Ի դեմս Մեհմեդ Ալի Բիրանդի հարեւան երկրում նոր «թշնամի» են հայտնագործել: Բայց մենք չէինք ցանկանա խորամուխ լինել Բիրանդ-ադրբեջանական մամուլ բանավեճի «սահանքներում»: Իրենց խնդիրն է` ինչ եւ ինչպես են ասում, եւ ով է արդարացի, ով` ոչ: Կարծում ենք` երկու կողմն էլ առնվազն կեղծում են Թուրքիա-Ադրբեջան տարաձայնությունների իրական պատճառների հարցում:
Ավելի կարեւոր է մի հրապարակման հետեւյալ ձեւակերպումը. «...Ադրբեջանում ավելի մեծ նշանակություն են տալիս իրական արարքներին: Ադրբեջանը Թուրքիայի հետ եղբայրական հարաբերությունները ցուցադրում է ամեն ինչում, սկսած այդ երկիր տարածաշրջանում ամենացածր գներով գազ մատակարարելուց, վերջացրած Ֆրանսիայի Սենատի որոշման դեմ ամենատարբեր երկրներում բողոքի բազմահազարանոց ակցիաներով, որոնց մեծ մասը կազմակերպվել է ադրբեջանական դիասպորային պաշտոնական կառույցների կողմից: Այդ ժեստն անհնարին կլիներ, եթե դրա համար չլիներ մեր երկրի բարձրագույն ղեկավարության համաձայնությունը»:
Նախ, ի՞նչ է նշանակում «ադրբեջանական դիասպորական պաշտոնական կառույցներ» ասվածը: Պե՞տք է, արդյոք, եզրակացնել, որ այդ «կառույցներն» ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից աշխարհի ամենատարբեր երկրներ գործուղված գործակալներ: Չէ՞ որ այլ դեպքերում Բաքվի քարոզչությունը պնդում է, որ «ի տարբերություն մշտապես «թափառական» հայերի, ադրբեջանցիները հայրենասեր են եւ երբեք իրենց հողը չեն լքում»:
Ինչո՞ւ հանկարծ «հայրենասեր ադրբեջանցիները» որոշել են հայրենիքից հեռանալ եւ «դիասպորական կառույցներ» ստեղծել աշխարհի զանազան երկրներում: Հատկապես` Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում: Պարզվում է, դա արվել է, որպեսզի նրանք «հակակշռեն» հայկական Սփյուռքին: Այդ կերպ ադրբեջանական իշխանությունները, սակայն, փաստորեն այլ երկրներում ստեղծել են «հինգերորդ զորասյուներ», որոնք ամեն պահի ընդունակ են իրավիճակ ապակայունացնել:
Երկրորդ հանգամանքն այն է, որ ադրբեջանական քարոզչությունը բաց տեքստով վկայում է, որ «դիասպորական կառույցներն» առանց Իլհամ Ալիեւի «համաձայնության», պետք է հասկանալ` առանց նրա հրահանգի, ոչինչ չեն ձեռնարկում: Ստացվում է, որ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում ունենալով դիվանագիտական պաշտոնական ներկայացուցչություններ, Իլհամ Ալիեւը նաեւ «հանրային ազդեցության» կառույցներ է վերահսկում:
Եվ եթե վաղը եվրոպական որեւէ երկրի ադրբեջանական «համայնքը» բողոքի ակցիա կազմակերպի, ապա դա պետք է գնահատել իբրեւ Իլհամ Ալիեւից ուղղակի հրահանգված քայլ: Պաշտոնապես, մինչդեռ, Բաքուն հանդես է գալիս այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու հավաստիացումներով:
Վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը նոր կեցվածք է որդեգրել: Եվրոպական երկրներ գործուղված հանձնակատարներն ամեն կերպ փորձում են կապեր հաստատել ծագումով իրանցի էթնիկ «ադրբեջանցիների» հետ: Քանի որ բազմահազար «համայնք» դժվար է ստեղծել եւ հոգալ կեցության ծախսերը, Իլհամ Ալիեւը որոշել է օգտագործել «պատրաստի հումքը»: Այն է` իր վերահսկողության տակ առնել ամենատարբեր պատճառներով Իրանից Եվրոպա մշտական բնակության տեղափոխված «ադրբեջանցիներին»:
Նիդեռլանդներում նման փորձ արվել է, բայց` անհաջող: «Մեր եւ իրանցի ադրբեջանցիների ընկալումները խիստ տարբերվում են»,- ստիպված է եղել խոստովանել այդ երկրում «ադրբեջանական համայնքի ղեկավարը»: Թուրք- ադրբեջանական քարոզչական բանավեճն, այսպիսով, բացահայտեց եւս մեկ իրողություն` Ադրբեջանը եվրոպական երկրներում վերահսկում է որոշակի կառույցներ, որոնք գործում են «համայնքային»-ի կարգավիճակով, բայց իրականում կատարում Իլհամ Ալիեւի այս կամ այն հանձնարարությունը:
Արդյոք սա նույն եվրոպական երկրների համար ահազանգ չէ՞: Նրանց համար ցանկալի՞ է ունենալ «հինգերորդ զորասյուներ», որոնք կառավարվում են այլ երկրից: Տվյալ դեպքում` Ադրբեջանից: Չէ՞ որ ամեն երկրի անգամ հանրային կարծիքի վրա այլ պետության նախաձեռնությամբ եւ հրահանգով արված որեւէ ազդեցություն ոչ այլ ինչ է, քան միջամտություն նրա ներքին գործերին: Չէ՞ որ գործուղված «համայնքները» նույն այդ երկրների հետ որեւէ առնչություն չունեն: Ամենայն հավանականությամբ, նույն նպատակն է հետապնդում նաեւ եվրոպական երկրներ «ուսանողներ» ուղարկելը:
Կամա թե ակամա, բայց ադրբեջանական կողմը մատնել է իր գաղտնիքներից մեկը: Եվրոպական երկրները, թվում է, պետք է արձագանքեն համարժեքորեն: Ելնելով գոնե սեփական ներքին անվտանգության առաջնահերթությունից: Ուշագրավ է, որ զուգահեռաբար ադրբեջանական մամուլը տեղեկատվություն է տարածել, թե «Ֆրանսիայում ուսանող ադրբեջանցիները որոշել են վերադառնալ հայրենիք»: Իսկ գուցե զգուշացել են, որ կարտաքսվե՞ն:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ