Ակումբային քաղաքական գործունեությունն իր բարձրակետում է` երեկվա ակումբայիններից մեկ զույգ` ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն ու ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանը լրագրողների խնդրանքով խոսելով իրենց ներկայացրած ուժերի համամասնական ցուցակների կազմության մասին, որոշ ճշգրտումներ արեցին: Մինասյանը նշեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակում (ինչպես ի դեպ նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների դեպքում) ավելի շատ քաղաքական գործիչների վրա է շեշտը դրվելու, սակայն ՀՀԿ-ն դեռ չի կազմել իր ցուցակները. «Կլինեն նոր դեմքեր, նոր մոտեցումներ, հաշվի կառնվեն անպայման մարդու քաղաքական կշիռն ու վարքագիծը», ասաց նա: Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի` ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու լուրերին ի պատասխան` Մինասյանը կրկին նշեց, որ այդ կարգի քննարկումներ ՀՀԿ գործադիր նիստում կամ խորհրդում չեն եղել, իսկ այդ մարդիկ հայտնի են իրենց քաղաքական գործունեությամբ, ու, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն կքննարկի ու կորոշի նաեւ այդ կարգի խնդիր, բայց առայժմ որոշում չկա: Իսկ ընդհանրապես` ամեն ինչ արվելու է նախ արդար ու ոչ վիճահարույց ընտրություններ անցկացնելու համար:
ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանից «Ազգը» փորձեց ՀԱԿ ցուցակները կազմելու շուրջն այժմ առկա երկու մոտեցումների վերաբերյալ տեսակետ ստանալ. մեկ տեսակետով` 18 կուսակցություններից յուրաքանչյուրի լիդերն է ընդգրկվելու համամասնական ցուցակի առաջին քսանյակում, մյուս մոտեցմամբ` ՀԱԿ անդամ կուսակցությունների` առավել հայտնի գործիչները, ովքեր 5-6 կուսակցություն են ներկայացնում: Գրիգոր Հարությունյանը չուներ այս հարցի պատասխանը, ժխտեց, թե ցուցակների կազմության քննարկումներից ՀԺԿ-ն դժգոհություն ունի` ցուցակների հարց չի էլ քննարկվել, բայց եւ անուղղակի հաստատեց երկրորդ մոտեցման մասին մեր ասածը` նշելով, որ անձամբ ինքը ցուցակներում հասարակությանը հայտնի գործիչների ընդգրկելու կողմնակիցն է, ում ժողովուրդը ճանաչում է: Մամուլը գրել էր, թե ՀԱԿ ցուցակի առաջին երկու հորիզոնականը գրավողները հայտնի են` Լեւոն-Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան, ո՞վ կլինի երրորդ տեղում: Անձամբ Գ. Հարությունյանը, եթե ընտրությունը լիներ Լեւոն Զուրաբյանի եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի միջեւ (հարցն այդպիսին էր), կընտրի Արամ Սարգսյանին: Հարությունյանը փորձում էր ընտրություններ կեղծելու մասին խոսակցությունը պահել ընտրողների` իր կարծիքով կեղծ թվի վրա, նշելով, թե Հայաստանից բացակա 500-600 հազար մարդու անունն օգտագործելով` իշխանությունը կեղծելու է: Բայց եւ հույս ուներ, որ ի վերջո իշխանության մեջ կլինեն շրջահայաց մարդիկ, որոնք թույլ չեն տա պատերազմող երկիրը ցնցումների տանել:
Մ. Խ.
Հ. Գ. - 500-600 բացակա ընտրողի վերաբերյալ անընդհատ բանավեճերի վերջը տալու մի լավ առաջարկ ունենք` քաղաքական ուժերից մեկ-երկուսը թող դիմեն դատարան` վիճարկելու համար ընտրողների վերաբերյալ պաշտոնական թիվը եւ ակնառու ապացույցներով շահելու դատը. խոստանում ենք տեղեկատվական աջակցություն: