Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի խմբագիր Նազիմ Սաբիրօղլուն «Մեդիա ֆորում» կայքում հայտարարել է, որ այսօր իրենց պարբերականը լույս չի տեսնի. «Փետրվարի 2-ին Բաքվում վատթարացել են եղանակային պայմանները, որի հետեւանքով մեր շատ աշխատակիցներ չեն կարողացել գալ աշխատանքի: Մյուս կողմիցՙ լրատվական գործակալություններում լրատվության ճգնաժամ է: Այս ամենը հաշվի առնելովՙ մենք ստիպված ենք մեկ օրով դադարեցնել թերթի հրապարակումը», ասել է Սաբիրօղլուն: «Կրկին եղանակային պայմաններից ելնելով»ՙ փետրվարի 2-ին որոշել են չաշխատել նաեւ «Ազադլիգ» պարբերականում: Նույն «Մեդիա ֆորում» կայքին «Ազադլիգ»-ի խմբագիր Ռովշան Հաջիբեյլին հայտնել է, որ իրենց թերթը նույնպես այսօր չի հայտնվի կրպակներում: Ադրբեջանական Vesti.az-ը տեղեկացնում է, որ այսօր չեն հրատարակվի նաեւ ռուսալեզու «Էխո», «Զերկալո», եւ «Կասպի» պարբերականները: «ԱՊԱ գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ այսօր լույս չեն տեսնի «525-թերթ», «Բիզիմ յոլ» «Էքսպրես», եւ «Ադալեթ» թերթերը:
Այս օրերին Ադրբեջանում եղանակային պայմանները իրոք անբարենպաստ են, մասնավորապես «տարածաշրջանի ամենազարգացած ենթակառուցվածքներն ունեցող տնտեսությամբ» երկրում տեղացած առատ ձյան հետեւանքով կաթվածահար է եղել տրանսպորտը: Հետեւաբար ադրբեջանական թերթերի այս «գործադուլի» հրապարակված պատճառը ճշմարտամոտ է, ուրիշ հարց, որ այդ պատճառը հերքում է «ամենահզոր տնտեսության» պաշտոնական թեզը: Այդուհանդերձ կա մի խիստ ուշագրավ հանգամանք. այսօր չհրապարակվող բոլոր թերթերը, «Ենի Մուսավաթը», «Զերկալո»-ն, «Էխո»-ն եւ ուրիշներըՙ ընդդիմադիր թերթեր են: Եղանակային պայմանները չեն խոչընդոտել «Ազարբայջան» թերթի կամ Day.az-քարոզչամեքենայի աշխատակիցներին` հասնելու աշխատավայր: Հետեւաբար այստեղ եղանակային պայմանները քիչ էական են: Գուցե ադրբեջանական ընդդիմադիր թերթերը խիստ վրդովվել են ամերիկյան ազդեցիկ «Վաշիգտոն փոստ»-ից, որը երեկվա համարում հոդված էր հրապարակել հետեւյալ ընդհանուր իմաստով` «Եթե Ադրբեջանը չի ուզում մնալ սպառնալիքների տակ, պետք է նմանվի Լեռնային Ղարաբաղին, որը, չնայած շրջապատված լինելով տոտալիտար հարեւանով, ազատ ժողովրդավարություն է կառուցում»: Երեւի ադրբեջանցի մեր գործընկերները նույնպես գիտեն նման տեղեկություններ, սակայն պարզապես հնարավորություն չունեն արտահայտվելու, ու Բաքվում ձյունն էլ շատ տեղին եկավ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ