Այս առաջարկը Օսլոյում դիմումով Նոբելյան նորվեգական հանձնանժողովին են ներկայացրել Շվեդիայի ձախակողմյան կուսակցության եւ «Կանաչների» մի շարք պատգամավորներ: Նրանք դիմումում նշել են, որ Ռագըփ Զարաքոլուն միջազգային ճանաչում ունեցող հասարակական գործիչ է, ինչպես նաեւ մարդու եւ խոսքի ազատության խորհրդանիշ:
Շվեդ պատգամավորները Նոբելյան հանձնաժողովին հիշեցրել են, որ պրն Զարաքոլուն իր հանգուցյալ տիկնոջՙ Այշե Նուր Զարաքոլուի հետ գրքեր է հրատարակել Թուրքիայում տաբու համարվող այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Քրդական հարցը, Աթաթոււրքն ու իսլամը:
Վերջում նրանք, նկատի առնելով անցյալ տարվա նոյեմբերի 1-ին Ռագըփ Զարաքոլուիՙ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու պատճառաբանությամբ կալանումը, ինչպես թուրքական «Էվրենսել» թերթն է վկայում, ընդգծել են. «Ռագըփ Զարաքոլուն, մարդկության նկատմամբ անսահման սիրով լցված եզակի անձնավորություն է, հետամուտ է ճշմարտությանն ու հաշտեցմանը: Եթե մի օր Թուրքիայում հանկարծ իրավական եւ հաշտեցման հանձնաժողով ստեղծվի, ապա դա անվիճելիորեն պետք է գլխավորի Զարաքոլուն»:
Հ. Չ.