Հարցազրույց օպերային թատրոնի մեներգչուհի մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի հետ
Երեւանի օպերային թատրոնի առաջատար եւ խոստումնալից մեներգչուհիներից է Վարսենիկ Ավանյանը: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան` Սերգեյ Դանիելյանի կուրսը: Մոսկվայում սովորել է Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: 2002 թ. եղել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհիներից, 2006-ից օպերայի եւ բալետի թատրոնի մեներգչուհիներից է: Կատարել է Փառանձեմի դերերգը Տիգրան Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայում, հատվածաբար ներկայացվել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան, որտեղ կատարել է Կարմենի դերերգը: Երգչուհու երգացանկում կան դերերգեր, որոնք գտնվում են նախապատրաստական փուլում. Ջ. Վերդիի «Աիդա» օպերայում` Ամներիս, «Դոն Կառլոս»-ում` Էբոլի, «Տրուբադուրում»` Ազուչենա, Չայկովսկու «Եվգենի Օնեգինում»` Օլգայի դերերգը, «Իոլանտա» օպերայում` Լաուրա, Արենսկու «Բախչիսարայի շատրվանը» օպերայում` Զարեմա, Բելլինիի «Նորմա» օպերայում` Ադալջիզա եւ այլն...
Երգչուհին օժտված է առինքնող ձայնով եւ արտաքինով, նրա կերտած յուրաքանչյուր կերպար դառնում է սիրելի եւ ջերմորեն ընդունվում հանդիսականի կողմից:
- Անցյալ տարվա վերջին տեղի ունեցավ Ձեր վերջին մենահամերգը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: Ինչո՞վ էիք առաջնորդվել երգացանկի ընտրության հարցում եւ մենահամերգը ինչպիսի՞ արձագանքներ ունեցավ:
- Անցյալ տարի Չայկովսկու 170-ամյակն էր, ես կատարեցի վոկալ շարք, որը նա նվիրել է երգչուհի մադամ Դեզիրե Արտոյին: Վոկալ շարքի բնագիրը ֆրանսերեն է, ես որոշեցի այն կատարել բնագրով, թեեւ ընդունված է կատարել նաեւ ռուսերեն: Լրանում էր նաեւ Ռոբերտ Շումանի 200-ամյակը, եւ Շումանի ստեղծագործություններից կատարեցի «Կնոջ սերն ու կյանքը» խորագիրը կրող վոկալ շարքը: Շարքը կոմպոզիտորը նվիրել է հայտնի դաշնակահարուհի Կլարային, որը հետագայում դարձել է իր կինը: Եվ ընդունված կարգ է, որ նման շարքերը կատարվեն առանց ընդհատումների եւ առանց ծափողջյունների, եւ այդ վոկալ շարքը ես կատարեցի գերմաներենով: Իմ այս կատարումները առնչվում էին տարվա հոբելյանական տարեթվերին, բայց ես կատարեցի նաեւ Շոստակովիչի «Իսպանական երգեր» կոչվող վոկալ շարքը: Շարքը Շոստակովիչի Իսպանական հայտնի երգերի վերամշակումներն են: Կան այդ շարքի ե՛ւ իսպանական, ե՛ւ ռուսական տարբերակները: Համերգի եզրափակիչ մասում կատարեցի Շուբետի եւ Շտրաուսի ստեղծագործություններից: Բոլոր ստեղծագործությունները սիրո թեմայով էին, համերգը կայացավ 2010թ դեկտեմբերին, բայց ամբողջ համերգի ընթացքում թեւածում էր գարնանային շունչը: Այն ոչ թե օպերային, այլ կամերային բնույթի էր: Շոստակովիչի այդ ստեղծագործությունները մեզանում կատարվում են առաջին անգամ: Իսկ Չայկովսկու ստեղծագործությունները իմ կատարմամբ հնչում էին 2-րդ անգամ, եւ հանդիսատեսի արձագանքը շատ ջերմ էր ու ոգեւորող: Ցավոք, դահլիճում երաժշտագետներ չկային, դրական էր նաեւ ներկա գործընկերներիս կարծիքը: Համերգի ընթացքում ինձ նվագակցում էր դաշնակահարուհի Նարա Ստեփանյանը, որի հետ մեր ստեղծագործական համագործակցությունը տարիների վաղեմություն ունի: Համերգները ղեկավարում էր մեր երաժշտաարվեստի երեւելիներից Արամ Թալալյանը: Ողջունելի է այն, որ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը մշտապես տրամադրում է իր համերգասրահը դասական համերգներին:
- Ձեր ստեղծագործական ճանապարհին եղել են ճակատագրական շրջափուլեր:
- Կարծում եմ, ստեղծագործական ճանապարհին արվեստագետի համար բոլոր շրջափուլերն էլ ճակատագրական են լինում: Իմ Հայաստան վերադարձը կապված էր ստեղծագործական ծրագրերի հետ: Հրավիրված էի Արշակ 2-րդ օպերայում կատարելու Փառանձեմի դերերգը:
- Կա՞ն դերերգեր, որոնք Ձեզ համար առավել գուրգուրելի են:
- Գուցե եւ առհասարակ դերերգեր կան, երբ անձանձիր նվիրվում ես կերպարի կայացմանը, ապա կերպարը դառնում է գուրգուրելի: Կան կերպարներ, որոնց կայացման ճանապարհին հոգեբանական դժվարություններ են առաջանում, այդ կերպարները դժվարությամբ են բացվում, բայց երբ գործին սիրով ես նվիրվում, բոլոր դժվարություններն էլ արագորեն հաղթահարվում են:
- Օպերային արվեստը երաժշտական եւ դրամատիկ տարրերի համադրության արդյունք է, կա՞ն դերերգեր, որոնք մարմնավորելիս Ձեզանից առավել է պահանջվել դրամատիկական ունակություններ:
- Արշակ 2-րդում Փառանձեմի դերերգը ինձանից առանձնակի ջանքեր չէր պահանջում, հերոսուհին հայուհի էր, որի հոգեբանական կերտվածքը բնականաբար ինձ լավ ծանոթ էր եւ հարազատ իմ բնույթին: Կարծում եմՙ բոլոր օպերային հայ արտիստուհիների էության մեջ նստած են եւ «Սայաթ-Նովայի» Աննան եւ Ալմաստի կերպարը համանուն օպերայից: Բայց այլ է մոտեցումը Կարմենի կերպարը ստեղծելիս. պարտավոր ես դուրս գալ ազգայինի սահմաններից եւ կերպարի մեջ որոնել ու գտնել մարդկային շերտեր` միեւնուն ժամանակ չկորցնելով անկեղծությունն ու անմիջականությունը: Առայժմ Կարմենի դերերգը ամբողջությամբ չեմ կատարել, եղել են առանձին դերերգեր, դուետներ, ամբողջությամբ կատարելու դեպքում գուցե ինձ հաջողվի ցանկալի արդյունքի հասնել, ստեղծել Կարմենի լիարժեք կերպարը: Հուսով եմ, շուտով Կարմենը կբեմադրվի: Ցավոք, հայրենի օպերային բեմում իմ զբաղվածության աստիճանը ինձ չի գոհացնում, այն կերպարները, որ հասցրել եմ ստեղծել, քանակական առումով շատ քիչ են:
- Ինչպիսի՞ն է այսօրվա օպերային հայ հանդիսատեսը:
- Ջերմ ու զգայուն հանդիսատես ունենք: Պետք է հավատալ ու վստահել այսօրվա հանդիսականին: Շատ բան կախված է մեր` արտիստների վարպետությունից ու անկեղծ նվիրումից, եթե մենք կարողանանք բարձրարժեք արվեստ մատուցել, հանդիսատեսն ինքն էլ ձգտելու է առավելագույնին: Հանդիսականի ճաշակ բարձրացնելու առումով մենք պետք է համբերատար եւ հետեւողական լինենք: Պետք է թարմություն եւ նորարարություն: Տարիներ շարունակ նույն ներկայացումները կարող են հոգնեցնել ու ձանձրացնել հանդիսականին, պետք է նոր դեմքեր, նոր թեմաներ, նոր հարցադրումներ: Իհարկե ես հասկանում եմ, որ օպերային արվեստը թանկ հաճույք է, ծախսատար է: Մեծ հաշվով մեր մոտ օպերային մշակույթ ձեւավորված չէ: Խորհրդային ժամանակներից մեր օպերային արվեստում սկիզբ առած խանդավառությունը կարծես թե շարունակություն չունեցավ: Աշխարհում ձգտում են մինիմալիզմին. քիչ մասնակիցներով նվագախմբեր, սակավ դեկորացիա, փոքրածավալ բեմ եւ առավելագույն արդյունք: Գուցե մեզանում շատ բան պայմանավորված է Ազգային ակադեմիական թատրոնի եզակիությամբ: Եթե կողքին մի այլ օպերային թատրոն էլ գոյություն ունենար, ապա կարող էր մրցունակությունը իրեն զգացնել տալ, ինչ որ առաջխաղացում կակնկալվեր, իսկ այսպես, ցավոք, դեռ տեղում ենք դոփում:
- Ինչպիսի՞ն է արդի հայ մշակութային մթնոլորտի Ձեր գնահատականը:
- Վիճակը մխիթարական չէ, չնայած կան երաժիշտեր, որոնք ուժերի գերագույն լարումով փորձում են նշաձողը բարձր պահել: Մտահոգիչ է այն հարցը, թե կգտնվի՞ արդյոք այն փոխարինող սերունդը, որը ցանկալի բարձրության վրա կպահի եղած հաջողությունների նշաձողը: Այստեղ միայն ձայնի խնդիրը չէ, կա նաեւ արհեստավարժության գործոնը եւ մի հանգամանք, որ արտիստականությունն ու ձայնային տվյալները պետք է համապատասխանեն կերպարի առանձնահատկություններին: Շնորհաշատ ուժեր անշուշտ կան, բայց բացակայում է ստեղծագործական շղթան. արհեստավարժ կոմպոզիտոր, բարձրաճաշակ ստեղծագործություն եւ նույն ստեղծագործության խորը, ապրված կատարում: Արվեստի յուրաքանչյուր բարձրարժեք գործ կարող է ծնունդ առնել նաեւ սոցիալ-հոգեբանական դժվարին պայմաններում, եթե իհարկե նման ստեղծագործությունների պահանջարկը կա: Ցավոք նյութը եւ նյութականի մրցավազքը այսօր դարձել է առաջնային, առաջին պլան են մղվել ցածրակարգ շոուններ եւ շատ հաճախ արվեստի բարձրակարգ գործերը հանիրավի անտեսվում են:
- Պետական աջակցություն կա՞:
- Հուսադրող ու ոգեւորող քիչ բան կա, առանձին ներկայացումներ հովանավորելը դեռ աջակցություն չէ: Ցավոք մեզանում բացակայում է մշակութային ազգային ծրագիրը: Ժամանակի հրամայականը այն է, որ արտերկրից օպերային ժամանակակից արվեստի լավագույն վարպետներ հրավիրվեն, որոնք մեր շնորհալի ուժերի հետ անցկացնեն վարպետության դասեր, մրցունակ դաշտի բացակայություն, մասնագիտությունը կատարելագործելու հնարավորության բացակայություն, ահա թե ինչն է անհանգստացնում այսօրվա օպերային արվեստի կարող ուժերին: Ինչպես է լինում, երբ մեկ-երկու տարվա պատմություն ունեցող նվագախումբը ստանում է պետական կարգավիճակ, եւ հակառակը` տարիների փորձառություն եւ ավանդներ ունեցող նվագախումբը հանկարծ զրկվում է պետական հոգածությունից ու աջակցությունից: Բայց ուզում եմ միտքս լավատեսությամբ ավարտել, որ մեր մշակույթի առաջընթացը ապահովող պատասխանատուները իրենց հետագա քայլերում առավել վճռական եւ հետեւողական կգտնվեն:
- Օպերային արվեստը ամենապահպանողականներից է. այսօրվա օպերային ներկայացումներում ո՞րն է գերակայում, ավանդությո՞ւնը, թե՞ նորարարությունը:
- Ավանդույթը: Ցավոք, նոր մտածողության առջեւ առայժմ դռները դժկամորեն են բացվում: Գուցե թե լավ է, որ մենք պահպանողական ազգ ենք, բայց մշակույթի զարգացման առումով պետք է առաջնայնությունը տրվի նորին, նոր մտածողությանը: Անցյալ տարի «Ալմաստ» օպերան բեմադրելու համար երեւան հրավիրվեց Պերմի օպերային թատրոնի գեղ. ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, վերջինս փորձ արեց բեմադրությունը իրականացնել նորարարական մոտեցմամբ, բայց այն մեզանում սվիններով ընդունվեց, պարզվեց որ մենք պատրաստ չէինք ընկալելու այդ նորարարությունը, առհասարակ մենք շատ ու շատ բաների պատրաստ չենք:
- Ժամանակակից հայ կոմպոզիտորներից ո՞ւմ գործերն են Ձեզ առավել հոգեհարազատ:
- Հրաշալի կոմպոզիտորներ ունենք իհարկե. Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ալթունյան, Լեւոն Չաուշյան... Արամ Թալալյանը «Գաֆէսճեան»-ում հաճախակի կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները եւ հրաշալի համերգներ են ստացվում: Շատ հարուստ արմատներ ունենք, բայց շատ հաճախ վերցնում ենք ուրիշների անորակները եւ դարձնում ենք մերը, ինչի՞ է հանգեցնելու այս ամենը, չգիտեմ, այս էլ յուրօրինակ մշակութային ինքնաուրացում է:
ՇՈՒՇԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ