«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ ԿՈՎԿԱՍԸ

Ադրբեջանը կփորձի օգտվել ռազմական խառը վիճակից, բայց Արցախում «բլից-կրիգի» չի հասնի

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու հանգամանքը կարող է պայթեցնել ողջ Կովկասը, ընդ որում, ամենից առաջ անկայունության մեջ կհայտնվեն Իրանի հարեւան երկրները, այս տարածաշրջանում առկա հակամարտություններն էլ «կտաքանան», տարածաշրջանը կկանգնի Իրանից փախստականների լրջագույն հոսքի խնդրի առաջ` չհաշված տնտեսական առումով հնարավոր սառեցումներն ու բարդությունները: Իրանի դեմ ագրեսիա ձեռնարկելու դեպքում հարկ կլինի նկարագրվող իրավիճակին ավելացնել նաեւ, որ որոշ հարեւաններ էլ կներգրավվեն հակաիրանական գործողություններում:

Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւի ներկայացմամբՙ այպիսին կարող է լինել հեռանկարն Իրանի վրա հարձակման դեպքում: ««Մեծ Կովկասը» պատժամիջոցների եւ սպառնալիքների լծի ներքո. Իրանի գործոնը» թեմայով «Նովոստի Արմենիայում» կազմակերպված Երեւան-Մոսկվա տեսակամրջի մասնակցի խոսքերով, այդ ամբողջը կանդրադառնա կասպյան տարածաշրջանի վրա, կազդի Հյուսիսային Կովկասում իրավիճակի վրա` նոր հակամարտությունների ու հների լարվածության մեծացման տեղիք տալով:

Իրանի դեմ ռազմական քայլերի դեպքում ամենաբացասական ազդեցություն կստանա Հայաստանը: Տեսակամրջի մասնակից, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի այս դիտարկմանը համաձայնեցին նաեւ մյուս փորձագետները: Ըստ Սաֆրաստյանի, արդեն իսկ նշված լուրջ խնդիրների կողքին կարող է նաեւ ավելանալ ղարաբաղյան հարցը. Ադրբեջանը կարող է փորձ անել օգտվելու ստեղծված իրավիճակից եւ ռազմական ճանապարհով «լուծելու» հակամարտությունը:

Ադրբեջանի` ռազմական արկածախնդրության գնալու հավանականություն Իրանի դեմ ագրեսիայի դեպքում տեսնում է նաեւ ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը : Սկակովի գնահատմամբ, հիմա էլ Ադրբեջանն ունի բլից-կրիգ անելու ցանկություն, բայց դա չի հաջողի, իսկ «առավել քան 10 օր պատերազմել ոչ մեկը թույլ չի տա», ավելին, Ադրբեջանը հարցը ոչ 2 շաբաթում, ոչ էլ մեկ ամսում լուծել չի կարող. «Լեռնային Ղարաբաղը բնավ էլ Սերբական Կրաինա չէ»:

Իրանի դեմ ագրեսիայի դեպքում Վրաստանն, ըստ Սկակովի, կհամաձայնի ամերիկյան յուրաքանչյուր առաջարկի, մինչդեռ Հայաստանի համար այդ իրավիճակը կունենա ամենալուրջ հետեւանքները: Այս կամ այն չափով հակաիրանական գործողություններում կարող են, Սկակովի գնահատմամբ, մասնակցել նաեւ Թուրքիան, Իսրայելը: «Իրանի վրա հարձակում կարող է լինել միայն Սիրիայում Ասադի ռեժիմի ընկնելուց հետո», կանխատեսեց Սկակովը, ու մտքին համաձայն էին տեսակամրջի մասնակից գրեթե բոլոր մասնագետները:

«Նորավանք» գիտակրթական կենտրոնի իրանագետ Սեւակ Սարուխանյանի մոտեցմամբՙ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններն աղետ կդառնան Հարավային Կովկասի համար. այստեղ բազմաթիվ հարցերի մեջ առանձնանում է Հայաստանի խնդիրը, իրանահայ համայնքի վիճակը, քանի որ արդեն ներկայումս Իրանի դեմ գործող պատժամիջոցներն ազդում են Հայաստանի վրա, Իրանում էլ քննարկվում է արտաքին ներդրումների կրճատման հարցը, որ կարող է առկախել Հայաստանում իրանական կողմի ծրագրած տարբեր նախագծերի իրականացումը:

Այս ամենի կողքին հնարավոր ռազմական սցենարի դեպքում Ադրբեջանի համար Իրանի հյուսիսից փախստականների հոսքի սպառնալիքի մասին խոսեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանը : Նրա խոսքերով, սպառնալիք հիմնականում նկատվում է նշված փախստականների հոսքի դեպքում Ադրբեջանում առանց այդ էլ ուժգնացող իսլամիստական խնդրի առումով: Ամեն դեպքում Ոսկանյանը նաեւ «դրական» պահ է տեսնում այս ամենում, քանի որ Իրանի հանդեպ առկա վերաբերմունքը այլեւս պատրանքներ չի թողել Իրանի իշխանությունների համար, օրինակ, «Համասի» կամ Պաղեստինի առումով այն դեպքում, երբ սրանց ուղղված զգալի աջակցություն կար նախկինում:

Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը , որ տեսակամրջին միացավ մեծ ուշացումով, Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր փակման առնչությամբ համոզված է, որ Իրանը միակողմնակիորեն չի փակի նեղուցը, ընդ որում, Իրանի իշխանական միջին օղակներից մեկ անգամ հնչած այդ հայտարարությունը որեւէ կերպ չի արտացոլում Իրանի դիրքորոշումը: Իրանը կարող է դիտարկել այդ քայլը, եթե այդ երկրի դեմ, ըստ Սաֆարովի, իսկապես ռազմական քայլեր ձեռնարկվեն: Մյուս կողմից էլ Արեւմուտքը միայն երազում է, որ Իրանը փակի նեղուցը, ինչը հիմք կդառնա առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունման հարձակվելու Իրանի վրա:

Սաֆարովի համոզմամբՙ Իրանի շուրջը ռազմական սցենարի դեպքում հետաքրքրական կլինի Ղարաբաղի «օգտագործումը»: Ըստ Սաֆարովի, Միացյալ Նահանգները կարող է ակտիվացնել ղարաբաղյան հարցը, ապակայունացնել Ղարաբաղը եւ այդ վիճակը կառավարելու քողի տակ, ինչ-որ աջակցության տեսքով մտնել Իրանին շատ մոտ գտնվող ԼՂ տարածք: Այդ կերպ, ըստ փորձագետի, կարող է պատժվել նաեւ Հայաստանը` «Իրանի հանդեպ չափից դուրս բարեկամական վերաբերմունքի համար»:

Այդուհանդերձ, ինչպես Սաֆրաստյանը, այնպես էլ Սարուխանյանն ու Ոսկանյանը հավանական չհամարեցին Իրանի դեմ ռազմական գործողությունները: Իսկ թե, այնուամենայնիվ, նման սցենարի դեպքում ինչ անի Հայաստանը, հայկական կողմի փորձագետների խոսքով, լավագույնը «բարեկամական չեզոքությունն է» Իրանի հանդեպ, մինչդեռ Սաֆարովը համոզված է, թե Հայաստանը զգալի լծակների ներուժ ունի, որպեսզի պաշտպանի Իրանին, քանի որ տվյալ դեպքում «Իրանի պաշտպանությունը կլինի սեփական շահերի պաշտպանություն»:

Իսկ Իրանում, ըստ այնտեղ վերջերս եղած Սաֆարովի, պատերազմի մասին չեն էլ մտահոգվում, լուրջ չեն վերաբերվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4