Վարչապետն անդրադարձավ 4 կարեւոր հարցերի
Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մի քանի կարեւոր հարցերի: Ըստ վարչապետիՙ փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով սկսվելու է իրազեկման արշավ, որպեսզի քաղաքացիներն իրազեկված լինեն, թե ինչպիսի ծառայություններ են նրանց մատուցվում եւ ինչպիսի փոփոխություններ են իրականացվում այդ ծառայությունների որակը բարձրացնելու համար: Իրազեկման արշավն իրականացվելու է Համաշխարհային բանկի օժանդակությամբ:
Երկրորդ հարցն առնչվում էր սոցիալական ոլորտին: Նշելով, որ աղքատության հաղթահարման կարեւորագույն գործոնը կրթության հասանելիությունն է, Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այսուհետեւ սոցիալական ծրագրերն ուղղված են լինելու առաջին հերթին անապահով խավերի համար կրթությունը հասանելի դարձնելուն:
Գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման նոր ծրագիրը վարչապետի մատնանշած երրորդ խնդիրն էր: Պետությունը, ըստ նրա, սուբսիդավորելու է դիզվառելիքը, որը գյուղացիներին հասանելի է լինելու շուկայականից ցածր` 350 դրամ գնով: Նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ցանքատարածություններն օգտագործվեն եւ ընդլայնվեն: «Դիզվառելիքի մատակարարման ընկերության ընտրություն ենք կատարել ելնելով հետեւյալ չափանիշներից. գնումների շրջանակային պայմանագրերի միջոցով մենք պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, եւ ունի դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ», ավելացրեց Տիգրան Սարգսյանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդում կառավարության առջեւ հարց էր բարձրացվել, որ անհրաժեշտ է գիտահետազոտական, կոնստրուկտորահետազոտական աշխատանքների վրա ծախսվող գումարների չափով նվազեցնել հարկվող շահույթը: «Այսօր մենք ընդառաջ ենք գնում մասնավոր հատվածի խնդրանքին եւ համապատասխան որոշում ենք կայացնելու», հաջորդ հարցի վերաբերյալ տեղեկացրեց վարչապետը:
Եվ վերջինը, որի մասին խոսեց Տիգրան Սարգսյանը, այն էր, որ պետությունը օգնելու է զինծառայողներին մասնագիտական կողմնորոշման հարցում, եւ եթե զինծառայողները ցանկություն ունենան շարունակելու իրենց ուսումը, պետությունը բանակից սկսած օժանդակելու է զինծառայողին: Բանակում հնարավորություն է ստեղծվելու, որ զինվորը պատրաստվի բուհ ընդունվելու, իր ուսումը տեխնիկական որեւէ ուսումնարանում շարունակելու կամ աշխատանքով մասնագիտություն ստանալու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ