Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի քարոզչական դաշտում: Բաքվի լրատվամիջոցներն սկսել են պսակազերծել տաբուները: Ոմն Ալեքսանդր Կրուլ, որ ներկայացել է իբր «նախկին բաքվեցի», vesti-az-ին պատմել է Ֆիզուլիի ուղղությամբ 1994 թ. փետրվարին ադրբեջանական բանակի ձեռնարկած հարձակողական ռազմագործողության որոշ մանրամասներ:
Դրան թերեւս անդրադառնալու իմաստ չլիներ, եթե «բարոն Մյունահաուզենը» երկու ուշագրավ մանրամասնություն չբացահայտեր: Առաջինը հենց ռազմագործողության հարձակողական բնույթի մասին նրա վկայությունն է: Պաշտոնական քարոզչությունը, մինչդեռ, մշտապես պնդել է, որ «հրադադարի մասին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները խախտել է հայկական կողմը»:
Ադրբեջանական բանակի նախկին հատուկջոկատայինը, սակայն, բացահայտում է, որ 1994 թ. իրենք Ֆիզուլիի ուղղությամբ հարձակողական ռազմագործողություն են սկսել: Սա վկայում է, որ պաշտոնական Բաքուն մինչեւ վերջին պահ ծրագրած է եղել «ռազմաճակատում արմատական բեկում մտցնել եւ իր կամքը թելադրել»:
Նախկին հատուկջոկատայինը վկայում է նաեւ, որ Ֆիզուլիի ուղղությունում ադրբեջանական կողմից ռազմագործողությանը ներգրավված են եղել աֆղան մոջահեդներ: Նա պատմում է, որ մոջահեդների հանդիպել է, երբ գտնվել է զինվորական հոսպիտալում: «Բարոն Մյունհաուզենի» ասելով, մոջահեդները փորձել են իր նկատմամբ` որպես ռուսի, հաշվեհարդար տեսնել, սակայն ինքը կարողացել է նրանց բացատրել, որ ոչ թե «հայերի կողմից կռված եւ գերված ռուս է, այլ պայքարում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» համար», որից հետո մոջահեդներն իրեն «հանգիստ են թողել»:
Ադրբեջանական լրատվամիջոցն այսպիսով խոստովանում է, որ պատերազմի տարիներին Բաքուն օգտագործել է վարձկաններ: Ընդ որում` թե՛ նախկին ԽՍՀՄ տարածքում, թե՛ Աֆղանստանում հավաքագրած պրոֆեսիոնալ մարդասպանների, որոնց ուղարկել է ռազմաճակատի առաջնագիծ` նպատակ ունենալով իր օգտին փոխել ուժերի հարաբերակցությունը:
Միջազգային օրենքներով, ինչպես գիտենք, վարձկանների հավաքագրումը դատապարտվում է: Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը, ի դեմս 1993 թ. նախագահ ընտրված Հեյդար Ալիեւի, ինչպես Ալեքսանդր Կրուլն է վկայում, խախտել է միջազգային իրավունքը, Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում օգտագործել ամենատարբեր ազգության վարձկանների:
Այստեղ հատկապես կարեւորվում է աֆղան մոջահեդների ներգրավվածությունը: Մի հանգամանք, որ անառարկելիորեն վկայում է Ադրբեջանի իշխանությունների եւ իսլամական ծայրահեղական խմբավորումների միջեւ սերտ համագործակցությունը: Բազմաթիվ վկայություններ կան, որ ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին գործուն մասնակցություն են ունեցել նաեւ չեչեն ահաբեկիչներ Բասաեւը եւ Ռադուեւը, ինչի դիմաց Ադրբեջանն իր տարածքը տրամադրել է այսպես կոչված «Իչկերայի հանրապետության իշխանություններին»` Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողությունների նպատակով:
Որեւէ արմատական փոփոխություն Ադրբեջանի կեցվածքում, ցավոք, տեղի չի ունեցել: Այդ երկիրը շարունակում է հատկապես իսլամական աշխարհում հակահայկական գործունեություն ծավալել: Դիտարժան է հատկապես Պակիստանի հետ Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հանգամանքը: Իսկ թե ինչ դերակատարություն ունի Պակիստանը իսլամական արմատականության օժանդակության գործում, գաղտնիք չէ:
Կարող ենք վստահաբար եզրահանգել, որ, ի հակակշիռ պաշտոնական դրսեւորման, Ադրբեջանն ըստ էության շարունակում է աջակցել իսլամական արմատականությանը: Դրա անուղղակի վկայություններից պիտի համարել նաեւ վերջերս Պակիստանում ազգությամբ ադրբեջանցի մոջահեդի զոհվելու փաստը, ինչպես նաեւ Բաքվում հավատարմագրված որոշ երկրների դեսպանատների աշխատակիցների նկատմամբ ահաբեկչական գործողությունների վտանգի մասին մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկությունները:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ