Հունվարի 15-ին տպել էինք լուրըՙ լոնդոնահայ ազգային-հասարակական գործիչ դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի վախճանման մասին: Շաբաթավերջին ստացանք պաշտոնական մահախոսականը, որը հրապարակում ենք ստորեւ
Դոկտ. Ծուլիկյանը լոնդոնահայ համայնքի ազգային-հասարակական գործիչներից մեկն էր:
Լինելով բժիշկ-վիրաբույժ, նա եղել է Արքայական վիրաբուժական քոլեջի (FRCS) եւ Անգլիահայ բժիշկների միության անդամ: Իր մասնագիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ, դոկտ. Ծուլիկյանը երկարամյա բեղմնավոր եւ ազգանվեր աշխատանք է ծավալել ՌԱԿ Միհրան Տամատյան ակումբում (1980-1998), Լոնդոնահայ համայնքային եկեղեցական խորհրդում, ՀԲԸՄ-ում, Թեքեյան մշակութային միության վարչական մարմնում (1970-1987), Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի (1996-2008), ինչպես նաեւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի (Հայաստան) հոգաբարձուների խորհրդում (1996-2008):
1980-1997 թթ. հանդիսացել է Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի կողմից երկար տարիներ հրատարակվող «Էրեբունի» երկշաբաթաթերթի պատասխանատու խմբագիրը. հանդես է եկել մի շարք հոդվածներով եւ հրապարակումներով` մշտապես վեր հանելով հայությանը հուզող խնդիրներ, հետապնդելով Հայ դատի եւ հայ ժողովրդի շահերը:
Հակառակ իր տեւական վատառողջ վիճակին եւ հանգստի կոչված լինելուն, դոկտ. Ծուլիկյանը վերջին տարիներին շարունակում էր աշխատել, նամակակցել սփյուռքի տարբեր շրջանակների եւ լրատվամիջոցների հետ, գրել հոդվածներ: Լինելով ճշմարիտ հայրենասեր, մտավորական եւ չափազանց սկզբունքային մարդ, մինչեւ իր կյանքի վերջին օրերը նա հավատարիմ մնաց իր գաղափարներին, Մայր հայրենիքին եւ Հայ եկեղեցուն:
Այս տխուր առիթով, Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի, ինչպես նաեւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի (Հայաստան) հոգաբարձուների խորհրդի անունից մեր խոր ցավակցություններն ենք հայտնում դոկտ. Ա. Ծուլիկյանի հարազատներին, ընկերներին եւ բարեկամներին: Նրա հիշատակը վառ կմնա բոլոր նրանց հիշողություններում, ովքեր հարգել ու գնահատել են նրան:
ՎԱՐԴԱՆ ՈւԶՈՒՆՅԱՆ, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ, Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար