«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ԵՐԿՈՒ ՀԱԿԱԴԻՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Էրդողանի կուսակցության պատգամավորներից մեկը դատապարտում է հայերի «Մեծ աղետը», իսկ մյուսըՙ ժխտում

Որքան էլ Թուրքիան հակադրվի հայկական օրինագծերին, հավասարակշռությունից դուրս գա, բախվելով դրանց ընդունման տարբեր փաստերին, նրա հակադրությունն, այնուամենայնիվ, նպաստում է, որ Հայոց ցեղասպանության հարցն աշխուժորեն վերարծարծվի թուրքական իրականության մեջ: Շնորհիվ վերարծարծման այդ հայցը տեւականորեն մնում է երկրի օրակարգում, որն էլ հայկական տաբուի վերածման նախադրյալներ է ստեղծում Թուրքիայում:

Հատկանշական է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վերարծարծումներին, ազնիվ մտավորականներին զուգընթաց, սկսում են մասնակցել թուրք քաղաքական գործիչները, որոնց թվումՙ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Իսմեթ Ուչման:

Նա դեռեւս հունվարի 6-ին, ինչպես վկայում է «Պրեսթուրք» կայքէջը, T-24 հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է. «Խղճի խայթ եմ զգում, տեսնելով, որ 1915-ին օսմանյան հայերի կրած Մեծ աղետի նկատմամբ անտարբերություն է դրսեւորվում եւ այդ փաստն ուրացվում է: Ես մերժում եմ այս անարդար վերաբերմունքը, եւ իմ անունից հայ եղբայրներիս վշտակցում ու ներողություն եմ խնդրում նրանցից»:

Այնուհետեւ նա ասել է. «Տեղի ունեցած իրադարձություններին այլ բնութագիր պետք է տանք, քան ցեղասպանությունը, քանի որ այս բառակապակցությունն արդեն շրջանառության մեջ է դրվել 1950-ից հետո, հետեւաբար 1915-ի իրադարձությունները ոչ թե ցեղասպանություն բնութագրվեն, այլ ցեղի տեղահանություն»: Ի դեպ, ողջ ցեղի, այսինքնՙ մի ամբողջ ժողովրդի տեղահանությունը որպես էթնիկ զտման դրսեւորում, ըստ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի պատժման եւ կանխարգելման կոնվենցիայի, նույնպես ցեղասպանություն է:

Այնուամենայնիվ, Ուչմային հակադրվել է այդ նույն «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Անկարայի պատգամավոր, պրոֆ. Սեյիդ Սերթչելիքը, իր իսկ հեղինակած «Հայկական հարցի ծագումն ըստ ռուսական եւ հայկական աղբյուրների» աշխատությամբ, որը լույս էր ընծայել Թուրքիայի ազգային մեծ ժողովի հրատարակչությունը:

Խնդիրն, ինչ խոսք, Հայոց ցեղասպանության հարցին միեւնույն կուսակցության երկու պատգամավորների ցուցաբերած հակադիր դիրքորոշումը չէ, ոչ էլ «ցեղասպանություն» հասկացությանը «ցեղի տեղահանություն» հասկացությամբ փոխարինելու Ուչմայի նկատառումը, այլՙ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի անդառնալիության հետզհետե գիտակցումը Թուրքիայի քաղաքական շրջանակներում եւ այդ գիտակցման աստիճանաբար խոստովանումը:

Սակայն, գիտակցումից բխող հետեւություններ անելու եւ դրան համապատասխան քայլեր կատարելու, այսինքնՙ ցեղասպանության փաստի հետ համակերպվելու միջոցով սեփական պատմությանն առերեսվելու նախապայմանը Թուրքիայում Աթաթուրքի տաբուի վերացումն է:

Քանի որ Քեմալ Աթաթուրքի զինակիցների ու մերձակա շրջապատի կազմում էին Առաջին աշխարհամարտի ավարտին Հայոց ցեղասպանությունը ծրագրելու, կազմակերպելու եւ իրագործելու մեղադրանքով Մալթա աքսորված մարդասպանները, ուստի երկում Աթաթուրքի տաբուի վերացման դեպքում կծագի Թուրքիայի Հանրապետության կազմավորման պատմությունը վերանայելու անհրաժեշտություն, իսկ վերանայման պարագայում կպարզվի, որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիրները, որպես հայ ժողովրդի դահիճներ, արյունարբու մարդասպաններ են:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4