«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ԵՄ. ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿՈՉԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ

Դժվար է պատկերացնել, որ արտաքին քաղաքական զարգացումներին հետեւող որեւէ մեկը կարող է այնպիսի համառությամբ եւ անգրագետ ներկայանալով պահանջներ ներկայացնել, ինչպես դա արվում է ադրբեջանական ու թուրքական որոշ դրդիչների կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբում այս կամ այն համանախագահող երկրի առնչությամբ ինչ-որ բան փոխելու ցանկությամբ:

Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո էլ այս անձանց ձայներն առավել բարձր են հնչում` մեկնաբանությամբ, թե Ֆրանսիան անաչառ չէ եւ պետք է նրան փոխարինեն Թուրքիայով: Որ նման անհեթեթ հայտարարություններ անողները անաչառ կարող են համարել մի երկիր, որ իսկի շփման եզր չունի Հայաստանի հետ, թող մնա իրենց գիտակցությանը: Սակայն երբ այս փոխատեղումը տեսնելու ցանկությամբ սրան-նրան են դիմում, դա արդեն զավեշտ է, հատկապես որ ում էլ դիմեն` նույն Ադրբեջանի նախագահն ամեն առիթի դեպքում հանգիստ ստորագրում է թղթերի տակ` համաձայնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին այլընտրանք չի կարող լինել: Ստորագում է, բայց...

Հերթական անգամ ադրբեջանական լրատվամիջոցներին այս հարցի առնչությամբ պարզաբանում է տվել Ադրբեջանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան: Ադրբեջանական եւ թուրքական կողմերից Ֆրանսիային փոխարինելու հայտարարությունների առնչությամբ Կոբիան նշել է. «Կարծում եմ, վերջին օրերի նմանօրինակ հայտարարություններն ու ելույթները շատ հեռուն ու խորն են գնացել, ես չեմ կարծում, որ դա ճիշտ է ու արտացոլում է իրականությունը»:

Եվրոպացի դիվանագետի խոսքերով, որ ներկայացնում է 1news.az գործակալությունը, որեւէ պարագայում Ֆրանսիայի հետկանչումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից կարող է որոշել միայն նույն Մինսկի խումբը: Եվրոմիությունը տվյալ դեպքում չի կարող միջամտել, քանի որ Ֆրանսիայի ներգրավվածության հարցը որոշվել է այդ երկրի մակարդակով: Այդուհանդերձ, ըստ Կոբիայի, Եվրոմիությունը կցանկանար համանախագահների համատեղ աշխատանքի արդյունքը տեսնել, թեեւ փաստ է, որ նրանք ակտիվ աշխատում են, կազմակերպում նախագահների հանդիպումներ, նախագահներն էլ շարունակում են հանդիպել, «ինչն ինքնին հրաշալի ցուցանիշ է»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4