իրանական նավթը չէ, այլ Սիրիա-Իրան առանցքը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մերձավոր եւ Միջին Արեւելքը հակասություններով թերեւս աշխարհի ամենաբարդ տարածաշրջանն է: «Արաբական գարունը» էլ ավելի բարդացրեց իրավիճակը: Չնայած իշխանափոխությանը Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում ոչ մի կերպ չի հաստատվում իշխանափոխությունից ակնկալվող խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարությունը: Արեւմուտքի օրհնությամբ շարունակվում են խռովությունները Սիրիայում:

Այլ կերպ, ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում անշեղ սրվում է, իսկ տարածաշրջանային երկրները հաջորդաբար ներքաշվում են Արեւմուտքի հետ Ռուսաստանի եւ Չինաստանի անհաշտ մրցապայքարում: Այդ երկրներից Արեւմուտքի նկատմամբ որդեգրած դիրքորոշմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանում ունեցած տեղով ու դերով առանձնանում են Սիրիան ու Իրանը:

Սիրիան միջազգային ուժերի մրցապայքարի կիզակետում էր հայտնվել դրսից կառավարվող խռովությունների դեռեւս առաջին իսկ օրից: Իսկ Իրանը իրանական նավթի ներմուծումն արգելելու Եվրոմիության որոշմամբ, որը ենթադրում է իրանական պետության դեմ կիրառվող պատժամիջոցների խստացումը: Մինչ պատժամիջոցների խստացման համար Միացյալ Նահանգները ողջունում էր ԵՄ-ին, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը խստիվ դատապարտում էին, ընդգծելով միաժամանակ դրա աննպատակահարմարությունը, Իրանն ինքը նախորդ օրվա պաշտոնական հայտարարությամբ դադարեցրեց նավթի արտահանումը եվրոպական երկրներ:

Խնդիրը, սակայն, ԵՄ-ի երկրներ նավթի արտահանման դադարեցումը չէ, այլ Հորմուզի նեղուցի փակման իրանական սպառնալիքներն են ու դրա հնարավոր ազդեցությունը նավթի միջազգային գների, նավթ ներմուծող եւ արտահանող երկրների վրա, հատկապես Պարսից ծոցի, որովհետեւ այս նեղուցի փակման դեպքում ամբողջությամբ ծոցն է ինքնաբերաբար փակվում:Դրանով ներմուծող երկրները զրկվում են Պարսից ծոցից նավթ ներկրելու, իսկ Ծոցի երկրներըՙ վերջիններիս մատակարարելու հնարավորությունից: Էլ չենք խոսում մի քանի օրում գների կրկնապատկման մասին, որովհետեւ անցյալ տարվա վերջին Հորմուզը փակելու Իրանի սպառնալիքը բավական էր, որ նավթի մեկ բարելի գինը միջազգային շուկայում 85 դոլարից բարձրանա 100-ի:

Թեեւ Իրանը եկամուտների 60 տոկոսը նավթից է ստանում, սակայն իրանական նավթի 85 տոկոսը ներկրում են Չինաստանը, Հնդկաստանն ու Ճապոնիան: Այսինքնՙ իրանական նավթի ներմուծումն արգելող ԵՄ-ի երկրների մասնաբաժինը մոտ 15 տոկոս է: Նրանցից Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան եւ Իսպանիան տնտեսաֆինանսական խորը ճգնաժամ են ապրում:

Ակնհայտ է, որ այս ճգնաժամը ոչ միայն խոչընդոտում է ԵՄ-ի կայացումը որպես ինքնուրույն քաղաքական բեւեռ, այլեւ ճգնաժամի սպառնալիքի տակ դնելով եվրոպական այս կառույցին, լրջորեն սպառնում է նրա գոյությանը:

Պատժամիջոցները Իրանի համար նորություն չեն: 2006-2010 թթ. միջազգային ծրագրի պատճառաբանությամբ նրա նկատմամբ 4 պատժամիջոցներ են կիրառվել: Դրանցից երկուսի հետեւանքով արգելվել է Իրանին զենքի վաճառքը, մեկը համատեղ ջանքերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չեզոքացրել են Ռուսաստանն ու Չինաստանը, մյուսն էլ ի չիք է դարձրել Իրանը, անտեսելով միջուկային ծրագիրը ընդհատելու պահանջը:

Թվում է թե ԵՄ-ի, առավել եւսՙ պատժամիջոցների խստացման համար այս կառույցին ողջունող ԱՄՆ-ի խնդիրը իրանական նավթը չէ, ոչ էլ Իրանի միջուկային զենք ստեղծելու հավանականությամբ պայմանավորվող «անվստահելիությունը», այլ տարածաշրջանում առկա Սիրիա-Իրան առանցքը, կամ ռազմաքաղաքական լարվածության հարատեւումն այս առանցքը չեզոքացնելու ձեռնարկումներով ապահովելը:

Առանցքի չեզոքացման դեպքում Սիրիան, զրկվելով Իրանի աջակցությունից, լիարժեք կմեկուսացվի տարածաշրջանում, Իրանն առավել եւս, որովհետեւ «Իսլամական ջիհադի», «Հըզբոլլահի», «Համասի» վրա նա իր ազդեցությունը տարածում է Սիրիայի միջոցով, շնորհիվ վերջինիՙ շփվում է Լիբանանի ու Պաղեստինի հետ, եւ ռազմաքաղաքական ներկայություն ապահովում Արեւելյան Միջերկրականում, ինչպես նաեւ հարաբերվում է արաբական աշխարհի հետ: Ի դեպ, Ռուսաստանի հետ Իրանի մերձեցմանը նույնպես Սիրիան էր նպաստել:

Նպատակին կծառայե՞ն Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները, կամ կհաջողվի՞ Արեւմուտքին չեզոքացնել Սիրիա-Իրան առանցքը, ցույց կտա ժամանակը: Բայց որ այս երկու երկրներիՙ Սիրիայի ու Իրանի ներքաշումը Արեւմուտքի հետ Ռուսաստանի ու Չինաստանի մրցապայքարում, կոնֆլիկտային լրացուցիչ պաշարներ է ստեղծում տարածաշրջանի համար, ակնհայտ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4