«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ԹԱՐՄ ՈՒՂԵՂՆ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՐԺԵ»

Շախմատի Վեյք Ան Զեեի մրցաշարի ավարտից հետո Լեւոն Արոնյանը հարցազրույց է տվել Chess-news.ru կայքի լրագրող Եվգենի Սուրովին, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:

- Լեւոն, ինչպիսի՞ն են տպավորություններդ գլխավոր մրցանակը ստանալուց հետո, երբ հայրենակիցներդ դահլիճում պարզեցին Հայաստանի դրոշը:

- Շատ գոհ եմ, որ հաջողվեց շատ լավ խաղ ցուցադրել: Իրոք արդյունքը տպավորիչ է: Շատ ուրախ եմ, որ իմ խաղով բավականություն պատճառեցի դահլիճում հավաքվածներին ու իմ երկրպագուներին:

- Պարգեւատրումից հետո նշեցիր, որ սա քո կարիերայի ամենահաջողված մրցաշարն էր: Իրո՞ք դա այդպես է:

- Ինձ թվում էՙ այո: Իհարկե, շատ մրցաշարերում եմ հաղթել, սակայն միշտ չէ, որ հաջողվել է վերահսկել խաղի ընթացքը: Իսկ այստեղ, ըստ իս, պարտիաների մեծամասնությունում իրադրությունն իմ վերահսկողության տակ էր:

- Նաեւ հայտարարել էիր, որ այսօր առավոտյան ժամը 6-ին ես արթնացել: Ինչո՞վ էր դա պայմանավորված: Վճռորոշ պարտիայից առաջ հուզվու՞ւմ էիր:

- Այո, հուզվում էի: Համոզված չէիՙ խաղալ հաղթանակի համար, թե՞ ոչ: Ի վերջո պրագմատիզմը հաղթեց եւ որոշեցի խաղալ հանգիստ ու հուսալի: Ինչպես պարզվեց, մրցակիցս եւս դեմ չէր ոչ-ոքի արդյունքին, ինչն էլ ինձ թույլ տվեց դառնալ մրցաշարի հաղթող:

- Իսկ ահա Ռաջաբովը նշել էր, որ հոգու խորքում հույս ուներ, որ դու կխաղաս հաղթանակի համար, որպեսզի վարկանիշդ ավելի ավելացնես:

- Վարկանիշն ինձ համար այդքան մեծ նշանակություն չունի:

- Ասուլիսի ժամանակ նաեւ նշել էիր, որ այդ հաջողությունն ինչ-որ չափով անակնկալ էր քո համար, քանի որ չէիր հասցրել որոշ թերություններ շտկել:

- Անցած տարվա վերջում շատ մրցաշարերի եմ մասնակցել: Ստիպված էի կիրառել նորույթներիս մեծ մասը: Դրանցից հետո որոշեցի հանգստանալ, մեկ ամիս շախմատով ընդհանրապես չեմ զբաղվել: Ինձ թվում էր, որ դա կարող է վտանգավոր լինել, քանի որ այդ ընթացքում մրցակիցներն աշխատում էին: Բայց ինչպես պարզվեց, թարմ ուղեղն էլ ինչ-որ բան արժե: Բախտս բերեց, որ մրցակիցներիցս ոմանք իմ հին պատրաստությունների վրա բռնվեցին: Դա նման է նրան, որ թակարդ ես դնում ու սպասում ես:

- Եվ շա՞տ ունեք այդպիսի թակարդներ:

- Դրանք շատ քիչ են: Այս ուղղությամբ հարկավոր է աշխատել:

- Հաջորդ մրցաշարը ո՞րն է լինելու քեզ համար:

- Առայժմ այդ մասին չեմ մտածել: Միայն Կրամնիկի հետ մրցախաղն է:

- Այսօր տեղեկություն ստացվեց, որ հավանաբար ապրիլի վերջին կայանա Լինարեսի մրցաշարը: Փաստորեն, դու չես մասնակցելու մրցաշարին:

- Մենք լուրջ մարդիկ ենք եւ եթե Կրամնիկի հետ պայմանագիր ենք ստորագրել մրցախաղի անցկացման վերաբերյալ, ապա Լինարեսից պետք է հրաժարվել:

- Իսկ ե՞րբ իմացար, որ Կրամնիկը ցանկանում է մրցել քեզ հետ:

- Կրամնիկն ինձ էլեկտրոնային փոստով հարցում էր կատարել, թե կցանկանա՞մ խաղալ իր հետ: Իհարկե, ցանկությունս մեծ է: Ի տարբերություն Կրամնիկի, նման մրցախաղերի մեծ փորձ չունեմ, ուստի այն ինձ համար օգտակար կլինի:

- Դո՞ւ էլ Կրամնիկի պես այդ մրցախաղը դիտում ես որպես հավակնորդների մրցամարտի նախապատրաստության փուլ:

- Մրցախաղին լուրջ կմոտենամ, ինչպես ցանկացած մրցաշարի: Կաշխատեմ պատրաստ լինել ու լավ խաղ ցուցադրել:

- Հաճա՞խ ես Կազանը հիշում:

- Ընդհանուր առմամբ Կազանից քաղեցի ինձ անհրաժեշտ դասերը: Իսկ եթե խոսենք հիշելու մասին, ապաՙ ոչ:

- Հարցը նրանում է, որ շախմատիստներից ոմանք նշում են, որ Կազանում կայացած հավակնորդների մրցախաղերն իրենց վրա որոշակի ազդեցություն են թողել: Քո կարիերայի վրա ի՞նչ ազդեցություն թողեց Կազանի մրցաշարը, որն անհաջող էր քեզ համար:

- Ինձ թվում է, որ ազդեցություն թողել է: Դրանից հետո սկսեցի ավելի լրջորեն մոտենալ մրցաշարերին եւ հաջողությունների հասնել:

- Նախկինի պես Բեռլինո՞ւմ ես բնակվում:

- Նայած ժամանակ: Երեւանում եւ Բեռլինում: Հաճախակի Ավստրալիա եմ մեկնում:

- Իսկ հայկական լրատվամիջոցների, շախմատի ղեկավարների կողմից արդեն արձագանք եղե՞լ է:

- Իհարկե, ինձ գրում են, զանգահարում: Շատ ուրախ են: Ինձ համար էլ հաճելի է:

- Վերջին հարցը: Շախմատի օլիմպիադան քեզ համար հավանաբար տարվա ամենագլխավոր մրցաշարերից մեկն է: Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի հավաքականի հնարավորությունները:

- Ամեն ինչ կախված է այն բանից, թե տղաներն ինչպիսի մարզավիճակում կգտնվեն: Կձգտեմ խաղալ ուժերիս լրիվ ներդրումով: Հուսով եմ, որ տղաները եւս այդպես տրամադրված կլինեն ու այս անգամ կհաջողվի մեզ լավագույն կողմերով դրսեւորել: Չնայած շատ գոհ եմ, որ մեր հավաքականը կրկին ապացուցեց, որ ուժեղագույնն էՙ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4