Այդ մասին, ինչպես հունվարի 29-ին կայքէջում նշել էր CNN-Turk-ը, «Ժողովրդի ձայն» կուսակցության Անկարայի վարչության նիստում, որին մասնակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտարարել է քաղաքական այս կազմակերպության նախագահ Նուման Քուրթուլմուշը :
Գյուլից հետո բարձրանալով ամբիոն, նա սկզբում անդրադարձել է այն 30 երիտասարդների խնդրին, որոնք Կեսարիայում իսրայելական կանանց բասկետբոլի թիմի հետ թուրքականի հանդիպման ժամանակ «Կորչի Իսրայելը» վանկարկելու համար ձերբակալվել էին: Ապա նրանց դեմ հարուցվել էր քրեական գործ, որը սակայն կարճել էր դատական նիստի նախագահը, պատճառաբանելով, թե այս կարգախոսը որեւէ առնչություն չունի կրոնական եւ էթնիկ խտրականության հետ, իսկ «կորչի» արտահայտությունըՙ անարգանքի, քանի որ չքվել է նշանակում, ուստի անեծք պետք է համարվի:
Քուրթուլմուշը նախ արդարացրել է այս այլատյաց թափթփուկներին, ընդգծելով, որ նրանք ազատ են արձակվել կուսակցության իրավաբանների անմիջական միջամտությամբ եւ դրանով կանխվել է մի մեծ խայտառակություն: Այնուհետեւ նա ասել է. «Ֆուրքան Դողանը 19 տարեկան էր, երբ նահատակվեց «Մավի Մարմարա» նավի տախտակամածում: Կեսարիայի միջադեպը անարգանք էր նրա նրա նահատակությանը: Հնարավոր եղավ ժամանակին գործը կարճել եւ խուսափել խայտառակությունից»:
Այնուհետեւ «Ժողովրդի ձայն» կուսակցության նախագահն անդրադարձել է հանգուցյալ Հրանտ Դինքի գործին: Նա մասնավորապես ասել է. «Հրանտ դինքին սպանել են այն մութ ուժերը, որոնք մարդու ազատություններին դեմ են մեր երկրում: Այս մութ սպանության բացահայտմանը նպաստելու համար պարտավոր ենք պաշտպան կանգնել տուժող կողմին: Սակայն որոշ չարանենգներ այն տպավորությունն են ստեղծում, թե Դինքի գործը «Բոլորս հայ ենք» կարգախոսի պատճառով չի հետաքրքրում հավատացյալ զանգվածին: Բոլորս հայ չենք, փառք Տիրոջը, բոլորս մահմեդական ենք, այդ իսկ պատճառով էլ տեր ենք կանգնելու Հրանտ Դինքի գործին»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ