«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸՙ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

Բաքվի լրատվամիջոցները նոր հրահանգ են ստացել` տպավորություն ձեւավորել, թե Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներից «հայերը զանգվածաբար դասալքել են, Նժդեհի եւ Դրոյի ենթակայության տակ անցել, կազմավորել Հայկական լեգեոն, որը ֆաշիստական զորքերի կազմում կռվել է խորհրդային բանակի դեմ, մասնակցել հակապարտիզանական պատժիչ գործողություններին»:

Եվրոպայում իր գործունեության մասին Գարեգին Նժդեհը շատ անկեղծորեն պատմել է խորհրդային քննիչներին, դա բացատրել այն մտահոգությամբ, որ Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր, ինքը փորձել է գերմանական հրամանատարությանը համոզել, որ ռազմաճակատում հաջողության դեպքում Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ թշնամական վերաբերմունք չունենա: Այսքանը:

Բայց քանի որ հարեւան երկրում չեն դադարում խնդիրը շահարկելուց, ստորեւ մենք կներկայացնենք Ադրբեջանական լեգեոնի վերաբերյալ համացանցից քաղած տեղեկություններ, ինչպես նաեւ պատմական արժեք ունեցող լուսանկարներ:

Եվ այսպես. 1941 թ. նոյեմբերին Ադոլֆ Հիտլերը կարգադրել է կազմավորել Կովկասյան-մուսուլմանական լեգեոն, որը բաղկացած էր ադրբեջանցիներից եւ դաղստանցիներից: Հաջորդ տարվա ապրիլի 15-ին նա անձամբ թույլատրել է լեգեոնն օգտագործել պարտիզանների դեմ պայքարում` որպես «իրավահավասար դաշնակից»: Նույն օրը, հաշվի առնելով ադրբեջանցիների թվաքանակի աճը, լեգեոնը վերանվանվել է Ադրբեջանական եւ իր կազմում ունեցել 40 000 ադրբեջանցի զինվոր:

Լեգեոնը ձեւավորվել է այսպես կոչված «ադրբեջանական կառավարության» գործուն մասնակցությամբ: Զինվորների հավաքագրման եւ ֆաշիստական հրամանատարության հետ կապերի հաստատման գործը կազմակերպել են Խալիլ Խասմամեդովը, Մամեդ Էմին Ռասուլզադեն, Շաֆի Ռուստամբեյլին, Նաբի Շեյխզամանլին, Ֆուադ Էմիրջանը եւ ուրիշներ: Տպագրվել է «Ադրբեջան» պաշտոնաթերթը, որի խմբագիրը Կարմիր բանակի նախկին մայոր Մաջիդ Կարսանլին էր: Լեգեոնի կազմավորման կենտրոնակայան են եղել լեհական Ելդին եւ ուկրաինական Պրիլուկի քաղաքները:

Ուսումնասիրող Իսմայիլ Աքպերը «Ադրբեջանցի լեգեոնականներն անկախության համար պայքարում» գրքում վկայել է, որ 1944 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանական լեգեոնն ունեցել է 38 598 զինվոր: Մի քանի հազար ադրբեջանցիներ էլ խորհրդային եւ դաշնակից երկրների զորքերի, եվրոպական դիմադրական շարժման մարտիկների դեմ կռվել են Ուկրաինական լեգիոնի, Ռուսական ազատագրական բանակի, ինչպես նաեւ ՍՍ-ի ստորաբաժանումների կազմում:

Ուշագրավ է, որ համացանցային անխտիր բոլոր տեղեկատուները մեջբերում են Ադոլֆ Հիտլերի հետեւյալ կարծիքը. «Ես չգիտեմ, թե իրենց ինչպես կդրսեւորեն այդ վրացիները: Նրանք թուրքական ժողովուրդ չեն, ես վստահելի եմ համարում միայն մուսուլմաններին: Մյուս բոլորին ես անվստահելի եմ համարում: Այս պահին ես ռիսկային եմ համարում կովկասյան գումարտակների կազմավորումն այն դեպքում, երբ որեւէ վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական կազմավորումներ ստեղծելու մեջ: Չնայած Ռոզենբերգի եւ զինվորականների հայտարարություններին, ես նաեւ չեմ վստահում հայերին»:

Մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ ադրբեջանական ժողովուրդը ֆաշիզմի գործակալն էր: Ռազմագերիները, թերեւս, այլ ընտրություն չեն ունեցել: Եվ այդ ողբերգությունն ապրել են, ինչպես տեսնում ենք, ե՛ւ ռուսները, ե՛ւ ուկրաինացիները, ե՛ւ վրացիներն ու հայերը, ե՛ւ ադրբեջանցիներն ու միջինասիական ժողովուրդները: Իմաստ չունի դրանում զուտ «ազգային հակում» տեսնել: Պատմությունն իր դատավճիռը կայացրել է, խորհրդային ռազմագերիները ենթարկվել են կրկնակի բռնության, աքսորվել Սիբիր:

Բայց երբ այսօրվա Ադրբեջանում ճգնում են հայերին ներկայացնել «ֆաշիստական գործակալի», «հայրենիքի դավաճանի» պիտակով, ստիպված ենք հակադարձել: Նաեւ` Ադոլֆ Հիտլերից մեջբերելով, ինչից պարզ է դառնում, թե ում էր վստահում նա: Այստեղ, թվում է, առարկություն չի կարող լինել:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Նկար 2. Ադրբեջանական լեգեոնի զինանշանը

Նկար 3. Ադրբեջանական լեգեոնականները` ֆրանսիացի պարտիզաններից ավար վերցրած դրոշով:

Նկար 4. Լեգեոնականներին ոգեւորում է ադրբեջանցի հոգեւորականը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4