«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԵԼ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԻՖԼԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒ ՆՎԻՐԵԼ ՏԵՂԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրները «իրենց խնայողություններով» պատրաստ են գնել Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանի այն հատվածը, որ պատկանում է վրացի գործարար Արշիլ Լեժավային` հետագայում այն նվիրելու Թբիլիսիի հայ համայնքին: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ` ներկայացնելով նաեւ Ղուկասյանների ստորագրած պարտավորագիրը:

Դեռեւս 10 օր առաջՙ Հայաստանի վարչապետի մոտ քննարկումից հետո Թբիլիսի մեկնած պատվիրակության կազմում Անանյանը զանգեր է ստացել Գյումրու քաղաքապետից` Թումանյանի բնակարանի հարցով, իսկ արդեն գործով Գյումրի մեկնած ժամանակ հանդիպել ու հավաստում է ստացել Վարդան Ղուկասյանից, որ Ղուկասյանները հաստատապես կգնեն վրացի գործարարին պատկանող 120 քմ տարածքը: Թե ինչ գնով ձեռք կբերվի Թումանյանի բնակարանի հիշյալ չորս սենյակը` դեռեւս հստակ չէ, այդ իսկ պատճառով էլ Թբիլիսի հայերի միությունը կբանակցի Լեժավայի հետ:

Ինչ վերաբերում է բնակարանի մնացյալ հատվածին` 98 քմ-ին, որի սեփականատերը Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովան է, ապա ասուլիսին մասնակից, Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրեց, որ Կոլեսնիկովան առայժմ չի ուզում վաճառել իրեն պատկանող հատվածը:

Թումանյանի թիֆլիսյան բնակարանի հարցը միայն բնակարանի մի հատվածի ձեռքբերմամբ չէ, որ ավարտվում է. բնակարանը անմխիթար վիճակում է ճիշտ այնպես, ինչպես Թբիլիսիի կենտրոնական Սոլոլակի թաղամասի տներն ընդհանրապես: Ասել է թե անհրաժեշտություն կա նորոգելու բնակարանը, ապա որեւէ նպատակի ծառայեցնելու համար առաջ կգան այդ բնակարանի պահպանության, նաեւ որպես մշակութային կենտրոն շահագործելու ծախսեր: Բնակարանի նորոգման հնարավոր իրագործող կարող է դառնալ Թբիլիսիի քաղաքապետարանը, իսկ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն էլ, ի դեմս Սերգո Երիցյանի, պատրաստակամ է հոգալու բնակարանը, ասենք որպես գրադարան օգտագործելու ծախսերը:

Այդուհանդերձ, Լեւոն Անանյանը տեղեկացրեց, որ ներկա տեղեկությունները վերջնական չեն: Այդպիսիք լինելու դեպքում հանրությունը կտեղեկացվի:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4