«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՕԴԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ի՞նչ է կատարվում հայոց քաղաքական դաշտում. կարծես թե առայժմ ոչինչ գոնե այս պահին, բայց քանի որ քաղաքական միավորներն ու նրանց ուղղորդողներն ինկուբատորով այնպես են բազմացրել լրատվական դաշտը, որ սրանք մի բանով, եւ այն էլ` իրենց ստեղծողին հարմար բանով ամեն օր պիտի լցնեն իրենց լրատվամիջոցներն ու ակումբները, ամեն օր օդ պետք է տատանեն այսուայնկողմ` տարբեր «մուտիլովկաներով» խառնաշփոթը կատարյալ դարձնելով. էս մեկից են չեղած-հորինած բանի մասին կարծիք են հարցնում, էն մեկելից հերքում են ստանում այս մյուսից վերցրած կարծիքի մասին, մղում են մեր քաղաքականներին միմյանց սխալ հանելու, պիտակներ կպցնում կամ սուրբ դարձնում սրան-նրան, ու այդպես լցնում մի չեղած տարածք` վիրտուալը:

Իսկ կյանքը գնում է իր հունով, առանց հպվելու այս բոլորին. մարդիկ իրենց ամենօրյա դժվար հոգսով են զբաղվում, ու թքած ունեն, որ, ասենք, մի կուսակցության մի անդամը մի բան է ասում, մի այլ անդամ հերքում է նրան, եւ այդպես շարունակ, եւ անգամ չի էլ ուզում պարզել, թե ո՞վ է ճիշտը: Նրան բացարձակ չի հետաքրքրում մեր մամուլի ակումբների ամենօրյա տառապանքը` ո՞ւմ հրավիրել, որից կարելի կլինի սկանդալային միտք պոկել, բանավեճ դզել-փչել ու բաց թողնել կայքերի բերանը` միգուցե հասարակությունը զբաղվի ու մոռանա իր հոգսերի մասին: Մեկ-մեկ բանը հասնում է աբսուրդի` նույն քաղաքական գործիչը օրերի տարբերությամբ քոչում է մամուլի ակումբից մամուլի ակումբ, զոռով իրենից դուրս բերում մտքեր, որոնց եթե մեկը դնի ու համեմատի, կտեսնի, որ տվյալ գործիչը չափից ավելի ջանալով նոր միտք ծնելու` հաճախ հակասել է ինքն իրեն: Բայց ո՞վ է այդպիսի մանրուքների հետեւից ընկնում, կարեւորը` մի բան ասած լինի, որ մեր նորելուկ լրագրողուհիներն արագ-արագ գրառեն ու լցնեն վիրտուալ տարածքը, չէ որ մեր քաղաքական դաշտը լրատվական դաշտի սպասարկուն է, կամ հակառակը` ինչ տարբերություն: Բուծել են` պիտի նյութ գցեն ծամելու, ու էդպես էլ ապրում ենք` հորինված բանավեճերով, կյանքի հետ մի առվով չգնացող լրատվությամբ, մեկը-մյուսին քացի տալով, իսկ «Վարդուշ տոտան» (ականջը կանչի` այդպես էր անվանել ժողովրդին մի նախարար ունեինք` Էդվարդ Սանդոյանը)` գլուխը կախ օրվա ճաշի էժան մատերիալ փնտրելու վրա է միայն գլուխ տրաքացնում:

Փորձենք հեշտացնել մեր բաժին «Վարդուշ տոտայի» գործը` խտացնելով մեր ու քաղաքականների` էս շաբաթվա մեջ ուռեցրածը: Եվ ուրեմն Ալիկ Արզումանյանի ասած` ի՞նչ «մուտիլովկաներ» են վերջին օրերին քաղլրատվական դաշտում: Մի հայտնի ԲՀԿ-ականի` սոսկ իր անունից ասված անկեղծ գնահատականները (նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին պաշտպանելու վերաբերյալ հարցին ի պատասխան` թե «մենք միշտ հարազատ ենք մեր ստորագրած) փաստաթղթերին», այսինքն կոալիցիոն վերջին հուշագրին, չպաշտպանելու պատճառ չկա, առիթ էին դարձրել, որ դրանք արտահայտողին (Վարդան Բոստանջյանին) ական անվանեն: Մյուս ԲՀԿ-ականներից Խաչիկ Գալստյանն ու Նաիրա Զոհրաբյանը ճիշտ ժամանակին միջամտեցին, թե Բոստանջյանը սեփական կարծիք է հայտնել, իսկ Գ. Ծառուկյանը ԲՀԿ-ի տեսակետը բազմիցս հայտնել է ու բան չի փոխվել (ինչպես երեւում է`«այդ մասին հաջորդ դասին»-ին, հաջորդ դասը դեռ չի եկել):

Լավ, դա ԲՀԿ-ի ներկուսակցական խնդիրը դիտենք, չնայած` Բոստանջյանին լավ ճանաչողին ականի մասով շտապողական գնահատականը տարօրինակ է թվում: Մյուս կողմից էլ, Գ. Ծառուկյանի` երկար պահպանած լռությունը առիթ է շատ կողմերի համար` գազազելու եւ սադրանքի պահեր ստեղծելու. գուցե առիթն ինքն իրեն է մատուցվել, առանց նախապես պլանավորելու, ինպես որ մեկնաբաններից մեկն է գրում, եւ տարբեր կողմերից, ավելի շուտ` ամեն կողմից անցած աշնան նման էլի ԲՀԿ-ին բրթում են` խոսիր, արտահայտվիր, ո՞ւմ հետ ես դաշինք կազմում, մտքինդ ասա: Աշնանն ու ձմեռնամուտին Ծառուկյանը դիմացավ եւ հրապարակավ չխոսեց, տեսնենք հիմա որքա՞ն կդիմանա: Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն իր համագումարի օրը նշանակել է, եթե այդ օրից` մարտի 10-ից հետ գանք փետրվարի 17, որը ՀԱԿ-ի նշանակած նորսեզոնային հանրահավաքի օրն է, որտեղ գոնե նախնական պատկերացում պիտի տրվի հանրահավաքավորին, թե ո՞ւմ հետ են դաշինք կազմում, ում հետ` ոչ, ուրեմն, կարելի է ասել, որ ԲՀԿ-ն դիմանալու ժամանակ ունի միչեւ այդ 20 օրվա մեջտեղերքը, ու մարտի սկզբին ԲՀԿ առաջնորդը, որքան էլ դիմանա, տեսակետ պետք է հայտնի, մանավանդ ԲՀԿ համագումարն էլ է մոտիկ:

Վերջին օրերին «Ազատ դեմոկրատների» անունից այդ կուսակցության ղեկավար կազմում չեղող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այնքան շուտ-շուտ է գնում մամուլի ակումբներ, որ սկսում ես կասկածել` «Ազատ դեմոկրատներից ուրիշ մարդ չկա՞ մեյդան եկող, թե՞ Արզումանյանն ինքն է իրեն նախընտրական «ռազմինկայի» մեջ դրել` հետո խամություն չանելու համար: Չնայած` էն առաջին (մի քանի օրվա մեջ` առաջին) ասուլիսում ասածից ավել բան չի ասել, նորից խոսել է հարյուր տոկոս մեծամասնականի շուրջը աշխուժությունից, նախաձեռնությունն անվանելով նոր ֆորում` «կոնսենսուս մինուս մեկ»` ընդդեմ ՀՀԿ-ի: Ու թեեւ գիտե, որ այդ օրինագիծը խորհրդարանում չի անցնի, բայց կոնսենսուսի առումով «Ազատ դեմոկրատներն» աջակցում են այդ ֆորումին: Նորն այն էր երեկվա նրա խոսքում, որ Հայաստանում խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտությունից է խոսել, քանի որ նախագահական համակարգը Հայաստանում ավտորիտար եւ տոտալիտար նկրտումներ է միշտ դրսեորում: ՀԱԿ-ի հետ համագործակցելի` նիխթ, քանի որ նույն գետը երկրորդ անգամ չեն մտնելու, բայց ընդհանրապես` ընտրությունները վերահսկելու շուրջը միայն կարող են համագործակցել բոլորի, այդ թվում` ՀՅԴ- ի հետ: Նրա կարծիքով` ընտրությունները կեղծելու լիմիտը սպառվել է, ու պետք է փորձել լավագույնս ներկայանալ այս նոր ընտրություններին:

Իսկ ահա ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, որը ոչ մի ընտրակարգով չի մասնակցելու մոտեցող խորհրդարանական ընտրություններին, հենց այդ պատճառով հանգիստ խղճով երեկ ենթադրել է, թե կոալիցիոն հուշագրի յուրաքանչյուր կողմ որեւէ պատճառաբանությամբ հարմար իրավիճակի դեպքում կարող է դուրս գալ կոալիցիայից, նա անգամ կանխատեսում է ԲՀԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցություն խորհրդարանական ընտրություններին: Իսկապես որ, չէ՞ որ հուշագիրը մի թուղթ է ընդամենը, որը ոչ իրավական պատասխանատվություն է առաջ բերում, ոչ սահմանադրության, եւ ոչ էլ օրենսդրության խախտում, այլ միայն մարդկային պայմանավորվածությունների խզում է նշանակելու: Բայց նաեւ ենթադրությունների մակարդակով տեղեկություններ կային, որ եկող շաբաթ կոալիցիան նոր հայտարարություն է տարածելու, եւ նախագահ Սարգսյան-կոալիցիա հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել գոնե միմյանց հասցեին կոռեկտ արտահայտվելու վերաբերյալ...

Այս շաբաթ տարբեր ձեւաչափերով խոսվում էր ՀԱԿ համամասնական ցուցակը կազմելու դժվարությունների մասին, ու ոմանք, իրենց դժգոհությունները չհայտնելով ներքին խմորումներից, այնուամենայնիվ, դրանք արտահայտելու ձեւ գտնում էին: Օրինակ այն միտքը, որ եթե ընտրելու հնարավություն տրվի, ՀԺԿ-ից Գրիգոր Հարությունյանը ցուցակի երրորդ տեղի համար կընտրեր Արամ Զավենի Սարգսյանին: Գուցե այդ դժգոհություններին տոն չտալու համար տարբեր հարցազրույցներում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նշեց, որ ինքն իրեն պատգամավոր չի տեսնում, պատրաստ է ցուցակի ամենավերջին տեղում լինել, եւ իր կողմից էլ առաջարկեց, որ ցուցակի առաջին 10 մարդուն անվանի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Միանշանակ` ցուցակ կազմելը ամենաբարդ խնդիրն է լինելու ՀԱԿ-ի եւ ոչ միայն ՀԱԿ-ի համար, բոլոր կուսակցական միավորների, քանի որ բոլոր կուսակցությունները վերջին տասնամյակի ծնունդ են համարյա, ոմանք շատ ավելի վաղուցվա. նրանց մի մասը կառավարելով, ոմանք ընդդիմադիր բարիկադներից լավ հոգնեցրել են հասարակությանը, եւ բոլորը այդ հասարակության աչքին նորովի երեւալու խնդիր ունեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4