«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԵՂԱՆՉՈՒՄ ԸՆԴԴԵՄ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ՞

Ժան Վարուժան Սիրապյան

Ժ. Վ. Սիրապյանը ծնվել է Թուրքիայում: Ֆրանսիան բացահայտել է Ստամբուլի Մխիթարյան հայրերի մոտ սովորելիս: Ամերիկյան համալսարանում ուսանել է հումանիտար գիտություններ:

Փարիզ մեկնելուց հետո դրսեւորել է զանազան ունակություններ. աշխատել է որպես Simca-ի թարգման, թաղամասի լուսանկարիչ, տեղեկագետ, հաշվապահ, Eicar-ի ուսուցիչ, Ալֆորվիլի մունիցիպալ խորհրդական, լրագրող եւ չորս տասնյակ աշխատությունների հրատարակիչ:

Հայաստանը նրա իսկական կիրքն է: Նա Չոպանյան ինստիտուտի հիմնադիր նախագահն է, Europe et Orient հանդեսի տնօրենը: Հայաստան կատարած ճամփորդությունները նրան առիթ տվեցին ֆրանս-հայկական կապեր ստեղծել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում եւ անհրաժեշտ վավերագրեր ժողովել իր ապագա հրապարակումների համար: Երեւանում նա հանդես է գալիս Պետհամալսարանի լրագրության ֆակուլտետում, մասնակցում ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդումներին:

Համազրույցների ժամանակ նա արտահայտվել է մարդու իրավունքների, Թուրքիայում փոքրամասնությունների վիճակի եւ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարցերի շուրջը, իսկ France 24 հեռուստաալիքով խոսել է որպես Փոքր Ասիայի եւ Հարավային Կովկասի ռազմավարական հետազոտությունների ու վերլուծությունների կենտրոնիՙ Չոպանյան ինստիտուտի հիմնադիր նախագահ: Անդամ է Ռամկավար ազատական կուսակցության, Ֆրանսիայում կուսակցական եւ ազգային տարբեր կառույցներում վարել է կարեւոր պաշտոններ:

Ժ. Վ. Սիրապյանն այսօր Փոքր Ասիայի եւ Հարավային Կովկասի հարցերի անուրանալի մասնագետներից մեկն է:

Huffington-France կայքէջում «Հայոց ցեղասպանություն. վտանգավոր խղճահարություն» վերնագրով հրապարակած հոդվածում արդարադատության նախկին նախարար Ռոբեր Բադենտեն վերադառնում է Սենատում հունվարի 23-ին յոթուկեսժամյա բանավեճերից հետո ընդունված օրենքի մոլի ընդդիմախոսների քանիցս կրկնած փաստարկներին:

Նույն փաստարկները ենթադրում են նույն պատասխանները, որ մենք այստեղ կփորձենք տալ պրն Բադենտեի հիշատակած երեք կետերին:

1-ին

Իր հոդվածի առաջին մասում Բադենտեն գրում է. «Կարծում եմՙ թերապեւտիկ դերից բացի, այդ օրենքը կբերի միայն տհաճություններ, այդ թվումՙ հենց հայ համայնքին»: Նա առաջարկում է մի սցենար, երբ Ֆրանսիայում հարցման ենթարկվող որեւէ թուրք պաշտոնյա կամ հրապարակախոս կժխտեր Հայոց ցեղասպանության փաստը եւ դատական հետապնդման կենթարկվեր: «Հետապնդվող անձը չի վարանի խոսել օրենքի հակասահմանադրականության մասին, որը QPC-իՙ սահմանադրականության գերակա հարցի պատճառով դեմ է համոզմունքի ու խոսքի ազատությանը»: Արդ, հանրային իրավունքի դոկտոր Վենսան Կուսիրա-Կուստերը այդ փաստարկին արդեն պատասխանել է Le Monde թերթի հունվարի 17-ի հոդվածում.

«Սակայն QPC-ն ստեղծված չէ օրենքի կողմից ամբողջ սահմանադրության կատարման համար: Սահմանադրականության գերակա հարցը (QPC) սահմանափակվում է հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ, ուստի չի կարող իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը չառնչվող հնարավոր հակասահմանադրականությունների պատճառով հանգեցնել 2001-ի օրենքի դատապարտմանը: Սահմանադրությունը ընդդատյա անձին որեւէ իրավունք չի շնորհում, երբ խորհրդարանը հարգում է իր օրենսդրական իրավասությունը կամ գործադիր իշխանության լիազորությունները: Բացի դրանից, 2001-ի օրենքը լոկ հռչակագրային է: Այսպիսով, որեւէ պատճառ չկա Ռոբեր Բադենտեի նման կարծելու, թե «քննարկումը կվերաբերի առաջին հերթին դրա սահմանադրականությանը»:

Ի դեպ, տվյալ օրենքի քննադատները երբեք չեն կարողացել պատասխանել հետեւյալ հարցին. «Ֆրանսիայում ճանաչված է երկու ցեղասպանությունՙ Հոլոքոսթը եւ Հայոց ցեղասպանությունը: Առաջինի ժխտումը քրեապես պատժելի է: Նորմա՞լ է, որ մյուսը պաշտպանված չլինի»:

2-րդ

Իր հոդվածի երկրոդ մասում պրն Բադենտեն գրում է. «Թող խորհրդարանն իրավասու չլինի պատմության շարադրման հարցում. այդ թեմայով ամեն ինչ հիանալի ասել են Պիեռ Նորան եւ «Պատմության ազատություն» ընկերակցության անդամները: Միայն ամբողջատիրական վարչակարգերն են ընդունում իշխանության ամրագրած եւ դատավորի պարտադրած «պաշտոնական» պատմություն»:

Երկու պատասխան կա այդ երկու ստահոդ պնդումներին, որոնք բանավեճերի ընթացքում բազմիցս հնչել են ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ Սենատում: Նախ, դեկտեմբերի 18-ի եւ հունվարի 23-ի քվեարկություններով «պատմություն չի շարադրվում», եւ Պիեռ Նորայի հավաստումը ճիշտ չէ: Այդ քվեարկությունը «օրենք է թելադրում» եւ Ֆրանսիայի հայ քաղաքացիներին (եւ ոչ միայն նրանց) պաշտպանում է թուրք երիտասարդների գերազգայնական խմբերի զանազան բռնարարքներից, որոնց գործողությունները ղեկավարվում են Անկարայից:

Այժմ անդրադառնանք «պաշտոնական» պատմության փաստարկին: Այս կապակցությամբ պետք է ասել, որ պաշտոնական պատմությունը Թուրքիայում գործի դրեց Մուստաֆա Քեմալը 1930-1931 թթ., իսկ դրա անշեղ կիրառմանը հետեւող կառույցը կոչվում է TTK (TՖrk Tarih Kurumu): Մեկնաբանության ոչ մի հնարավորություն չտվող Ղուրանի նման Թուրքիայի պաշտոնական պատմությունը չի հանդուրժում որեւէ շեղում Աթաթուրքի դոգմաներից, հատկապեսՙ Հայոց ցեղասպանության հարցում, «որը երբեք չի եղել»: Ի դեպ, Թուրքիայի առաջարկած «պատմաբանների հանձնախմբի» խայծով հրապուրվողներին, ներառյալ Ֆրանսիայի արտգործնախարարին, հարկավոր է հիշեցնել 2011-ի դեկտեմբերի 15-ին վարչապետ Էրդողանի ասած խոսքերը. «Ոչ մի պատմաբան չի կարող որեւէ ցեղասպանության հետք գտնել մեր պատմության մեջ»: Քննարկումն ավարտված է:

3-րդ

Եվ վերջապես, հոդվածի երրորդՙ վերջին մասում պրն Բադենտեն մոլորության մեջ է ընկնում, երբ գրում է. «Ֆրանսիայի խորհրդարանի այդ անչափավորությունն անպայման կառաջացնի հակաֆրանսիական արձագանքներ»: Ըստ որում, «անչափավորություն» ասելիս նա օգտագործում է հին հունարեն hubris բառը, որն ունի նաեւ գոռոզությունից դրդված մեծ սխալ գործելուՙ աստվածների դեմ մեղանչելու իմաստ: Պարզվում է, այդ օրենքն ընդունելովՙ Ֆրանսիայի խորհրդարանը մեղանչել է աստվածների դեմ: Փողի՞ աստվածների: Գուցե պրն Բադենտեն Թուրքիային դնում է աստվածավայել պատվանդանի վրա՞:

«Մենք Թուրքիայի իշխանություններին կարող ենք հորդորել վերանայելու իրենց պատմությունը, ինչպես որ Եվրոպայում արել են ուրիշ պետություններ», գրում է նա: Այո, բայց տեղահանվածները (հայեր, քրդեր, ալեւիներ, ասորիներ...) արտերկրում եւ ժողովրդավարներն ու առաջադիմականները երկրի ներսում հենց դա են փորձում անել տասնամյակներ շարունակ: Ըստ որումՙ ոչ թե մեր փղոսկրե աշտարակներում եւ Փարիզի շքեղ թաղամասերի գրասենյակներում, այլ հենց տեղում: Պատմությունը վերանայելու հորդորը կարող էր գործել որեւէ նորմալ երկրում: Բայց չի կարող նորմալ համարվել այն երկիրը, որտեղից փախավ նույնիկ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, քանզի համարձակվել էր խոսել հայերի եւ քրդերի կոտորածների մասին, որտեղ երկու ժողովուրդների հաշտեցման փորձ արած լրագրող եւ հումանիստ Հրանտ Դինքին օրը ցերեկով «խորքային պետության» հրահանգով սպանեց 17-ամյա մի ազգայնական, որտեղ հինգ տարվա դատավարությունից հետո սպանության կազմակերպիչներին ազատ արձակեցին:

Եվ խնդրում եմ, մի՛ բերեք այդ խղճուկ փաստարկը, թե Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել օրենք, որպեսզի ճնշի Ֆրանսիային եւ նրա պատմությունը: Այդ փաստարկի լավագույն պատասխանը տվեց մի ալժիրցի, վարչապետ Էրդողանին հիշեցնելով անջնջելի հետքեր թողած երեքդարյա (1530-1830) օսմանյան վայրագ տիրապետությունը:

Անհատների ժխտողական դրույթների դեմ կարելի է պայքարել հակափաստարկներով, բայց պետական ժխտողականությունից կա միայն մեկ պաշտպանությունՙ օրենքը:

ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐԱՊՅԱՆ, Փարիզ, Europe et Orient հանդեսի տնօրեն, Թարգմ. Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4