Ֆրանսահայ նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը միջազգային համբավի հասած արվեստագետ է: Հավասարապես զբաղվել է ե՛ւ գեղանկարչությամբ ե՛ւ գրաֆիկայով: Արվեստի հաջողության գաղտնիքը պարզության մեջ է տեսնում: Նրա արվեստը ամբողջովին երաժշտական մարմնավորում է: Իր կտավներում էլ ցույց է տալիս կյանքի դրական կողմերը:
Վերջերս լրացավ նկարչի 90-ամյակը: Իր հոբելյանի առթիվ նա եկել էր Հայաստան: Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվեց նրա նկարների ցուցահանդեսը: Ժամանակին Ֆրանսիայի նկարիչների միության 420 անդամներից միայն 4-ն են հայ եղելՙ Գառզուն, Ժանսեմը, Ասատուրը եւ Ժերանյանը: Արվեստագետը խմբակային եւ անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Շահել է բազմաթիվ մրցանակներ, ստացել լայն ճանաչում, բայց իր իսկ խոսքերով ամենահիշարժանը իր համար 1989-ին Հայաստանում ստացած Մարտիրոս Սարյանի անվան մրցանակն է եղել, այն իր համար բարոյական նշանակություն ուներ: Ռիշար Ժերանյանը հայրենասեր է: Բազմաթիվ անգամ այցելել է իր պատմական հայրենիքը, շրջել Հայաստանով մեկ, եղել Արեւմտյան Հայաստանում: Արդյունքումՙ Հայաստանին վերաբերող կտավների շարք ստեղծել:
Բարեգործական աշխատանքներ է ծավալել ի նպաստ Հայաստանի, մանավանդ երկրաշարժից հետո, բազմաթիվ նվիրատվություններ արել:
Ժերանյանը ներկայանում է նաեւ գրաֆիկայի ինքնատիպ վարպետ: Իր գրաֆիկական աշխատանքներում ցանկանում է հեռանալ ավանդական, հայտնի ձեւերից եւ, ինչպես գեղանկարչության մեջ, ստեղծել ամփոփ ձեւեր: Նրա գծանկարչական թեմաներից մեկը կանացի մերկ մարմինն է: Արվեստաբանների կարծիքով նրա մերկ նկարները մաքուր են, զուրկ էրոտիկ դիրքորոշումից եւ մատուցվում են զուտ որպես արվեստ: Ժերանյանը արվեստի մեջ նորություն բերելն է կարեւորում: Նա որոնումների, պրպտումների նկարիչ է: Չի ցանկանում կրկնել ուրիշների արածը: Դրա համար էլ սիրել է ճանապարհորդել, նոր վայրեր տեսնել, ուսումնասիրել:
Ամեն առավոտ արթնանալիս նոր կյանք է սկսվում: Առանց էվոլյուցիայի ստեղծագործական կյանքը չի կարող հարատեւել: Նկարչությունն էլ մյուս արվեստների նման նա գիտություն է համարում: «Նկարի եւ մարդու միջեւ զգայական հարաբերություն պետք է ստեղծել, այն պետք է ներազդեցություն գործի մարդու վրա», ասում է արվեստագետը:
Ռիշար Ժերանյանը ինքնատիպ նկարիչ է: Նրա արվեստը գնահատել են հայտնի, հեղինակավոր արվեստաբաններ: Նկարչի աշխատանքները ցուցադրվում են բազմաթիվ երկրների թանգարաններում, պատկերասրահներում: Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում արվեստագետի կտավները ցուցադրվում են Պիկասոյի, Լեժեի, Դալիի աշխատանքների կողքին: Նկարչի փարիզյան, պրովանսյան նատյուրմորտները, բնանկարները պարուրված են բացառիկ անկեղծությամբ: Նրա արվեստը գրավում է ջերմությամբ, ազնվությամբ:
ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ