«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունվարի 26-27-ը Բուդապեշտում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ոչ պաշտոնական խորհրդակցություն, որտեղ հերթական անգամ ադրբեջանական քարոզչությունը ընդհանուր մատուցելու փորձ է արվել: Խորհրդակցության ընդմիջմանը ցուցադրվել է ընթացիկ տարվա տարածաշրջանային համաժողովի հյուրընկալ երկրիՙ Ադրբեջանի մասին տեսանյութ:

Տեսանյութում հակահայկական նյութերի դեմ որպես բողոք Հայաստանի պատվիրակությունը լքել է խորհրդակցությունների դահլիճը: Միջոցառման կազմակերպիչները, ի դեմս Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Ֆերնանդա Գուերրիերիի, տեսանյութը որակել են ոչ պատշաճ եւ հավաստիացրել մասնակիցներին, որ նախօրոք դիտելու դեպքում թույլ չէին տա ցուցադրությունը: Գուերրիերին Ադրբեջանի պատվիրակից պարզաբանումներ է պահանջել, վերջինս հավաստիացրել է, թե ինքը եւս ծանոթ չի եղել տեսանյութի բովանդակությանը:

Ծանոթ ադրբեջանական սցենար է, երբ որեւէ տեղ մեկնող որեւէ ադրբեջանցու թեւի տակ դնում են քարոզչական նյութերն ու հրամայում կատարել այս, այս, այս քայլերը, ու տվյալ դեպքում անտեղյակությունը կարող է նաեւ իրականություն լինել: Այդուհանդերձ, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնականն անձամբ եւ կազմակերպության անունից ներողություն է խնդրել Երեւանի հետ խորհրդակցելուց հետո դահլիճ վերադարձած Հայաստանի պատվիրակությունից եւ վստահեցրել, որ կազմակերպության հանդիպումներում այլեւս նման միջադեպեր չեն կրկնվի: Գուերրիերին նաեւ շնորհակալություն եւ անկեղծ հիացմունք է հայտնել հայկական պատվիրակության եւ հայկական իշխանությունների կառուցողական մոտեցման համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4