Հայաստանի դեսպանը հանդիպեց թանգարանային համալիրի տնօրենին եւ հարգեց զոհերի հիշատակը
Հունվարի 30-ին Չեխիայի Լիդիցե գյուղի թանգարանային համալիրում տեղի ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը թանգարանային համալիրի տնօրեն Միլոշ Չերվենցիլի եւ պատկերասրահի պատասխանատու, Միջազգային ցուցահանդեսի համակարգող Իվոնա Կասալիցկայի հետ: Հայաստանի դեսպանը նախ ներկայացրեց Հայաստանի դեսպանության գործունեության եւ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Պարոն Չերվենցիլը ներկայացրեց համալիրի կողմից իրականացվող ծրագրերը, նաեւ շեշտեց, որ այլեւս չեն կարող Լիդիցեն վերածել քաղաքական շահարկման տեղի, նկատի ունենալով նախկինում ադրբեջանցիների կողմից Խոջալուին նվիրված միջոցառումների կազմակերպումը: Հայաստանի դեսպանը ծանոթացավ նաեւ թանգարանի եւ պատկերասրահի ցուցադրություններին, գրառում կատարեց թանգարանի հուշագրքում: Հիշեցնենք, որ 70 տարի առաջ այս գյուղի բնակչության մեծ մասըՙ 340-ից ավելի մեծահասակներ ու երեխաներ բնաջնջվել են ֆաշիստների կողմից:
Հոբելյանական 40-րդ ցուցահանդեսի մասին տեղեկություններ տվեց տիկին Կասալիցկան: Անցած տարիներին հայաստանցի պատանիների աշխատանքները նույնպես արժանացել են մրցանակների:
Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցահասակ երեխաները կարող են մասնակցել ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո անցկացվող այս միջազգային ստուգատեսին: Այս տարվա թեման կապված է չեխ հայտնի նկարիչ, քանդակագործ, անիմատոր, չեխական տիկնիկային եւ մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիր Յիրժի Տրնկայի անվան հետ: Հետեւաբար ներկայացվելիք աշխատանքների թեման պետք է լինի թատերական , այն է` նվիրված տիկնիկային, թատերական կամ կինոհերոսներին, իսկ մեծահասակ երեխաները պետք է նկարեն թատրոնի պատմությանն ու հայտնի թատրոններին նվիրված աշխատանքներ Մրցույթին կարող են ներկայացնել ինչպես գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքներ, այնպես էլ լուսանկարներ եւ կերամիկայից աշխատանքներ: Մանրամասնությունների համար կարող եք այցելել հետեւյալ կայքէջը` www.mdvv-lidice.cz
Հ. Ա., Լիդիցե, Պրահա