«Գարդիան»-ը ներկայացնում է Մարկ Բրանդերբուրգի 10 ամենաարդյունավետ ուղիները
Այսօրվա սպառման վրա հիմնված հասարակության մեջ, որն այնպիսի արժեքներ է հրամցնում, որոնք չեն արտացոլում այն, ինչին դուք հավատում եք, ինչպե՞ս կարող են ծնողները իրենց երեխաներին սովորեցնել ճիշտ արժեքները: Ստորեւ ներկայացնում ենք 10 կետեր, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում:
1. Պատմեք նրանց ձեր կյանքից եւ սովորեցրեք նրանց ձեր կյանքի պատմությունների միջոցով:
Երեխաները սիրում են լսել պատմություններ ձեր մանկությունից: Հնարեք խրատական դիլեմաներ, եւ դրանք մեծ հնարավորություն կընձեռեն սովորեցնելու ձեր երեխաներին արժեքների մասին: Սա շատ ավելի արդյունավետ է, քան ձեր երեխաների գլխին քարոզ կարդալը:
2. Ապրեք ձեր կյանքը` ըստ ձեր արժեքների:
Երեխաները սովորում են կրկնօրինակելով` մանավանդ վաղ տարիքում: Նրանք շատ ուշադիր են եւ տեսնում են, թե արդյոք այն, ինչ ասում եւ անում եք, համապատասխանո՞մ են իրար: Մի տվեք նրանց մոլորեցնող ազդանշաններ եւ ամեն վայրկյան հետեւեք ձեր արժեքներին:
3. Ծանոթացրեք նրանց ձեր կրոնին կամ հավատքին:
Այսօր հատկապես կարեւոր է դառնում` նրանք իմանան, որ մենակ չեն: Ձեր երեխաներին ծանոթացնելով հավատքի որեւէ համայնքի հետ, կուժեղացնեք նրանց արժեքները եւ որոշ «լծակներ» ձեռք կբերեք:
4. Ուշադրություն դարձրեք, թե էլ ո՞վ կարող է ձեր երեխաներին արժեքներ սովորեցնել:
Ճանաչեք ձեր երեխայի ուսուցչին, մարզչին, բարեկամներին եւ այլն: Այն բոլոր մարդիկ, ովքեր ձեր երեխայի հետ ժամանակ են անցկացնում, կարող են ազդեցություն ունենալ նրա վրա: Իմացեք նաեւ վերջիններիս արժեքների ու հավատքի մասին:
5. Ձեր երեխաներին հարցեր տվեք, որոնք կխթանեն երկխոսությունը արժեքների մասին:
Ասել, թե նրանց ինչ արժեքներ են պետք, այնքան էլ արդյունավետ չէ, մանավանդ, երբ ձեր երեխաները մեծանում են: Նրանց հետաքրքրական հարցեր տալով` քննարկումներ կսկսվեն, որոնք էլ վերջիվերջո կհանգեցնեն արժեքներին: «Ի՞նչ ես մտածում այդ կռվի մասին»-ը հնարավոր է, որ ավելի արդյունավետ լինի, քան`«Նա չպետք է սկսեր այդ կռիվը»:
6. Արժեքների մասին խոսեք հանգիստ եւ հեշտ եղանակով:
Ոչինչ այնքան վատ չի ազդում երեխաների վրա, որքան արժեքների հարկադիր քարոզումը: Խոսեք նրանց հետ, երբ բոլորը հանգիստ են. դա արեք թեթեւ, խոսակցական տոնով: Այս դեպքում ավելի հավանական է, որ նրանք ձեզ կլսեն` արհամարհելու փոխարեն:
7. Կարդացեք հեքիաթներ, երբ նրանք ավելի փոքր են:
Հեքիաթները գրավում են երեխաների երեւակայությունը եւ կարող են հեշտությամբ հանգեցնել արժեքների քննարկմանը: Երեխաները կընդունեն նույնիսկ ամենակարեւոր արժեքները, երբ նրանք հուզված են թեմայով:
8. Ձեր երեխաներին ներգրավեք արվեստների, որեւէ այլ գործունեության, կամ օրինակ` ուրիշներին օգնելու մեջ` միաժամանակ սահմանափակելով հեռուստացույցը եւ համակարգչային խաղերը:
Երեխաները սովորում են արժեքները, երբ առնչվում են դրանց: Թույլ տվեք, որ նրանք ուրիշներին օգնեն: Ներգրավեք նրանց այնպիսի ակտիվ գործունեության մեջ, որը կընդլայնի նրանց ստեղծագործական միտքը:
9. Տանը հաճախ խոսեք արժեքների մասին:
Այս ձեւով երեխաները կհասկանան, որ դա շատ կարեւոր է, եւ ուղղակի սովորական կշտամբանք չէ, երբ նրանք ինչ-որ սխալ բան են անում:
10. Մեծ ակնկալիքներ ունեցեք ձեր երեխաների արժեհամակարգից:
Երեխաները կձգտեն հասնել այն մակարդակին, որը դուք նրանցից ակնկալում եք: Նրանց արժեհամակարգը հաճախ կարտացոլի ձերը, եթե ակնկալիքները մեծ են:
Թարգմ. ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ