Էլեկտրոնային կենսաթոշակներ, միասնական սոցծառայություններ
2012-ի գերակայությունները ներկայացնելու հերթը երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանինն էր: Նա նշեց իր ղեկավարած նախարարության երեք այդպիսի գերակայություններ` բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ենթակառուցվածքների ներդրում եւ երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիր:
Կենսաթոշակային բազմաստիճան համակարգի մասին նախարարը տեղեկացրեց, որ այս տարվա հուլիսից գործելու է էլեկտրոնային կենսաթոշակների համակարգը, որը ենթադրում է կենսաթոշակառուների մասին միասնական տեղեկատվական բազա: Այդ դեպքում արդեն կբացառվի մահացած կեսնաթոշակառուի, Հայաստանից դուրս գտնվող կենսաթոշակառուի համար թոշակ ստանալը: Ըստ Արթուր Գրիգորյանի, ներկայումս Հայաստանում կա 509 հազար կենսաթոշակառու: Այդ ցուցանիշը ճշտվել է 2011-ին կատարված ցուցակների մաքրման արդյունքում, որից առաջ նշված կենսաթոշակառուների թիվը 520 հազար էր: 2011-ի պետական բյուջեում նախատեսված կենսաթոշակների գումարներից, ցուցակների ճշտմամբ, ավելի քան 10 մլրդ դրամ վերադարձվել է պետական բյուջե:
Հարցին, թե ովքե՞ր են պատժվել կենսաթոշակների գործով պետությանը հասցրած վնասի համար, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պատասխանեց, որ այդ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները, եւ երբ նրանք հրապարակեն արդյունքները, բոլորս կտեղեկանանք այդ մասին:
Ինտեգրացված սոցիալական ծառայությունները ենթադրում են բոլոր սոցիալական ծառայությունների կենտրոնացումը մեկ միասնական համակարգում, ինչի շնորհիվ քաղաքացիները պետք է ձերբազատվեն տեղեկանքների եւ այլ խնդիրների հետ կապված ավելորդ քաշքշուկներից: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ ստեղծել 15 կենտրոններ Երեւանում եւ Հայաստանի մյուս բնակավայրերում, որտեղ կաշխատեն եւ մարդկանց խնդիրներով կզբաղվեն սոցիալական աշխատողները:
Երեխաների իրավունքների ծրագրով նախատեսվում է քայլեր ձեռնարկել մանկատներում եւ գիշերօթիկներում ապրող երեխաներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ, ինչն, ըստ նախարարի, հաջող օրինակ ունի: Նա վկայակոչեց «Զատիկ» մանկատան դեպքը, որը վերակազմվել է եւ դարձել երեխաների ցերեկային աջակցության կենտրոն: «Այսինքն, երեխաների մուտքը մանկատուն դժվարացնելու ենք, ելքը դեպի ընտանիքներՙ հեշտացնելու», ասաց Արթուր Գրիգորյանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը մեկ այլ կարեւոր խնդիր համարեց հաշմանդամության խմբերի տրամադրման կարգի փոփոխումը, որը պետք է կատարվի 2013-ին: Նոր կարգով աշխատունակության որոշակի կորուստ ունեցող անձին, որը, սակայն, մասնակիորեն աշխատունակ է, պետությունը աջակցություն եւ աշխատանք կառաջարկի:
Քաղաքացուն «բոմժ» անվանելու վերաբերյալ հարցին պատասխանելովՙ Արթուր Գրիգորյանն ասաց, որ այդ մասին տեղեկատվություն հաղորդած լրագրողը չի ներկայացրել ամբողջ զրույցը, որտեղ այդ քաղաքացին, դիմելով նախարարին, ասել էր. «Ես բոմժ եմ, ինչի՞ եք ինձ ծերանոց տանում, ոչ թե բոմժերի կացարան»: Դրան էլ, ըստ Արթուր Գրիգորյանի, ինքը պատասխանել է, «եթե դու բոմժ ես ...» եւ շարունակել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ